Դեպի սինգապուրյան հրաշք. ձերբակալե՛ք Ձեր մտերիմ ընկերոջը

1

hayeli.am — Հայաստանի իշխանությունները շատ են սիրում խոսել երկու բանի մասին. կոռուպցիայի դեմ պայքար և ներդրումների ներգրավում: Երկուսն էլ անհասկանալի են, միաժամանակ և գոյություն ունեն և չունեն: Երկու դեպքում էլ չկա չափման միավոր, չկա նաև սահմանում՝ որն է կոռուպցիան, կամ ի՞նչ ենք հասկանում՝ ներդրում ասելով: Այս երկու երևույթները, որոնց համար պետությունը հսկայական ջանքեր և միջոցներ է վատնում, չունեն ձևակերպում: Թե ինչ բան է ներդրումը՝ օրենսդրորեն ձևակերպված չէ, նույնը կարելի է ասել նաև կոռուպցիայի մասին: Բոլորը գիտեն, որ կոռուպցիան վատ բան է, ներդրումը՝ լավ, բայց ոչ ոք չգիտի՝ որտեղ փնտրել դրանք: Եվ ամենակարևորը՝ երկու դեպքում էլ չկա կոնկրետ արդյունք: Ինչո՞ւ չկա՝ հարցը այս համատեքստում դիտվում է հռետորական:

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ Սինգապուրի զարգացման ուղին  Հայաստանի համար լավ օրինակ է: Համաձայն կառավարության տարածած պաշտոնական տեղեկատվության՝ Կարեն Կարապետյանը մատնանշել է մի շարք ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել Սինգապուրի բիզնեսի համար, մասնավորապես գինեգործությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Կարևորվել է նաև կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը:

«Մենք շահագրգռված ենք խթանել բանակցությունները Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի ազատ առևտրի գոտու միջև: Այդպիսի համագործակցությունը կարող է նպաստել առևտրի ու ներդրումների աճին և փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,- նշել է վարչապետը:

Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը սինգապուրցի իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան, և Թարման Շանմուգարատնամը սիրով ընդունել է հրավերը:

1965-ին նորանկախ Սինգապուրը աղքատ երկիր էր, սակայն մի քանի տասնամյակների ընթացքում դարձավ աշխարհի առաջատար և զարգացած պետություններից մեկը։ Սինգապուրյան հրաշքը հնարավոր եղավ նրա տասնամյակների առաջնորդ Լի Կուան Յուի ջանքերով։ Նրան հաջողվեց ասիական երկրում վերացնել կաշառակերությունը (ձերբակալելով անգամ իր ամենամոտ հարազատներին), արհմիությունները անպետք կառույցներից վերածել բիզնեսին նպաստող ու սատարող համակարգերի: Զարգացման ճանապարհին Լի Կուան Յուն մեծապես կարևորում էր կրթությունը՝ համարելով, որ ամենաթանկ ռեսուրսը մարդն է։ Լի Կուան Յուն մահացել է 92 տարեկան հասակում: Նա Սինգապուրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 31 տարի՝ 1959-1990 թվականներին, և իր կուսակցության հետ 7 անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում: Լի Կուան Յուն բնական պաշարներ չունեցող փոքրիկ կղզին վերածեց բարգավաճող տնտեսության: Նա հաջողությամբ սինգապուրցիներին համախմբեց այն բանին հասնելու շուրջ, ինչը հաճախ անվանում են տնտեսական հրաշք:

«Ամենակարևորը ունենալ անբասիր կենտրոնական իշխանություն։ Եթե վերևում գտնվող մարդիկ բարոյական չափանիշների մարմնավորում և օրինակ չեն, որ աստիճանաբար ներդնում են իշխանության ավելի ցածր օղակներ, ինչ-որ բան անել շատ դժվար է»: «Ծնողներին նվիրվածություն, հավատարմություն ու արդարություն, աշխատասիրություն ու հոգատարություն, անկեղծություն բարեկամների նկատմամբ և երկրին նվիրվածություն, այսպիսի արժեքներն են իրավական համակարգի կարևորագույն սյուները։ Մենք միայն ամրապնդում էինք ավանդական արժեքները՝ նրանց համահունչ վարքագիծը խրախուսելով, հակասող վարքագիծը՝ պատժելով»: «Մենք սկսեցինք մեր մարդկանց դաստիարակումից։ Երբ մենք նրանց մեծ մասին համոզեցինք, սկսեցինք օրենքներ հրատարակել փոքրամասնությանը պատժելու համար՝ ովքեր կանխամտածված խախտում էին օրենքները։ Դա Սինգապուրը դարձրեց ապրելու համար հաճելի վայր»:

Սրանք մեջբերումներ են Լիի կառավարման փիլիսոփայությունից: Նա կարծում էր, որ զարգացող երկրում պետք է զոհաբերվեն մի շարք ազատություններ: 1960-1980 թվականներին Սինգապուրում ազգային ՀՆԱ-ն աճեց 15 անգամ, որն հնարավոր եղավ շնորհիվ այն բանի, որ Լին կոշտ պայքար ձեռնարկեց կոռուպցիայի դեմ: Ասում են, երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Լի Կուան Յուի հանդիպման ժամանակ հարցրել է՝ ինչպես վերացնել կոռուպցիան, վերջինս ասել էր, որ, եթե կարողանաք ձեր ամենամտերիմ ընկերոջը նստեցնել, կոռուպցիան կվերանա։

Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանը չունի Լի Կուան Յուի նման առաջնորդ, հետևաբար սինգապուրյան հրաշքի մասին խոսելը ընդամենը ՊՌ-է, ոչ ավելին: Վերջում հավելենք, որ Լի Կուան Յուն ջերմ վերաբերմունք չուներ նաև մամուլի նկատմամբ:

 

Հայկ Դավթյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache