Լրահոս

Դավադրությու՞ն Հովիկ Աբրահամյանի դեմ

 

Հովիկ

hayeli.am-ը գրում է. Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով մենաշնորհների դեմ պայքերի մասին հարցին, հայտարարել է, որ կարելի է քննարկել Սամվել Ալեքսանյանին օրենքի ուժով մենաշնորհի իրավունք տալու հարցը:

Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին նիստերից մեկում երեք շաբաթ ժամկետ էր տվել էկոնոմիկայի նախարարին` վերլուծելու «Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկելու արդյունավետ լուծումներ»: Արծվիկ Մինասյանը դրանից հետո հայտարարել էր, որ ինքը ժամկետը լրանալուց հետո կանի իր մոտեցումները կներկայացնի, չէր բացառել նաև, որ կհնչեցնի անուններ: Երեքշաբթյա ժամկետը դեռ չլրացած Արծվիկ Մինասյանը փաստորեն բացել է փակագծերը և տվել իր խոստացած անուններից մեկը:

Փաստորեն մենաշնորհների խնդիրն ուսումնասիրելուց հետո Արծվիկ Մինասյանը եկել է այն համոզման, որ ավելի լավ է՝ դրանք օրենքով վերապեհվեն այս կամ այն օլիգարխին՝ կոնկրետ դեպքում շաքարավազի մենաշնորհը տալ Սամվել Ալեքսանյանին.

«Ես անկեղծորեն մի բան պետք է ասեմ, գիտեմ, որ սա լուրջ քննադատությունների առարկա կարող է դառնալ: Մենք Հայաստանում ունենք շաքարի գործարան, և շաքարի գործարանն այսօր աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսով: Հիմա, երբ այս գործարանն աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսի չափով, և հումքը վերամշակում է, ստանում է շաքար, հարց է՝ արդյո՞ք ճիշտ է, որ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չթողնենք աշխատի, թե՞ ավելի լավ է դու օրենքով ճանաչես իրեն մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Օրինակ՝ դու պետք է աշխատես առնվազն 90 տոկոս հզորությամբ, դու պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, դու պետք է ապահովես առնվազն էսքան պետական բյուջեի մուտքեր ըստ կանխատեսումների, դու պետք է ապահովես թափանցիկություն, դու պետք է, օրինակ, քո բաժնեմասի 20 տոկոսը շրջանառես բորսայում, որպեսզի լինես հրապարակային, բաց, թափանցիկ ընկերություն: Այդ դեպքում, նույնիսկ անկախ այն բանից, թե ովքեր են սեփականատերերը, բաժնետերերը, նույնիսկ պետությունը գուցե աջակցի այդպիսի ընկերությանը արտահանում կազմակերպելու»,- հայտարարել է Մինասյանը և հավելել, որ սա ընդամենը առաջարկություն է, որը պետք է քննարկել:

Ինչը կարող էր դրդել Արծվիկ Մինասյանին՝ այս կարգի խայտառակ հայտարարություն անել: Լինելով փորձառու քաղաքական գործիչ և պրոֆեսոինալ տնտեսագետ՝ Մինասյանը հազիվ թե չիմանար, որ օրենքով այս կամ ընկերությանը մենաշնորհի քվոտա տալը աբսուրդ է, որովհետև այդ քայլը դեմ է ազատ տնտեսությանը: Եթե դու պետական մակարդակով հայտարարում ես, որ շաքարի ներկրմամբ կամ արտադրմամբ զբաղվելու է բացառապես x ընկերությունը, նշանակում է դու պետական մակարդակով կանխում ես y և z ընկերությունների շաքարավազի շուկա մտնելու հնարավորությունը, արհեստականորեն վերացնում ես մրցակցությունը, և շուկան ու ոլորտի զարգացումը մատնում ես դեգրադացիայի ու լճացման:

Այս կարգի հայտարարությունը կարող է երկու բան նշանակել՝ կա՛մ էկոնոմիկայի նախարարը անկեղծ խոստովանում է, որ, միևնույնն է, Սամվել Ալեքսանյանի դեմ խաղ չկա, ու անկախ ամեն ինչից՝ նա ունենալու է մենաշնորհ, հետևաբար անիմաստ է դրա դեմ անպտուղ պայքար տանել, կամ էլ սա դավադրություն է վարչապետի ու կառավարության դեմ: Ի վերջո, եթե չեն կարողանում մենաշնորհների դեմն առնել, ավելի լավ է օրենքով ամրագրել: Այսպես գայլերը կուշտ կմնան, ոչխարները՝ ողջ. օլիգարխները հանգիստ կլինեն, որն իրենց փայ ոլորտները իրենցն է օրենքով, իսկ կառավարությունը սփոփված կլինի, որ մենաշնորհների հարցն այլևս լուծված է:  Գուցե սա միակ <<հանճարեղ լուծումն է>>, որ գտել է Արծվիկ Մինասյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing