Դաշնակցային հարաբերությունները շարունակվելու են

37

armtimes.com — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի երկօրյա այցով գտնվում էր Մոսկվայում: Նախարարի մոսկովյան այցը եւ դրա շրջանակներում տեղի ունեցած հանդիպումները ՌԴ Դաշնային ժողովի պատգամավորների եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում մնացին ստվերում: Պատճառները ՀՀ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի նախագծի երկարատեւ քննարկումն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական ուղիղ եթերը, որի ընթացքում ՌԴ ղեկավարը ուղղակիորեն է շփվում քաղաքացիների հետ:

Ինչեւէ, հանդիպումների ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ հայաստանյան վերջին քաղաքական զարգացումների հետեւանքով տեղի ունեցած բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում եւ կրում են ներհայաստանյան բնույթ։ Ընդգծվել է, որ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են եւ բանական:

Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը հիշել է ՄԳԻՄՕ-ում անցկացրած տարիները՝ նշելով, որ ուսանողական տարիներն ամենահրաշալիներից էին իր կյանքում։ Օրակարգային հարցերի շուրջ նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Լավրովի պատասխաններից երեքը յուրահատուկ կարեւորություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների նոր շրջանում:

Լավրովը անդրադարձել է ռուսաստանցի որոշ փորձագետների կողմից՝ հայաստանյան իրադարձությունները որպես հայ-ռուսական հարաբերություններին վտանգ սպառնացող երեւույթ ներկայացնելու փորձերին: Դրանց վերաբերյալ Լավրովը նշել է, որ, անկախ փորձագետների կարծիքներից, պաշտոնական Մոսկվան հիմք է ընդունում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը:

«Մենք, որպես արտաքին քաղաքականությամբ զբաղվող ռուսաստանյան գերատեսչության ներկայացուցիչներ, մեր դաշնակիցների եւ ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում՝ անկախ փորձագետների վերլուծություններից, ելնում ենք տվյալ դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարած պաշտոնական դիրքորոշումից, որը այսօր պաշտոնապես հաստատեց Զոհրաբ Մնացականյանը՝ որպես ՀՀ արտաքին գործերի նախարար», — ասել է Լավրովը՝ հավաստիացնելով, որ գործընկերոջ հետ զրույցը անցել է դաշնակիցներին եւ ռազմավարական գործընկերներին վայել մթնոլորտում:

Հայ-ռուսական հարաբերությունների խորության մասին հարցին ի պատասխան Լավրովը որպես օրինակ բերեց Հայաստանում ապրող ռուսների եւ Ռուսաստանում ապրող հայերի ինքնագիտակցման մակարդակը:

«Մենք միշտ հետաքրքրվում ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները ապրում Հայաստանում. նրանք ապրում են հարմարավետ եւ ազատ: Նույնը զգում է Ռուսաստանի հայկական սփյուռքը»,- ասել է Լավրովը:

Այս առումով, թերեւս, տեղին է հիշել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ռոսիա 24-ին տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա հայտնում է, որ բավարարված չէ Ռուսաստանում հայերի ներկայացվածությամբ: Նախագահի խոսքը որոշակի հակասության մեջ է մտնում Լավրովի հայտարարության հետ:

«Մեր մշակութային եւ կրթական ներկայացվածությունն ինձ չի բավարարում: Ես շատ եմ ճանապարհորդում Ռուսաստանում, համայնքը հսկայական է, բայց ներկայության որակ չկա»,- ասել էր Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերվում է Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն, Լավրովը նշել է, որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի որոշելու հարցն է:

«Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Մենք միշտ եղել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով խնդրի լուծման կողմնակից: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձեւաչափն է եւ որպես համանախագահող մենք հետաքրքրված ենք ու շահագրգռված ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան Երեւանին ու Բաքվին գալ համաձայնության: Եթե որեւէ փուլում կողմերը համաձայնության գան, որ Արցախը պետք է նորից ներկայացված լինի բանակցային գործընթացում, մենք կհարգենք այդ որոշումը»,- ասել է նա:

Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու իրավական հիմքերի մասին հունիսի 7-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի նախագիծը ներկայացնելիս խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացին, փոխարենն ունի իր իշխանությունը՝ իր Ազգային ժողովը, կառավարությունն ու նախագահը եւ նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական եւ լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Վերադառնալով Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան այցին, հարկ է նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հանդիպումները նախ եւ առաջ, ճանաչողական բնույթ էին կրում՝ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին խոսք չկար: Այդուհանդերձ, դրանք կարեւոր էին հայ-ռուսական հարաբերություններում առաջնահերթությունները նախանշելու տեսանկյունից: Դրանք նաեւ կոչված էին հերթական անգամ հավաստիացնելու, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոփոխության չի ենթարկվել, ինչի մասին փաստեց նաեւ Լավրովը: Հետագա հարաբերությունները շարունակվելու են դաշնակցային մթնոլորտում:

Վլադիմիր Մարտիրոսյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache