Լրահոս

Դարձ ի շրջանս «դրայվ»

 

Безымянный

hayeli.am — Հայկական մեդիա դաշտում ակտիվացել են առաջիկա նոր պաշտոնանկությունների ու իշխանական վերադասավորումների մասին տեղեկությունները: Մասնավորապես Hayeli.am-ն արդեն տեղեկություն է հրապարակել, որ վերադառնում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Սերժ Սարգսյանն առաջիկայում նախաձեռնելու է մեծ կադրային փոփոխություններ, և դրանց համատեքստում Երևանի նախկին քաղաքապետը կստանա նոր բարձր պաշտոն: Թե ինչ պաշտոնի մասին է խոսքը, առայժմ չի կոնկրետացվում, սակայն Կարեն Կարապետյանի դեպքում դա կարող է լինել բավական բարձր պաշտոն, օրինակ՝ վարչապետի պորտֆելը: Ավելի ցածր պաշտոնի դեպքում նա հազիվ թե համաձայնվի Մոսկվայից վերադառնալ:
Ժամանակին Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում փոխարինեց Գագիկ Բեգլարյանին: Կարապետյանն այդ ժամանակ զբաղեցնում էր Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակի 5-րդ հորիզոնականը: Ըստ էության Դոմինգոյի սկանդալային համերգից հետո պաշտոնանկ արված Բեգլարյանին պետք է փոխարիներ ավագանու երկրորդ համարն զբաղեցնող Տարոն Մարգարյանը, սակայն այն ժամանակ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ Կարապետյանի վրա: Սակայն Երևանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը շատ կարճ ժամանակով մնաց: Նա բավականին անսպասելի հրաժարական տվեց ու մեկնեց Մոսկվա և այնտեղ նշանակվեց «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` ռազմավարական զարգացման հարցերով:
«Գազպրոմ Մեժրեգիոնգազ»-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի իրացմամբ: Թեպետ ինքը՝ Կարեն Կարապետյանը, իր հեռացումը հիմնավորեց անձնական պատճառներով, սակայն մամուլում հրապարակումներ եղան, թե իրականում նրան հեռացրել են: Քաղաքապետի պաշտոնանկության հետ կապված կային տարբեր վարկածներ: Թե որն է իրական պատճառը, որը ստիպեց Կարեն Կարապետյանին Հայաստանի կարևորությամբ 4-րդ կամ 5-րդ պաշտոնը լքել ու գնալ Մոսկվայում ինչ-որ առևտրային ընկերության փոխտնօրեն դառնալ, դժվար է միանշանակ ասել: Սակայն փաստը, որ մեր մայրաքաղաքի կառավարումը ստորադասվել է «Գազպրոմ Մեժրեգիոնգազ»ի փոխտնօրենի պաշտոնից, արդեն իսկ վիրավորական է երկրի ու քաղաքի համար: Սա խոսում է պետական մտածողության բավականին ցածր աստիճանի մասին:
Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելն ամեն դեպքում ստվեր է Կարեն Կարապետյանի կենսագրության մեջ: Այս տեսանկյունից նա կարող է լինել միջանկյալ վարչապետ, ով 2017-ի ընտրություններից կամ ամենաշատը 2018-ից հետո, երբ կսպառվի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, կրկին կվերադառնա Մոսկվա: Իսկ վարչապետի պաշտոնը, որն այդ ժամանակ, ըստ նոր սահմանադրության, լինելու է երկրի թիվ մեկ պորտֆելը, կփոխանցնի իշխանության իրական ժառանգորդին, որը կարող է լինել կա՛մ անձամբ Սերժ Սարգսյանը, կա՛մ էլ նրա մերձավոր ժառանգորդը:
Hayeli.am-ը նաև տեղեկություն էր հրապարակել, որ նոր պաշտոն է ստանալու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ նա կդառնա ԱԳ նախարար, իսկ ներկա նախարար Էդուարդ Նալբանդյանը կրկին դեսպան կնշանակվի:
Այս կարգի խոշորամասշտաբ փոփոխությունները 2017-ի խորհրդարանական ընտրություններից ընդառաջ թերևս անհրաժեշտ են՝ բարեփոխումների իմիտացիա ստեղծելու և հանրային ապատիան կոտրելու նպատակով: Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ վերարտադրվելու ռեսուրսն այլևս սպառված է, և իրենց այս անգամ կարող է փրկել միայն հրաշքը: Վերընտրվելու հրաշքը հավանաբար վերին օղակներում կապում են խոշոր զոհաբերությունների հետ: Փորձը ցույց է տալիս, որ վարչապետները մեր իրականության մեջ ամենասպասված քավության նոխազն են: Ու թեպետ վարչապետների փոփոխությամբ մեր կյանքն առանձնապես չի փոխվում, բայց այդ փոփոխությունները, որպես կանոն, շատ լավ սպասումներ են ձևավորում: Ընտրությունից հետո այդ կարգի սպասումների ձևավորումը կարող է դոպինգի էֆեկտ ունենալ: Դրա համար Երևանի նախկին դրայվոտ քաղաքապետը լավ մտածված տարբերակ է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing