Դատախազության ցուցակը. Գլխավոր դատախազի հրաժարականի հիմքը

280

lragir.am — Մինչ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում հաշվետվություն է ներկայացնում ու պատասխանում պատգամավորների հարցերին, Գլխավոր դատախազությունը տեղեկանք է հրապարակել կոռուպցիոն բացահայտումների մասին:

Ըստ տեղեկանքի՝ «2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում հարուցվել և քննվել է պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքերի վերաբերյալ 147 քրեական գործ: Այդ քրեական գործերով պետական ծառայություն իրականացնող 47 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առավելապես կոռուպցիոն բնույթի (կաշառք ստանալը, պաշտոնեական դիրքը չարաշահելը, պաշտոնեական կեղծիքը) հանցագործություններ կատարելու համար:

Այդ պաշտոնատար անձանցից՝

— 15-ը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողներ են, որոնցից՝ 2-ը քրեական հետախուզության բաժանմունքի պետեր, 4-ը օպերլիազորներ, 1-ը բաժնի պետ, 1-ը հերթապահ մասի պետ, 1-ը ՊՊԾ դասակի հրամանատար, 1-ը բաժնի պետի տեղակալ, 2-ը անձնագրային ծառայության ղեկավար, 3-ը այլ ծառայողներ,

— 10-ը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներ են, որոնցից՝ 1-ը քննչական բաժնի պետի տեղակալ, 1-ը մարզային քննչական վարչության պետ, 8-ը քննիչ,

— 13-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների  աշխատակիցներ են, որոնցից՝ 1-ը քրեակատարողական հիմնարկի պետ, 1-ը օպերատիվ բաժնի պետ, 11-ը այլ ծառայողներ,

— 3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ են, որոնցից՝ 2-ը հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, 1-ը այլ ծառայող,

— 2-ը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  աշխատակիցներ են,

— 3-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչներ են,

— 1-ը ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության բաժնի պետ», ասվում է հաղորդագրության մեջ:

Ուշադրություն դարձրեք՝ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա: Հայաստանում միշտ էլ կոռուպցիայի դեմ պայքարի զոհ են դառնում «մանրերը» կամ սլաքավարները, այն էլ միայն այնպիսիք, որոնց հետքերը չեն տանում ավելի վերեւներ: Սա համակարգի մարտավարությունն էր՝ մի կողմից ցույց տալ պայքար, մյուս կողմից ապահովել համակարգի կոռուպցիոն բազան ու դրա անխափան խողովակները:

«Խոշորների» համար գործում էր երկաթյա ալիբին՝ «թղթերով ամեն ինչ կարգին» է: Բայց այս օրերին արդեն այդ թղթերն էլ չեն օգնում, թեեւ բոլորին ամեն ինչ պարզ էր վաղուց: Նոր կառավարությունն ինչին դիպչում է՝ «թղթերով» փաթեթավորված կեղտը ջրի երես է դուրս գալիս, մի կողմից լիովին բացելով կոռուպցիայի ու գողության փաստերը, մյուս կողմից ցույց տալով իրավապահների, տվյալ դեպքում գլխավոր դատախազության՝ այդ երեւույթներին փաստացի մասնակցությունը դրանք չտեսնելու տալու կամ կոծկելու ձեւով:

Գլխավոր դատախազը չի ուզում հրաժարական տալ, ասելով, որ ինքն ընտրվել է Ազգային ժողովում, եւ գործադիր իշխանության փոփոխությունը չի կարող հրաժարականի հիմք լինել: Ճիշտ է ասում, այդ մասով նրա մոտ էլ թղթերով ամեն ինչ կարգին է: Բայց համակարգային կոռուպցիոն սխեմաների հանդեպ աչք փակելը վկայում է կամ համակարգային համաձայնության, կամ ոչ կոմպետենտության, կամ անգործության մասին: Բոլոր դեպքերն էլ հիմք են հրաժարականի համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache