LifeStyle Առողջություն

Դաշտանադադարի հիմնական 10 ախտանշանները

 

Սովորաբար 45 տարեկանից հետո կանայք ավելի ու ավելի շատ խնդիրներ են նկատում՝ կապված իրենց արտաքինի ու առողջության հետ: Նրանց ավելի հաճախ է անհանգստացնում անտարբերությունը, տագնապի զգացումն ու դյուրագրգիռությունը: Բացի այդ, ի հայտ են գալիս մակընթացությունները, դաշտանային ցիկլի խանգարումներն ու առատ քրտնարտադրությունը:

 

Դաշտանադադարը բնական փուլ է բոլոր կանանց կյանքում: Սա այն ժամանակահատվածն է, երբ կնոջ օրգանիզմը դադարում է կատարել վերարտադրողական գործառույթը: Ընդ որում՝ ոմանց մոտ այդ շրջանը շուտ է սկսվում, իսկ ոմանց մոտ բավական ուշ (միջինում՝ 45 տարեկանում):

 

Ցավոք՝ հորմոնալ տատանումներն անմիջականորեն ազդում են կնոջ ինքնազգացողության վրա դաշտանադադարի ախտանշանների տեսքով: Սակայն հարկ է հիշել, որ գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ախտանշանները կարող են նման լինել դաշտանադադարի ախտանշաններին, ուստի հարկավոր է ժամանակի բուժզննում անցնել՝ լուրջ խնդիրներից խուսափելու համար:

 

Դաշտանադադարի հիմնական ախտանշանը արյան ու մեզի մեջ ֆոլիկուլախթանիչ հորմոնի կայուն բարձր մակարդակն է, օրգանիզմի վիճակը վերահսկելու համար խորհուրդ է տրվում տարվա մեջ երկու անգամ գինեկոլոգիական զննում անցնել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան անալիզ հանձնել:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դաշտանադադարի հիմնական ախտանշանները.

 

1.      Անկանոն դաշտանային ցիկլ

 

Ձվարանների հորմոնալ գործառույթն աստիճանաբար թուլանում է, ինչի հետևանքով դաշտանային ցիկլը խանգարվում է, կրճատվում է դաշտանի տևողությունը, իսկ դաշտանների միջև դադարի տևողությունը կարող է հասնել 40-90 օրվա:

 

2.      Մակընթացություններ

 

Այս խնդրին բախվում է կանանց մոտ 80%-ը: Մակընթացությունները բնորոշվում են դեմքի, պարանոցի, կրծքի և ձեռքերի հատվածում ջերմության զգացողությամբ, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, առատ քրտնարտադրությամբ ու թթվածնի պակասի զգացողությամբ: Բացի այդ, մաշկն այդ ընթացքում կարող է կարմրել կամ պատվել կարմիր բծերով: Հաճախ այս ամենի հետ մեկտեղ ի հայտ է գալիս նաև գլխապտույտ, սրտխառնոց ու տախիկարդիա: Մակընթացությունները կարող են ի հայտ գալ օրական մինչև 30 անգամ և տևել 30 վայրկյանից մինչև 3 րոպե:

 

3.      Գիշերային հիպերհիդրոզ

 

Մակընթացությունների դրսևորումներից մեկը գիշերային առատ քրտնարտադրությունն է: Էստրոգենի դեֆիցիտի պատճառով  գլխուղեղն օրգանիզմի գերտաքացման մասին կեղծ հրահանգ է ստանում և փորձում է ազատվել ավելորդ ջերմությունից, ինչի հետևանքով էլ ուժեղանում է քրտնարտադրությունը:

 

4.      Անքնություն

 

Սա պայմանավորված է պրոգեստերոն հորմոնի մակարդակի նվազմամբ, որն օժտված է նյարդերը հանգստացնող ու քունը կարգավորող հատկությամբ:

 

5.      Գլխացավեր

 

Գլխացավերը կարող են պայմանավորված լինել ինչպես արյունատար անոթների տոնուսի փոփոխությամբ, այնպես էլ մակընթացությունների, անքնության ու սթրեսի հետևանքով առաջացող թուլությամբ:

 

6.      Տրամադրության տատանումներ

 

Հորմոնալ ֆոնի փոփոխությունների հետևանքով խանգարվում է հոգեհուզական վիճակը: Կինն այս դեպքում հաճախ լաց է լինում, դառնում է դյուրագրգիռ, ագրեսիվ և անհանգիստ:

 

7.      Օստեոպորոզ

 

Յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ դաշտանադադարն ուղեկցվում է կալցիումի փոխանակման խանգարմամբ, ինչի հետևանքով նվազում է ոսկրային զանգվածը, իսկ ոսկորները դառնում են ավելի փխրուն: Հետագայում այս ամենը կարող է հանգեցնել կազմվածքի ձևախախտման, իսկ կոտրվածքների հավանականությունը կարող է զգալիորեն աճել:

 

8.      Հեշտոցի չորություն

 

Ժամանակի ընթացքում նյութափոխանակության գործընթացները դանդաղում են, իսկ հյուսվածքները կորցնում են իրենց առաձգականությունն ու խոնավությունը: Նման փոփոխությունների հանդեպ առանձնահատուկ զգայուն են սեռական օրգանները, ուստի միզուղիների ու հեշտոցի լորձաթաղանթները կորցնում են իրենց առաձգականությունն ու կարող են շատ հեշտ վնասվել: Բացի այդ, կտրուկ նվազում է հեշտոցային քսուքի քանակությունը, ինչի հետևանքով սեռական ակտը կարող է ցավոտ լինել, հեշտոցի պատերը կարող են թուլանալ, պատվել ճաքերով, իսկ փոքր կոնքի օրգանների իջեցման կամ արտանկման հավանականությունը կարող է աճել: Մինչև 45 տարեկան կանանց շրջանում այս ախտանշանները ծանոթ են կանանց միայն 15-30 %-ին, իսկ 50 տարեկանից հետո՝ 40%-ին:

 

9.      Անմիզապահություն

 

Կանանց հորմոնների դեֆիցիտը կարող է հանգեցնել կոնքի մկանների թուլացման, որոնք պատասխանատու են միզապարկի աշխատանքի կարգավորման համար: Այս ամենի պատճառով կարող է ի հայտ գալ այնպիսի տհաճ խնդիր, ինչպիսին անմիզապահությունն է:

 

10.  Քաշի ավելացում

 

Քաշի ավելացումը պայմանավորված է լինում տղամարդկանց հորմոնների մակարդակի բարձրացմամբ, որը 45 տարեկանից հետո աստիճանաբար է նվազում: Ընդ որում՝ ճարպաշերտերը կուտակվում են հիմնականում գոտկատեղի ու որովայնի հատվածում, իսկ ձեռքերը, ոտքերն ու ազդրերը գրեթե չեն փոխվում:

 

Հարկ է հիշել, որ դաշտանադադարի ժամանակ հաճախ խանգարվում է նյութափոխանակությունը, ինչը կարող է դառնալ բազմաթիվ խնդիրների, այդ թվում նաև շաքարային դիաբետի, առաջացման պատճառ: Բացի այդ, տարիքի ընթացքում մկանային զանգվածը նվազում է և ավելանում են ճարպաշերտերը, ուստի կազմվածքի պահպանման համար հարկավոր է կարգավորել սննդակարգը, հրաժորվել վատ սովորություններից  ու լինել ֆիզիկապես ակտիվ:

 

Նաև խորհուրդ է տվում անցնել հորմոնային փոխարինիչ թերապիա և չմոռանալ ժամակին բուժզննում անցնելու մասին: Հարկ է հիշել, որ դաշտանադադարի ժամանակ անհրաժեշտ է մշտապես վերահսկել օրգանիզմում շաքարի ու խոլեստերինի մակարդակները, ինչպես նաև զարկերակային ճնշումը:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing