Լրահոս

Դարի կողոպուտը. Ծաղր Սերժ Սարգսյանի ու իրավապահների հասցեին

 

Մինչ Սերժ Սարգսյանը այսօր Քննչական կոմիտեում քննիչներին բացատրում էր, թե ինչպես պետք է աշխատել, այդ թվում անդրադառնալով Երեւանի կենտրոնում ու մարզերում վերջին շրջանի աղմկոտ քրեական իրադարձություններին, ճակատագրի հեգնանքով Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել «դարի կողոպուտը». Անհայտ անձը հարձակվել է Կոնվերս բանկի Սայաթ Նովա մասնաճյուղի կառավարչի վրա ու հափշտակել 95,7 մլն դրամ:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը խոսում էր նաեւ միջգերատեսչական խնդիրներից, քննիչներին հորդորելով չանտեսել դատախազների պահանջները, կամ հանցագործությունների բացահայտումը չթողնել միայն ոստիկանության վրա: Այս հորդորներն ուշագրավ են այն համատեքստում, որ Հայաստանի իրավապահներն ըստ էության կատարում են ոչ թե Սահմանադրությամբ նախատեսված իրենց պարտականությունները, այլ իշխող ռեժիմի անխափան ու անվտանգ կենսագործունեությունը:

Եթե կան միջգերատեսչական խնդիրներ, նշանակում է կան նաեւ արտահոսքեր ու շահերի բախում, որոնց հետեւում նաեւ ներիշխանական որոշակի խմբավորումներ են: Իսկ դա էլ ակամա նշանակում է քրեածին իրավիճակի որոշակի «թափանցիկություն», ինչը մահացու է իշխող ռեժիմի համար:Այս համատեքստում Սերժ Սարգսյանի հորդորները ավելի շատ զգուշացում են քննչականին՝ չշեղվել համակարգի տրամաբանությունից եւ պատճառ չդառնալ «թափանցիկության»:

Իսկ սա նշանակում է, որ քրեածին իրավիճակը երկրորդական խնդիր է, եթե չի առնչվում համակարգի խնդիրներին, կամ ավելի ճիշտ՝ բարձրագույն իշխանության ծրագրերին: Եվ խիստ խորհրդանշական է, որ այս հորդորների ֆոնին տեղի է ունենում բացահայտ, առանց դիմակի հարձակում ու կողոպուտ օրը ցերեկով:

Հայաստանում քրեածին իրավիճակի բնույթը փոխվում է, ավելի ճիշտ, ինչպես ենթադրել էինք ավելի վաղ՝ փոխվում է «որակը», իրավական ամենաթողության ու անգործության պայմաններում, անցնելով լիովին այլ մակարդակ: Եթե խոշոր կողոպուտի մենաշնորհը նախկինում միայն քրեա-օլիգարխիկ համակարգինն էր, ապա ներկայում այդ մենաշնորհը կարծես թե կոտրվում է: Ավելին, կարծես թե հարձակումներ են սկսվում նաեւ համակարգային օղակների դեմ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am