Դավիթ Տոնոյանի մոսկովյան քննությունը․ ռուսական հերթական շանտաժ՝ այցից առաջ

86

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով երեկ մեկնել է Մոսկվա, որտեղ նախատեսված է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի մասնակցությունը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին: Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկավրել է, որ նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ։

Դավիթ Տոնոյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով Մոսկվա է մեկնում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ճգնաժամի ֆոնին։ Լարվածության առիթ են տվել իրար հետևից տեղի ունեցած մի քանի իրադարձություններ։ Նախ՝ տեղի ունեցավ Փանիկի միջադեպը՝ Հայաստանում տեղակայաված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ, որին հետևեց Նիկոլ Փաշինյանի բավականին կոշտ արձագանքը․ վարչապետն ասել էր, թե դա սադրանք է Հայաստանի ինքնիշխանության և հայ-ռոսական հարաբերությունների դեմ։

Մոսկվայի հատկապես փորձագիտական շրջանակների զայրույթն առաջացրեց Հայաստանի մասնակցությունը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին, իսկ ահա արգործնախարար Սերգեյ Լավրովի աննախադեպ կոշտ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Հայաստանում կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը ու մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Երեկ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ՝ անդրադառնալով Երևանի և Մոսկվայի բարդ հարաբերություններին, Նիկոլ Փաշինայնն ասել է, որ ժամանակ է պետք, որպեսզի երկուստեք ադապտացվենք նոր իրողություններին։

Վարչապետի հայտարարությունն, իհարկե, կարելի է տարբեր կերպ ընկալել, սակայն դրա հիմքում այն լավատեսությունն էր, որ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան։Այնուամենայնիվ, տպավորությունը մի փոքր այլ է, համենայն դեպս՝ ռուսական կողմը հակված չէ հեշտությամբ ադապտացվել նոր իրավիճակին։ Օրինակ՝ պատահական չէ, որ հենց Դավիթ Տոնոյանի մոսկովյան այցի նախօրեին ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին: Հրապարակման մեջ ներկայացված է Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռքբերված սպառազինությունների ցանկը: Մասնավորապես նշվում է, որ Երևանը երկար տարիներ ոչ միայն արտոնյալ պայմաններով ռուսական զենք է ստացել, այլ նաև ստացել է քաղաքական աջակցություն և տնտեսական արտոնություններ:

«Գուցե պետք է ավելի պարզ վարվել՝ վարկով չվաճառել ժամանակակից սպառազինություն, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով, այլ այն մատակարարել իրական գումարի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ ազնիվ կլինի և առանց վիրավորանքի»,- նշված է հոդվածում: Նյութում նաև նշվում է, որ Հայաստանի իշխանությունների տարբեր քայլերը, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ մեղադրանքի առաջադրումը և հայ-ռուսական պայմանագրերի մի քանի կետերի վերանայման մասին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը, վկայում են Մոսկվայի նկատմամբ Երևանի դիրքորոշման փոփոխության մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մոսկովյան այցից առաջ սա ակնհայտ ճնշում է հայկական կողմի վրա, մանավանդ, որ անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի կողմից հերքվել էր «Կոմերսանտ»-ում հրապարակված ծավալուն հոդվածն այն մասին, թե Մոսկվային զայրացրել են հայաստանյան զարգացումները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, և հարցականի տակ է նոր 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին նոր սպառազինություն տրամադրելու հարցը:

Եթե ռուսական մեկ այլ պարբերական Տոնոյանի այցից առաջ վերաբացում է թեման, ապա Մոսկվան հասկացնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներն ավելի խորքային են, քան՝ ադապտացիայի խնդիրն է։

Հայկական կողմը «նշաններ» չի ստացել, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը չի կատարվելու, երեկ Մոսկվայում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, նույնիսկ՝ ճգնաժամային իրավիճակ ու Մոսկվայում Դավիթ Տոնոյանին սպասվում են բավականին բարդ հանդիպումներ ու բանակցություններ, որոնք միտված պետք է լինեն երկկողմ հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը և Հայաստանի անվտանգության համար առաջացած նոր մարտահրավերների չեզոքացմանը։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ամեն ինչ պտտվում է ԼՂ խնդրի շուրջ։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache