Без рубрики Լրահոս

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Մարգարյան հիվանդանոցում նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժիշկներին

 

207913

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել ժամը 09:50-ի սահմաններում, և արդեն նշված հիվանդանոց են ժամանում ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հայրը՝ Արման Մկրտչյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում պրոֆեսոր Գեորգի Օկոևը հայտնեց. «Կինը պառկած է եղել հղիների հսկողության բաժնում՝ 33 շաբաթական հղիությամբ: Գիշերը հանգիստ է եղել, ոչ մի գանգատ չի ունեցել: Իսկ առավոտյան ժամը 7-ի սահմաններում ցավերի գանգատ է ունեցել: Զննվել է անմիջապես հերթապահ բժշկի կողմից և ախտորոշվել է ներարգանդային պտղի մահ, և քանի որ գանգատները նման են եղել ընկերքի կենտրոնական շերտազատման, ապա ախտորոշումը հաստատելու համար անցել է գերձայնային հետազոտություն: Քանի որ առկա էր նման բարդություն, որը բավականին լուրջ վիճակ է, հարկավոր էր ընդհատել հղիությունը»: Ապա պրոֆեսորը հավելեց, որ առավոտյան մոտավորապես ժամը 7 անց կեսի սահմաններում իրեն զեկուցել են դեպքի մասին և ստացել են Կեսարյան հատման մասին իր համաձայնությունը: Պրոֆեսորի խոսքով՝ ընկերքի կենտրոնական շերտազատման ընթացքն ունի կայծակնային արագություն և կանխագուշակել նման բանը անհնարին է: Մոտավորապես 1-2 տոկոս դեպքերում հղիության ընթացքում այդ խնդիրն ակա է և, ցավոք, հանգեցնում է և ներարգանդային պտղի մահվան, և ժամանակ է պահանջում՝ կնոջը ծննդօգնության հաստատություն հասցնելու համար, ինչը, իր հերթին, բերում է ավելի շատ մեծ բարդությունների: Իսկ նշված դեպքում այդ պրոցեսը տեղի է ունեցել հենց բժիշկների աչքի առաջ: Գ. Օկոևը հավելեց նաև, որ իրավապահ մարմինները տեղեկացված են դեպքի մասին և կկատարվի նորածնի դիակի հերձում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...