Դավադրություն Փաշինյանի դեմ. կկարողանա՞ ոտքի հանել հանրությանը

57

lragir.am — Հայաստանում ԱԱԾ պետի պաշտոնանկությունից հետո չի դադարում հանրային որոշակի շրջանակի, նաեւ մամուլի «անանուն աղբյուրների» գեներացրած խոսակցությունը այն մասին, որ նախապատրաստվել է դավադրություն կամ հակահեղափոխություն: Թեեւ, այդ խոսակցությունը չի դադարում գործնականում հեղափոխությունից հետո, երբ որոշակի ժամանակից այն դարձավ ներքաղաքական գնահատականների «տրենդային ուղղություն»:

Պետք է նկատել, որ ընտրական կամ նախընտրական իրողություններից ելնելով, այն որոշակիորեն խթանում էր նաեւ իշխանությունը:

Ներկայումս ունի՞ իշխանությունն այդօրինակ խոսակցությունների եւ գեներացվող քննարկումների անհրաժեշտություն: Համենայն դեպս, այդ դեպքում տարօրինակ կլինի խոսակցությունն օրինակ տնտեսական հեղափոխության, Հայաստանում ներդրումների մասին:

Որովհետեւ, որեւէ մեկը չի գնա տնտեսության մեջ շոշափելի քայլերի մի երկրում, որտեղ «ուր որ է հակահեղափոխության», կամ «դավադրությունների», «հեղաշրջումների» մասին խոսակցություններն անընդհատ են եւ գրեթե համատարած, չեն իջնում մեդիայի, փորձագիտական հանրության շուրթերից, դառնում են քաղաքացիների առօրյա խոսակցության եւ հարցերի առարկա:

Այն, որ դրանք այսպես ասած «կանխվում» են, խոշոր հաշվով նշանակում է քիչ բան, որովհետեւ ի վերջո որեւէ մեկը կմտածի՝ տասը անգամ դրանք կանխվել են, իսկ 11-րդը գուցե հաջողվի՞:

Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ այդ «տրենդային ուղղությունը» իշխանության դեմ է, այլապես հակառակ դեպքում իրավիճակը տարօրինակ կլինի:

Իսկ վտանգ չկա՞: Այն, որ կա նախկին իշխանության, եւ նաեւ նախկին այսպես ասած ընդդիմության մի մեծ շրջանակ, որը ունի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկություն, անկասկած է: Բայց, իշխանությանը հեռացնելու ցանկություն ունեցող շրջանակներ կան բոլոր երկրներում էլ: Դրա մեթոդը ընտրությունն է, քաղաքական մրցակցությունը:

Երբեմն հեռացնում են իհարկե նաեւ հեղաշրջման, դավադրությունների միջոցով: Բայց դա երբեք չի կարող տեղի ունենալ վարչապետի նկատմամբ, որն ունի բարձր վարկանիշ, եւ մի պարագայում, երբ ներքին դաշտում գործնականում թերեւս չկա ճոխության դեպքում 20 տոկոսից ավելի վարկանիշ ունեցող այլ սուբյեկտ:

Կփոխվի՞ վարկանիշային հարաբերակցությունը: Հնարավոր է, բայց դա կլինի ոչ թե վարչապետի դեմ հակաքարոզչության կամ մեդիաարշավի հետեւանք, որն աշխույժ վարում է նախկին իշխող համակարգն իր տարբեր թեւերով, այլ կլինի կառավարման ոչ բավարար արդյունավետության հետեւանք:

Իսկ այդ արդյունավետության հարցում էլ էական նշանակություն ունի այն, թե ո՞րն է հանրային քննարկումների «տրենդային ուղղությունը»: Եթե այն անվերջանալի «հակահեղափոխության» մարմաջն է, ապա այդ երկրում քչերը կլինեն արդյունք ստեղծելու հարցում շահագրգռված, որովհետեւ միշտ «բաց» է մնում հարցը՝ իսկ ու՞մ համար արդյունք ստեղծել, կամ ի՞նչ կլինի արդյունքի հետ, եթե հանկարծ:

Ահա այդ իրավիճակն է իրականում «դավադրություն» վարչապետ Փաշինյանի դեմ, որը տեւական ժամանակ է փորձում է հանրությանը համոզել, որ հեղափոխությամբ ստեղծել են միջավայր, երբ պետք է «վեր կենալ ու քայլել»՝ ամենատարբեր ոլորտներում նոր արդյունք ստեղծելու համար:

Մինչդեռ, ձեւավորելով «հակահեղափոխության» կամ «դավադրության» «տրենդային ուղղությունը», գործնականում մարդկանց ստիպում են «հանգիստ նստել տեղները», միաժամանակ խթանելով այսպես ասած «կռիվը» նախկին համակարգի դեմ: Այստեղ առաջանում է կոնսենսուս Փաշինյանի դեմ՝ նախկին համակարգի եւ այսպես ասած նոր իրավիճակում բարդ դրության մեջ հայտնված այն ուժերի միջեւ, որոնք չեն կարող չհայտարարել հեղափոխությանը սատարելու մասին, սակայն միեւնույն ժամանակ իշխանություն չեն, ու չեն էլ կարող դառնալ ընդդիմություն, որովհետեւ քննադատելու դեպքում ինքնաբերաբար կզրկվեն ունեցած հանրային վարկից:

Այդ պարագայում բավական շահեկան է «հին ռեժիմի ռեւանշի» վտանգի գեներացումը, որովհետեւ դա թույլ է տալիս իմաստավորել սեփական գոյությունը, մի կողմից հայտարարելով այդ ռեւանշի դեմ իշխանությանն աջակցելու մասին, մյուս կողմից օգտագործելով հանրային էմոցիաներն ու ստեղծելով Փաշինյանին քննադատելու որոշակի հող՝ նախկին ռեժիմի դեմ ոչ բավարար կոշտություն ցուցաբերելու համար: Դա թերեւս քննադատելու միակ թեման է, որ կարող է չվնասել քննադատողին:

Նախկին համակարգն էլ դեմ չէ իրերի այդ դրությանը, քանի որ «ռեւանշի սպառնալիքն» էլ դիտարկում է քաղաքական մակերեւույթին իր մնալու միակ տարբերակ, առավել եւս, որ թեկուզ այդպես ընկալվելու պարագայում ոչինչ չեն կորցնում:

Կարողանա՞ վարչապետը դուրս գալ հեղափոխական «աջակիցների» եւ «հակահեղափոխական» հակառակորդների այդ երկսայր «դավադրությունից», դրանից դուրս բերել հետհեղափոխական իրավիճակն ու հանրությանն իրապես ոտքի հանել ստեղծագործելու՝ ամեն օր մեդիան բացելու եւ «հակահեղափոխությունները» վախեցած հաշվելու փոխարեն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache