Լրահոս

Դեֆոլտի ուրվականը. Հայաստանը դիտավորյա՞լ են տանում դրան

 

arm148074414391

lragir.am — Կարեն Կարապետյանը կոչ է արել առնվազն կիսով չափ կրճատել ծրագրերի իրականացման գործակալությունների՝ ԾԻԳ-երի թիվը: 11 գործակալություններից կմնան 5-ը:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, գործակալությունները ստեղծվել են, որովհետեւ Հայաստանին վարկեր տվող միջազգային կառույցները չեն վստահել Հայաստանի կառավարությանը: Գործակալությունների կրճատումը կարող է վկայել, որ կամ Հայաստանը միջազգային վարկային ծրագրեր այլեւս չի ակնկալում, կամ էլ կառավարությունն առաջարկում է անմիջապես իր հետ աշխատել:
Պետական կառույցների աշխատակիցների արհմիություններն արդեն մտահոգություն են հայտնել կրճատումների կապակցությամբ: Բազմիցս է նշվել, որ պետական ապարատն ուռճացված է, սակայն փորձագետները նշում են, որ կրճատումները տնտեսությունը բարեփոխելու լավագույն միջոցը չեն: Բազմաթիվ այլ ծախսեր կան, որոնք կարելի է կրճատել եւ պահպանել աշխատատեղերը գոնե մինչեւ այն պահը, երբ Հայաստանի տնտեսությունը կսկսի զարգանալ:
Այժմ տնտեսությունը ստագնացիայի մեջ է, կանխատեսվում է զրոյականին մոտ աճ: Ներդրումները կրճատվում են, եւ վարչապետն ասում է, որ նախընտրական շրջանում պետք չէ ներդրումներ սպասել:
Իսկ դա նշանակում է, որ նոր աշխատատեղեր չեն բացվի: Իսկ ու՞ր գնան կրճատված մարդիկ: Մեծացնեն աշխատանքային միգրանտների առանց այդ էլ միլիոնանոց բանա՞կը: Սեպտեմբերին նշանակված Հայաստանի կառավարությունը բարեփոխումների կուրս է հայտարարել: Կարեն Կարապետյանը կոչ է արել «շրջել աշխարհը», սակայն, դատելով առաջին քայլերից, Հայաստանում չի բացառվում դեֆոլտը:
Հայաստանը պետք է ՀՆԱ 7-8 տոկոս աճ ապահովի, որ խուսափի հնարավոր դեֆոլտից, ասել է հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով, Հայաստանի ՀՆԱ-ն մոտ 10 միլիարդ դոլար է, իսկ պետպարտքը հասել է 5.8 միլիարդ դոլարի: Նա նշել է, որ եթե շարունակեն վարկեր վերցնել, Հայաստանը կարող է հասնել ՀՆԱ-պետպարտք հարաբերակցության կրիտիկական մակարդակին եւ դրանով հայտնվել ոչ վարկունակ երկրների թվում: Այդ պատճառով, Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան պետք է աճի 7-8%-ով, որ հանրապետությունը չհայտնվի դեֆոլտում:
Հայաստանը դիտավորյա՞լ են տանում դեֆոլտի: Դեֆոլտը պետական մակարդակով սնանկությունն է, երբ պետությունն ընդունում է, որ չի կարող փակել վարկերը: Այդ դեպքում վարկատուները կամ որոշում են ընդունում պարտքերը դուրս գրելու մասին, կամ էլ պետական ակտիվները վաճառքի են դրվում:
Խորհրդարանում պատգամավորներից մեկն արտաքին պարտքի աճն արդարացնում էր նրանով, որ այն «միշտ կարելի է դուրս գրել»: Պարտքերի դուրսգրումը, սակայն, չի կարող առանց քաղաքական զիջումների լինել: Ի՞նչ է Հայաստանը պատրաստ զիջել պարտքերի դուրսգրման եւ դեֆոլտից խուսափելու դիմաց:
Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2016 թվականին պետպարտքը կաճի 789 միլիոն դոլարով՝ կազմելով 5 միլիարդ 867 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին՝ 6 միլիարդ 277 միլիոն դոլար: Ընդ որում, Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 44.4 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ 2015 թվականի նույն ժամանակահատվածում 80.2 միլիարդ դրամ էր:
2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից կապիտալի արտահոսք է արձանագրվել՝ օտարերկրյա ներդրումների մաքուր հոսքի բացասական մեծությունը կազմել է 16.9 միլիարդ դրամ:
Հայաստանից կապիտալի առավել մեծ արտահոսք գրանցվել է դեպի Ռուսաստան՝ 55.3 միլիարդ դրամ եւ Լիբանան՝ 12.7 միլիարդ դրամ: 1 միլիարդ դոլարով՝ մոտ 2 անգամ, կրճատվել են Ռուսաստանից տրանսֆերտները: Հայաստանի պարտքի մեծ մասը բաժին է ընկնում արեւմտյան կառույցներին՝ Համաշխարհային բանկին, ԱՄՀ-ին, ԱԶԲ-ին եւ ՎԶԵԲ-ին, եւ այն շարունակում է աճել:
Ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանից դուրս է բերում իր ներդրումները, իսկ Հայաստանն աճեցնում է արեւմտյան կառույցներին ունեցած պարտքերը: Օրերս Ֆրանսիայի զարգացման գործակալությունը Հայաստանին 40 միլիոն եվրոյի բյուջետային վարկ է հատկացրել, որը կուղղվի աշխատավարձի ու թոշակների վճարմանը: Հայաստանը դիմել է նաեւ ամերիկյան «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամին:
Ո՞վ է Հայաստանում պատասխան տալու դեֆոլտի համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am