good-banner
Լրահոս

Դա տեղի կունենա կրիտիկական պահին

 

ԲՀԿ նախագահ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հայտարարել է, թե իր պատիվը չի վաճառի եւ կոալիցիա չի կազմի Հանրապետականի հետ:Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմակիցները նախընտրական շրջանում արդեն մի քանի անգամ հավաստիացնում են, որ չեն կազմի կոալիցիա իշխանության հետ եւ գնում են խորհրդարանում մեծամասնություն վերցնելու:

Այդ հայտարարությունները թելադրում է առնվազն նախընտրական տրամաբանությունը, քանի որ որեւէ ուժ չի հայտարարի, թե ինքը կոալիցիա կկազմի ՀՀԿ հետ: Իհարկե, դրան հնարավոր է հակադարձել, թե դա չեն հայտարարի, բայց կարող են նաեւ չհայտարարել, թե չեն կազմի կոալիցիա:Իրականում, այդօրինակ «չափումները» արհեստական եւ, իսկ որոշ առումներով էլ՝ նույնիսկ մանիպուլյատիվ: Ի վերջո, եթե որեւէ ուժ ընտրությանը հայտարարում է, թե չի կազմի կոալիցիա ՀՀԿ հետ, իսկ հետո գնա կազմելու, հասարակությունը չի «գլխատելու» տվյալ ուժին:

Ի վերջո կա ՕԵԿ կամ Հայկական վերածննդի «դասական» օրինակը, որից հետո կուսակցությունը շարունակում է մնալ կամ լինել Հայաստանի ամենակենսունակ եւ մրցունակ քաղաքական ուժերից մեկը: Ընդ որում, դա ամենավառ եւ խոսուն, բայց ոչ միակ օրինակն է:Ի վերջո, պակաս խոսուն չէ անգամ հենց Ծառուկյանի օրինակը՝ 2015-ի հեռանալու եւ այժմ վերադառնալու, որի պարագայում սակայն նա եւս շարունակում է լինել ժողովրդի սիրելին ու փրկիչը, որքան էլ քաղաքացիական շերտերը տարբեր որակումների եւ գնահատականի արժանացնեն այդ երեւույթը:Ըստ այդմ, կոալիցիայի մասին հայտարարությունները կամ չհայտարարությունները եւ դրանց խաղարկումը կամ մոլորություն է, կամ էլ որեւէ նպատակ հետապնդող մանիպուլյացիա, մեղմ դեպքում քաղաքական հաշվարկ:

Ընդ որում, նույն երեւույթը բավական մեծ թափ էր հավաքել 2012 թվականի խորհրդարանի ընտրությանը, իսկ ընտրությունից հետո հայկական մամուլը գրեթե միաբերան պնդում էր, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ստիպում է կնքել կոալիցիոն հուշագիր եւ ուր որ է այն կստորագրվի: Նույնիսկ նշվում էր ժամկետ՝ մինչեւ մայիսի 25:Եզակի էին մարդիկ, այդ թվում տողերիս հեղինակը, որոնք 2012 թվականի ընտրությունից հետո հայտնում էին հակառակ կարծիք՝ որ չի լինի կոալիցիա, ԲՀԿ-ն չի գնա ՀՀԿ հետ կոալիցիայի, եւ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին դա չի էլ փորձի պարտադրել:Այն, որ ԲՀԿ-ն 2012 թվականի խորհրդարանում պատրաստվում էր հանդես գալ ընդդիմադիր հռետորաբանությամբ, վկայում էր կուսակցության համամասնական ցուցակը, ինչի մասին դեռեւս ընտրությունից առաջ արտահայտվել էի Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ ծրագրում: Կարծիքը, որ ԲՀԿ-ն չի կազմելու կոալիցիա եւ որ Սերժ Սարգսյանը չի էլ պարտադրի այդպիսի քայլ, հայտնել եմ արդեն ընտրությունից հետո նույն ռադիոկայանի ռեպորտաժներից մեկում:

Ինչու՞, որն էր հիմնավորումը: Հայաստանում 2007 թվականից սկսել է հասունանալ նոր քաղաքական իրավիճակ, պայմանավորված ներքին ու արտաքին մի շարք կարեւոր տնտեսական, քաղաքական, եւ որպես հետեւանք կամ ազդեցություն՝ նաեւ հոգեբանական եւ աշխարհայացքային գործոններով: Այդ  նոր իրավիճակում Սերժ Սարգսյանի համար ԲՀԿ արժեքը ընդդիմություն լինելն էր, եթե նա ուներ ազդեցություն այդ ուժի վրա:Որովհետեւ, այդ ազդեցությունը Սարգսյանի համար առավել բարձր ՕԳԳ կունենար ԲՀԿ ընդդիմադիր դիրքում, քան իշխող կոալիցիայում:

ԲՀԿ-ն տեւական ժամանակ կատարել է իշխանության ու հանրության միջեւ «շանթարգելի», իշխանության համար անվտանգության բարձիկի դեր: Այդ դերը անհնար կլիներ, եթե ԲՀԿ-ին պարտադրվեր կոալիցիա:Դե, իսկ եթե Սերժ Սարգսյանը չուներ ազդեցություն ԲՀԿ վրա, ապա կոալիցիա պարտադրել չէր լինի այսպես թե այնպես:Այդ իրավիճակը խոշոր հաշվով իր տրամաբանությամբ ոչ միայն չի փոխվել, այլ էլ ավելի են ամրացել ու խորացել այդ ամենի մոտիվացիոն հիմքերը, առաջացել նորերը՝ թե ներսում, թե դրսում:Ըստ այդմ, եթե ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը շարունակում է ԲՀԿ-ն կամ Ծառուկյանին պահել իր վճռորոշ ազդեցության գոտում, ապա այդ ազդեցությունը բանեցնելը շատ ավելի էֆեկտիվ կլինի, եթե ԲՀԿ-ն լինի այսպես ասած ընդդիմադիր դաշտում, շարունակելով «արտակարգ» իրավիճակներում կատարել իր բուֆերի կամ անվտանգության բարձիկի դերը:Ընդ որում, ազդեցություն ասվածն ամենեւին նույնական չէ ամենօրյա, ամենժամյա ռեժիմով թելադրանքին կամ ցուցումներին:Խնդիրը «կրիտիկական պահերին» կառավարելիության ռեժիմի մասին է, որը Սերժ Սարգսյանը ԲՀԿ հանդեպ կարծես թե ունի:

Ընթացիկ առումով ԲՀԿ-ն կամ Ծառուկյանը հենց այն դաշտում են, որտեղ արդեն իսկ իրենց իսկ շահից բխելով կատարում են քայլեր ու գործողություններ, որոնք այսպես թե այնպես համընկնելու են Սերժ Սարգսյանի ռազմավարական շահին:Ի վերջո, եթե խնդիրը հանգում է «մեկ էլ հանկարծի» կամ «երբեք մի ասա երբեք»-ի տրամաբանությանը, ապա այդ դեպքում արդեն տվյալ տրամաբանությունը կգործի նույնիսկ կոալիցիայի, եւ անգամ նույնիսկ միեւնույն կուսակցություն լինելու դեպքում:Ավելին, այդ իրավիճակում «կոալիցիաների» մասին չկայացող կանխատեսումներն ընդամենը ամրացնում են իշխող համակարգում ձեւավորված երկսայրի խաղի տրամաբանությունն ու մեծացնում էֆեկտիվությունը:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing