«Դե ուրեմը», ինչպես ինքդ սիրում ես ասել, Նիկոլ, չսխալվես

4

lragir.am — «Քայլ արա» շարժման ճշգրիտ բնութագրությունը ներկա պահի կարևորագույն և հրատապ խնդիրներից: Այս ճակատագրական պահին այն ամենևին էլ ակադեմիական հարց չէ, քանզի նպատակը շարժման գոյացրած ահռելի ներուժի և էներգիայի պրակտիկ ուղղորդումն եւ կապիտալիզացումը։ Հրապարակային փուլի ավարտով շարժումը կարիք ունի մարտավարական խոշոր վերադասավորման, որն անհրաժեշտ մասն է շտաբային բարեփոխումների իրականացման համար: Սա ապակենտրոնացման գործընթաց է, որը պահանջում շարժմանը ներգրավված անհատ քաղաքացիների և հասարակական կազմավորումների առավելագույն ինքնավարություն։

Ահա թե ինչու պետք է պատասխանել 2 կարևոր հարցերի.

1․ որոնք են այս շարժման գաղափարական հիմքը եւ հոգևոր սնման, վերարտադրման աղբյուրները

2․ ինչպիսի նպատակներ է հետապնդում շարժումը:

Դրանց պատասխանները ոչ միայն կապահովեն շարժման ներկա և ապագա  մասնակիցների ինքնավարությունը հետհրապարակային փուլում, այլեւ կերաշխավորեն բավարար փոխհամադրում շարժման շրջանակներում։

Միայն քաղաքական ստահակները և կոռումպացված իշխանություներին քծնաբարո ծառայող այսպես կոչված «ցեղակրոն» պրոպագանդիստները կարող էին կասկածի տակ դնել շարժման առաջնորդի և նրա հավատարիմ կուսակիցների գաղափարական պատրաստվածությունը և որդեգրած համոզմունքների անկեղծությունը, ինչին մենք ականատես եղանք մայիսի 1-ի տխրահռչակ «շոուի» ժամանակ։

Չնայած դեռահասության հանգամանքին, Նիկոլ Փաշինյանը եղել է Առաջին հայկական հեղափոխության վեհ գաղափարների և համոզմունքների կրողը: Ավելին, 1993 թվականից ի վեր նա փաստորեն այն ամենակարևոր անձն էր, որը հետևողականորեն հավաքագրում և փաստագրում էր 88-ի շարժման երիտասարդական (ամենից առաջադեմ և հետևողական) թևի գաղափարական ժառանգությունը: Այս հարցում ահոելի դեր կատարեց Նիկոլի անձնական մտերմությունը լուսահոգի Տիգրան Հայրապետյանի հետ, որը չնայած իր կարճ կյանքին, մեկ այլ մակարդակ բարձացրեց հայ քաղաքական միտքը, վերջնականորեն ազատելով այն մի կողմից կարծրացրած, մյուսից՝ օտարների պարտադրած կաղապարներից:

Ըստ այդ գաղափարախոսության՝ մարդը (իսկ անկախ պետականության վերականգնումից հետո Հայաստանի քաղաքացին) հռչակվում է որպես մեծագույն արժեք, իսկ նրա ներդաշնակ զարգացումը սեփական միջավայրում և արտաքին աշխարհի հետ հարաբերություններում՝ գերագույն նպատակ․ 80-թվականների առաջադեմ մտավորականությունը դիտարկում էր ազգը որպես հպարտ, արժանապատիվ և օրինապահ քաղաքացիների հավաքականություն, որը ձգտում է ընհանուր զարգացման և առաջադիմության, այլ ոչ թե ցեղային մղումներով առաջնորդվող հոտ, որն անպաշտպան է ամեն տեսակ արտաքին մանիպուլիացիաների առջև:

Անչափ կարևոր էր նաև քաղաքակրթական գործոնի դերը․ «Որևէ հողակտոր չի կարող ներկայացնել իրենից արժեք, եթե այն ձեռք բերելուց (կամ ազատագրելուց) հետո չի քաղաքակրթվում կամ զարգացվում ավելին, քան նախկինում էր»։ Ի դեպ, այս թեզի իրատեսական և մտածված կիրառումը քաղաքականության մեջ կարող է ապահովագրել հայ ազգի անկորուստ զարգացումը մեր տարաշրջանում ներկա պահին ընթացող աղետալի ցնցումներից և փակել արտաքին միջամտության, ցավք սրտի, բոլոր բաց սողանցքները։

Եւ վերջապես, հայկական նոր միտքը մեծ նշանակություն էր տալիս սոցիալական արդարության խնդրին, արդարացիորեն դիտարկելով այն կարևոր երաշխիք համազգային համերաշխության համար։ Առանձահատուկ հպարտությամբ շեշտվում էր դասային սուբորդինացիայի բացակայությունը վերջին հազարամյակում:

Ստանալով նման թանկ ժառանգություն, Նիկոլ Փաշինյանը կարողացավ սակայն հղկել,  արդիականացնել և ավելի հարստացնել հայկական առաջադիմական միտքը, այն էլ այնքան ծանր պայմաններում, երբ մի տևական շրջանում տիրում էր հակահեղափոխության համատարած գաղջ մթնոլորտը։ Եւ այս միտքն էր Նիկոլի անսահման տոկունության և համոզմունքի գաղտնիքը։

Թող ոչ մեկը չհամարձակվի պնդել, որ կարող էր 25 տարի շարունակ անցնել նման փշոտ ճանապարհ և դիմել այդչափ մեծ զոհաբերությունների առանց մեծ գաղափարների և վեհ, պայծառ ու միստիկական աստիճանի հասնող համոզմունքների․ «Աստծո ձեռքը Նիկոլի վրա էր», կասեր նույն ինքը Տիգրան Հայրապետյանը որպես Նիկոլ Փաշինյանի հոգևոր ուսուցիչ։

Հարգանքի տուրք մատուցենք բոլոր նրանց, ովքեր իրենց ջահը վառելով 88-ականների կրակից, հասցրեցին այն այս հիասքանչ գարուն։

Դե ուրեմն փաստենք, որ 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունը 1988 թվականի շարժման գաղափարական իրավահաջորդն է ավելի հղկված, թարմացված ու արդիականացված ազգային գաղափարներով և նպատակներով։ Այս շարունականությունը պետք է մեկընդմիշտ թոթափի բոլոր այն թյուր ու անհիմն կասկածները, թե շարժումը կառավարում կամ հրահրում են օտարածին տարրեր։

Անշուշտ, մոտ անցյալի արատավոր զարգացումները և թավշյա հեղափոխության ընթացքում բացահայտված իշխանական նեղ խմբակների հանցավոր փորձերը ստիպում են համարձակ սրբագրումներ մտցնել համազգային շարժման  գաղափարախոսության մեջ։

Հայաստանի քաղաքական դաշտում այլևս հանդուժելի չէ բոլոր այն ուժերի գործունեությունը, որոնք զերծ են հայաստանակենտրոն մտածողությունից։ Միայն ազգային պատկանելությունը բավարար չէ, որ որևէ քաղաքական անձ ստանձնի կամ մոտ լինի իշխանական լծակներին։ Վստահության քվեն պետք է տրվի միայն նրանց, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցել են, որ ոչ միայն հարիր են հայաստանյան խնդիրներին, այլև բացառապես առաջնորդվում են հայաստանակենտրոն սկզբունքով։  Եվ սա ընդհանրապես նեղ ազգային կամ տարածաշրջանային խնդիր էր, այլեւ բացառապես քաղաքացիական, քանզի այս պարագայում ազգային փոքրամասնություն ներկայացնող հայաստանաբնակ քաղաքացին անհամեմատ նախընտրելի ամեն տեսակ մեր այն հայրենակիցներից, որոնք բազմաթիվ տեսանելի և անտեսանելի կապերով կապված են այլ երկրներ ներկայացնող կառավարման կենտրոնների հետ։ Ի վերջո, մենք շատ բան ունենք սովորելու երկարատև և հարուստ փորձ ունեցող պետություններից, ինչպիսիք են Ռուսաստանը և ԱՄՆ, որտեղ որևէ քաղաքացի չի կարող բարձրանալ քաղաքական վերնախավի աստիճաններով, եթե չունի տեղական լեզվամտածողություն, մշակութային պատկանելություն։

Այս ճանապարհով մենք մեզ հնարավորին չափով կապահովագրենք օտարածին շատ արատավոր և վտանգավոր երևույթներից։

«Քայլ արա» շարժման ճշգրիտ բնութագրությունն ամբողջական չի լինի, եթե անտեսվի արտաքին կողմը։ Եւ այստեղ մեզ բոլորիս սպասվում է անչափ մեծ և ոչ այնքան հաճելի անակնկալ։ Մոտ ժամանակներս համաշխարհային հանրությունը կարձանագրի, որ Հայաստանում տեղի է ունեցել առաջին հակագլոբալիստական հեղափոխությունը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Սա ահռելի մարտահրավեր է մի փոքր ժողովրդի համար, որի միասնական պայքարը շաբաթներ շարունակ համառորեն խուսափում էր աշխարհքաղաքական պիտակավորումներից։ Պարադոքսն այն է, որ ակնկալելով սպառնալիք հյուսիսային գերտերությունից, մենք այսօր մոտ ենք գլորվելու նրա իսկ խրամատը մեր ցանկություններից և կամքից անկախ։ Կարծում եմ ոչ մի տեսակ պատրանք չի կարող լինել, թե ինչ վտանգներ կբերի մեր մասնակցությունը այսօրինակ  աշխարհքաղաքական խաղերում։

Եւ այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք ինքներս մեզ խոստովանել, որ տեղական մակարդակով ապլիլյան թավշե հեղափոխությունը ուղղված է գլոբալիստական  համակարգի դեմ։ Թիրախավորումն անշուշտ մինչև ականջները կոռուպցիայի մեջ թաղված օլիգարխիան է, որը օժտված անսահմանափակ մենաշնորհներով։ Սակայն չէ որ հենց վերջինս էլ ներկայացնում է գլոբալ բրենդները հայաստանյան շուկայում։  Անզեն աչքերով իսկ տեսանելի է, որ տեղական օլիգարխիան սերտաճած է համաշխարհային խոշոր բիզնեսի հետ, որը հմտորեն օգտագործելով վերջին տասնամյակներում հռչակված գլոբալ արժեքների տարածման «ազնիվ», «առաջադիմական» նպատակները և մեթոդները, մենաշնորհել է անմրցունակ տնտեսավարման իրավունքն աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, դառնալով մեծ սպառնալիք փոքր և միջին բիզնեսների, ավանդական և ազգային ինստիտուտների համար։

Առաջադրելով համակարգային փոփոխության պահանջ, Ապրիլյան շարժումն անխուսափելիորեն բախվում է արտաքնապես ազգային, բայց ներքնապես գլոբալ համակարգի հետ։ Կան արդյոք նախադրյալներ այս անհավասար պայքարում  հասնելու որևէ նշանակալից հաջողությունների։

Այո, կան և ոչ միայն նախադրյալներ։ Առկա է արդեն առանձին հայաստանյան և հասարակական կազմակերպությունների կողմից շոշափելի հաջողություն արձանագրելու փորձ ահռելի կարողություններ ունեցող խոշոր կորպորացիաների հետ մրցակցությունում։ Ընդամենը մեկ օրինակ։ Գաղտնիք չէ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը բացահայտեց ներկա իշխանական կառավարման ողջ սնանկությունը։ Միայն հայ երիտասարդ զինորների անձնազոհությունը կասեցրեց հակառակորդի գերարդիական սպառազենի կիրառմամբ իրականացվող հարվածը։ Ընդհանրապես  որպես բեկումնային կետ Քառօրյա պատերազմը ունի յուրահատուկ դեր ու նշանակություն Հայաստանի ժամանակակից պատմության մեջ։ Պատերազմի ամենախորհրդանշանական պատկերը իսրաելական գերժամանակակից անօդաչու սարքով ավտոբուսի պայթեցումն էր, որով վետերան-ազատամարտիկները փորձում էին շտապել ճակատ։ Ընդամենր 2 տարի հետո հայ մասնագետները ցուցադրության դրեցին սեփական արտադրության սարքերը ArmHiTec-2018 ցուցահանդեսում:

Դա բավական շփոթվածութուն էր առաջացրել իսրաելական ռազմական փորձագետների շրջանում, ովքեր չէին հասկանում, թե ինչպես են հայ ինժեներները կարողացել ստեղծել նման գերարդիական զինատեսակներ առանց միլիարդավոր ներդրումների և այն էլ 2 տարում (իրականում էլ ավելի պակաս)։ Աղբյուր՝ http://www.israeldefense.co.il/en/node/33702:

Ավելի մեծ կարող է լինել զարմանքը, եթե հայտնի դառնա, որ այդ սարքերի հեղինակները աշխատանքներն իրականացրել են հիմնականում սեփական ուժերով ու միջոցներով։ Մի կողմ դնենք ինքնապարծության դատարկ պաթոսը և սին առասպելներ  կերտելու մեր ազգային արատավոր սովորույթը։ Խոսքը նախ և առաջ այն մասին է, որ ցանկացած մենատիրական համակարգում, որտեղ իշխող վերնախավը կամա թե ակամա ենթարկվում է ինքնաքայքայման և ապակողմնորոշման հավասար մրցակցության բացակայության պայմաններում, միշտ էլ գոյություն ունեն հակադրման այլընտրանքային և շատ ավելի արդյունավետ միջոցներ։ Դա մենք տեսել ենք խորհրդային համակարգում և այսօր տեսնում ենք կորպորատիվ գերակայության տարատեսակ համակարգերում։ Նույնատիպ խնդիրների լուծման տեսանկյունից կորպորատիվ մեյնստրիմը (mainstream) ոչ մի առավելություն չունի այլընտրանքային խմբերի նկատմամբ։ Ավելին, կորպորատիվ ինստիտուտները ծախսում են տասնյակ անգամ շատ միջոցներ և ժամանակ։ Միայն այս պատճառով կորպորատիվ մոդելը միանշանակ անընդունելի է հայկական զարգացման համար։

Վերադառնալով ազգային անվտանգության նպատակով առաջին լուրջ հաջողություն արձանագրած երիտասարդ ինժեներների ուսանելի փորձին, նշենք, թե որոնք են  նրանց այլընտրանքային մարտավարության կարևոր մեթոդները և սկզբունքները, որոնք կարող են նոր մոդելի բաղադրիչ տարրեր դառնալ:

1․ Uտեղծագործական բացարձակ ազատություն, անսահմանափակ մոտիվացիա, աբստրակտ մոտեցումների խրախուսում և տեխնոլոգիական նպատակահարմարության գերակայություն նախագծի իրականացման բոլոր փուլերում

2. Դերերի ճկուն բաշխում և համակարգում ինքնակառավարման ու ինքնավերահսկման մեթոդներով

3․առավելագույն պարզություն (Simplicity)

4. Առաջադիմական բաց տեխնոլոգիաների (Open Source) նախընտրություն

5․Հնարամիտ մարքետինգ և լոգիստիկա6․Համարձակ փորձեր տեղում արտադրելու և պատրաստելու բաղադրիչներ, որոնց ներկրումը դժվար է կամ նպատակահարմար չէ:

Այսօր Հայաստանի նոր տեխնոլոգիական ոլորտում այս կերպ գործող մոտ 16000 մասնագետներ կան, որոնք իրենք են առաջադրել երկակի նշանակության արդիական ռազմարդյունաբերական համալիր ստեղծելու գաղափարը։ Նրանց մեծամասնությունը free-lance կարգավիճակ ունի, որը խոսում է նրանց ազատ և անկախ քաղաքացիական դիրքորոշման մասին։ Ավելին, այս մասնագետները շնորհիվ լեզվի իմացության ակտիվ շփումներ են իրականացնում արտերկրի հետ, ապահովելով անհրաժեշտ գիտելիքների ներհոսք և փորձի փոխանակում։

Ահա այն իդեալական խավը, որի վրա պետք է հենվի հաղթած հեղափոխությունն իշխանության ստանձնումից հետո։

Անչափ կարևոր ենք համարում ԻՏ հանրության առաջադրած i-citizen նախագծի իրականացումը, որի շնորհիվ կառավարման թափանցելիությունը կստանա առավելագույն մակարդակ, ինչու ոչ՝ դառնալով իշխանական կոռուպցիայի դեմ վճռորոշ գործիք։ i-citizen ենթադրում է նաև սփյուռքահայության ակտիվ ներգրավում Հայաստանի քաղաքական, հասարակական և տնտեսական կյանքում։

Հեղափոխության ոչ պակաս հենարան կարող են հանդիսանալ իրական տնտեսության (Real Economy) մեջ ներգրավված զանգվածները։ Նշենք, որ իրական տնտեսությունը ամենից տուժած ոլորտն է «գլոբալիզացված» երկրներում, քանզի չի ապահովում մեծ շահույթներ։ Ինչ խոսք, սա փաստ է, սակայն ճշմարտության ընդամենը մի կողմը։ Այո, օրինակի համար տեղական հումքից զովացուցիչ խմիչքներ արտադրող գործարանը փոքր եկամուտ կարող է ապահովել սեփականատերերին, բայց չէ որ այն կայուն եկամուտի աղբյուր է հարյուրավոր ընանիքների համար, ապահովելով բավարար գնողունականություն և տնտեսական շղթայական աշխուժություն տեղական  շուկայում։ Ավանդական տնտեսությունը, որը մեկ հազարամյակ չէ, որ ուղեկցում է հանրությանը և հանդիսանում մեր ազգային և տեղական, շրջանային կարևոր առանձնահատկությունների երաշիք, չպետք է կործանվի միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը մեր փոխարեն որոշել է, որ «ճիշտը» կոկա կոլա խմելն է։ Իսկ եթե ավելի լուրջ՝ ավանդական տնտեսության կործանումը բերում է աղետալի արտագաղթի, հասարակական տհաճ ձևափոխությունների և բարոյական դեգրադացիայի։

Ավանդական կամ իրական տնտեսությունը ամենևին ինքնասպառված երևույթ չէ։ Այն դեռ ունի զգալի ռեսուրսներ և զարգացման հնարավորություններ։ Ընդամենն անհրաժեշտ է օրենսդիր և գործադիր մարմինների աջակցություն թոթափելու գլոբալիստական ագեսիայի ծանր հետևանքները։ Կարևոր է նաև թոթափվել վերջին տասամյակներին հաստատված կարծրատիպերից և ընդհանրապես ճկուն մոտեցումներ ցուցաբերել Հայաստանի իրական ռեսուրսների արդյունավետ կիրառման հարցում։

Աստված բարեհաճ գտնվեց մեր ազգի հանդեպ, պարգևելով այսքան իրական

հնարավորություն ինքնափրկության, երբ թվում էր, թե հույսի բոլոր դռները փակվել էին։ Երկնքից Նիկոլին և նրա ընկերներին են նայում մեր ազգի բոլոր մեծերը պայծառ հույսերով և երազանքներով։

«Դե ուրեմը», ինչպես ինքդ սիրում ես ասել, Նիկոլ, չսխալվես։Ա

ՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache