Լրահոս

Դատ` 260 դրամի համար…

 

2016թ. հոկտեմբերի 7-ին Իջեւան քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Օհանյանը Իջեւանում փայտ վաճառելու պատրվակով մտել է 69 տարեկան Սուսան Վարդապետյանի տուն, ծեծել ծեր կնոջը, նրա կոկորդը բռնելով՝ սպանության սպառնալիքներ տվել, պահանջել իրեն տալ գումար եւ հեռախոս: Դրանից հետո երիտասարդը ստուգել է կնոջ գրպանները եւ բաճկոնի գրպանից գտնելով ընդամենը 260 դրամ՝ փախուստի է դիմել: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ ձերբակալել են նրան: 2012թ. Վ. Օհանյանը Իջեւանում 70-ամյա կնոջ բռնաբարության փորձի համար դատապարտվել է 2 տարի, 8 ամիս ժամկետով ազատազրկման:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատաքննության ընթացքում Վ. Օհանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, դատաքննության եւ նախաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում տուժող Ս. Վարդապետյանի հետ առերես հարցաքննվելիս հայտնել է, որ միայն մեկ անգամ է հարվածել նրան:

Ս. Վարդապետյանը դատարանում ցուցմունք է տվել, որ Վ. Օհանյանը իրենից գումար է պահանջել, 5 անգամ հարվածել է իր դեմքին, 2 անգամ՝ պարանոցին: Կինն ասել է, որ նրա գործողություններից վախեցել է, քանի որ Վազգենը հարբած է եղել: Ս. Վարդապետյանը դատարանում հայտնել է, որ Վ. Օհանյանի դեմ բողոք կամ պահանջ չունի եւ դատարանին միջնորդել է նրան հնարավորինս մեղմ վերաբերել:

Տեղեկացնենք, որ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ արձանագրված է, որ Վ. Օհանյանը որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, այլ բնութագրվում է «թեթեւ դեբիլության աստիճանի սակավամիտ անձնավորություն», սակայն այդ սակավամտությունը նրա մոտ մեծ աստիճանի չէ արտահայտված եւ չի ուղեկցվում ակտիվ հոգեբանական ախտանիշներով, կոպիտ վարքային խանգարումներով: Մի խոսքով, նա մեղսունակ է:

Սակայն դատարանը Վ. Օհանյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել, քանի որ նրա խնամքին անչափահաս երեխա կա: Դատարանը նաեւ արձանագրել է, որ 2015թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով Վ. Օհանյանը դիտավորյալ հանցագործության համար պայմանականորեն դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, եւ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան, ու նշված գործով արարքը կատարել է մինչեւ փորձաշրջանի ավարտը:

Ասել է, թե փորձաշրջանը ճիշտ չի անցել: Այս պատճառով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Վ. Օհանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման: Բացի այդ՝ վճռել է վերացնել նախորդ դատավճռով պատիժը պայմանականորեն չկիրառելու դրույթը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի կիրառմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը եւ Վ. Օհանյանին վերջնականապես դատապարտել 3 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման: Հուսանք՝ գոնե այս անգամ կուղղվի Օհանյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing