Դավաճա՞ն, թե՞ կամուրջ. արցախյան վերնախավը՝ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև

180

1in.am — Արցախի քաղաքական վերնախավը, միանշանակ, չընդունեց երկրի նախկին վարչապետ և պետնախարար Արայիկ Հարությունյանի երևանյան հեղափոխությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու որոշումը: Օգոստոսի 17-ի երևանյան հանրահավաքին հազար արցախցիների մասնակցության կազմակերպումը դարձավ այն բաժանարար գիծը, որը Հարությունյանին բաժանեց իր նախկին թիմակիցներից՝Արցախի իշխանության վերնախավից, ովքեր համարում են, որ Արցախի ղեկավարությունը պետք է դրսևորի միասնականություն և Հայաստանի նոր իշխանությանը ցույց տար, որ այնքան էլ ոգևորված չեն երևանյան հեղափոխությամբ ու Արցախ դրա արտահանմամբ: Բանը հասել է այնտեղ, որ Ռոբերտ Քոչարյանը Հարությունյանին մեղադրել է դավաճանության մեջ՝ սպառնալով, որ իր իշխանության վերադարձի դեպքում նա պատասխան է տալու դրա համար:

Արցախի իշխանություններին հաջողվեց առժամանակ լռեցնել իրենց դեմ սկսված բողոքի գործողությունները: Արցախի հրապարակներում բողոքի գործողություններ կազմակերպողները չկարողացան մեծ թվով կողմնակիցներ հավաքել նաև այն պատճառով, որ Արցախի ղեկավարությանը հաջողվեց համոզել տեղաբնակներին, որ Հայաստանում տեղի ունեցող հեղափոխությունը ուղղված է արցախցիների դեմ: Արդյունքում կարող էր այնպես ստացվել, որ Արցախը վերածվեր հակահեղափոխության կենտրոնի, և ստեղծվեր մի իրավիճակ, որ Հայաստանի իշխանությունը և հայ հասարակությունը համարեին, որ արցախցիները ոչ միայն դեմ են հայաստանյան հեղափոխությանը, այլ հարմար առիթ են սպասում իրենց իշխանությունը Հայաստանի նկատմամբ վերականգնելու համար, այդ թվում՝ ապավինելով արտաքին աջակցությանը:

Եվ ահա այս իրավիճակում Արցախի պետնախարարը հրաժարական է տալիս՝ ըստ էության խզելով կապերը իշխանության հետ և բացահայտ իր աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Հանրահավաքի օրը Հարությունյանը գտնվում էր արտասահմանում, բայց նրա փոխարեն արցախցիներին Երևան է առաջնորդում «Ազատ հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Այս քայլով Հարությունյանը ոչ միայն իր աջակցությունը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև Արցախում ապացուցեց, որ չնայած իշխանական լծակների բացակայությանը, ունի կազմակերպչական մեծ հնարավորություններ: Արցախի իշխանությունները, իհարկե, չխոչընդոտեցին արցախցիներին Երևան բերելուն, բայց բացահայտ հակազդեցությունը բոլորովին այլ տպավորություն կստեղծեր: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փորձում է խաղալ երկու ճամբարում էլ: Մի կողմից՝ զբաղեցնելով ԱՀ նախագահի պաշտոնը, նա չի կարող հակադրության գնալ Հայաստանի նոր իշխանության հետ, բայց, մյուս կողմից՝ նա արցախյան էլիտայի միասնականության կամ, այլ կերպ ասած՝ կլանին հավատարիմ ծառայելու գաղափարների կողմնակից է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, կարծես թե, դեմ չի Արայիկ Հարությունյանին դիտարկել որպես Արցախում իր կողմնակից և գործընկեր: Չնայած Հարությունյանը զրկված է ֆորմալ իշխանությունից, այս պահին նա ընդամենը նախագահ Բակո Սահակյանի խորհրդականն է, սակայն ղեկավարում է Արցախի ամենամեծ «Ազատ հայրենիք» կուսակցությունը: «Ազատ հայրենիքը» ոչ միայն ԱՀ խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունի, այս կուսակցությանն են անդամակցում ԱՀ համայնքապետերի ճնշող մեծամասնությունը, և հաջորդ ընտրությունների ժամանակ, որոնք տեղի են ունենալու երկու տարի հետո՝ 2020թ., Հարությունյանը և նրա կուսակցությունը հաղթանակի ամենամեծ հնարավորությունն ունեն:

Հարցն այն է, որ Հարությունյանը, նրա ղեկավարած կուսակցությունը պետք է կարողանան իրենց ունեցած ազդեցությունը պահպանել մինչև խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունենալու միաժամանակ: Հարությունյանը պետք է ցույց տա, որ ինքը ոչ միայն չի դավաճանել արցախցիների շահերին՝ աջակցելով հայաստանյան նոր իշխանություններին, այլ ընդհակառակը՝ թույլ չի տվել Հայաստան-Արցախ, հայաստանցի-արցախցի վտանգավոր և կործանարար դիմակայության առաջացմանը՝ ստանձնելով կապող օղակի ու կամուրջի դերը: Հարությունյանը կարող է հաջողության հույս ունենալ միայն Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդման պարագայում:

Արցախի իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ համոզված են, որ Հարությունյանին չի հաջողվի հասնել մինչև 2020թ. և նրա քաղաքական կարիերան ավելի շուտ կավարտվի, քանի որ այդ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողված ու քաղաքական դաշտից հեռացված կլինի: Ավելին` ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր տեղի համար նախապատրաստում է այլ թեկնածուների՝ ի դեմս ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշալույս Ղարամյանի, որպես կլանին հավատարիմ ու կլանային մտածողությամբ առաջնորդվող գործիչների: Բակո Սահակյանը ևս առաջնորդվում է դավաճանության և հավատարմության ներկլանային հասկացություններով: Եվ միայն ժամանակը ցույց կտա, թե նրանցից ով է ավելի ճիշտ հաշվել քաղաքական զարգացումների տրամաբանությունը, և ով է Երևանում ընտրել ճիշտ դաշնակիցների:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache