Դատախազը միջնորդել է դատարանին՝ կալանավորել Մասիսի փոխքաղաքապետին՝ ներկայացնելով ապացույց

114

armtimes.com — Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով հսկողություն իրականացնող դատախազը Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Կարեն Օհանյանը ազատ էր արձակվել օրեր առաջ. դատարանը մերժել էր նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը:

Գոռ Աբրահամյանը մեզ ներկայացրեց այն հիմքերը, համաձայն որոնց՝ դատախազը նման միջնորդությամբ է հանդես եկել.

Ըստ այդմ՝ 2018 թվականի հունիսի 2-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալին վերագրվող  հանցագործությունը վերջինիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

Նշված դատական ակտով դատարանն արձանագրել է Կարեն Օհանյանին վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը եւ հանգել հետեւության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Կ.Օհանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած: Այլ խոսքով դատարանը գտել է, որ մեղադրյալ Կարեն Օհանյանի արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում նրան վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին:

Աբրահամյանի փոխանցմամբ՝ դատախազությունում մանրամասն ուսումնասիրել են հիշյալ դատական ակտը, ինչպես նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ դրան կից ներկայացված նյութերով հանդերձ: «Արդյունքում պարզվել է, որ կոնկրետ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը դատարանին չի տրամադրել քրեական գործում առկա՝ երկու տեսագրությունների զննությունների մասին արձանագրությունները, տեսանյութերը, որոնք ուղղակիորեն հաստատում են մեղսագրված արարքին մեղադրյալ Կ.Օհանյանի առնչությունը: Իսկ դատարանի նշված որոշման հիշյալ հիմնավորումները եւ մեկնաբանությունները բացառապես պայմանավորված են եղել մեղադրյալ Կարեն Օհանյանի վերաբերյալ նախաքննության ընթացում ձեռք բերված ապացույցները դատարանի տրամադրության տակ չլինելով:

Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաեւ կալանավորման կիրառման հիմքերի առկայությունը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 2018թ. հունիսի 5-ին կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միաժամանակ դատարան ներկայացնելով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները»,- մեր զրույցում ասաց Աբարհամյանը:

 

Լուսանկարը՝ Հետքի



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache