Լրահոս

Ձերբակալվել է Ռոուհանիի եղբայրը. Հայաստանում անձեռնմխելի է անգամ նախագահի դռնապահը

 

Ձերբակալվել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը: Նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ: Իրանը դասական ժողովրդավարության երկիր համարել չենք կարող, բայց այդ երկրում գործում են օրենքը, խաղի կանոնների որոշակի համակարգ, որոնք մի կողմից` զսպում են իշխանությունների ախորժակը, մյուս կողմից`ստեղծվում են երկրի շարքային քաղաքացիների պաշտպանության մեխանիզմներ:

Հայաստանը ոչ միայն հեռու է ժողովրդավարությունից, այլև մեր երկրում օրենքը չի գործում նույնիսկ կենցաղային մակարդակում: Իշխանության ներկայացուցիչների, նրանց հարազատների չարաշահումների մասին մամուլը հեղեղված է հարյուրավոր հրապարակումներով, սակայն իրավապահ մարմիններն անգամ հարկ չեն համարում զբաղվել դրանցով: Անգամ կատարված հանցագործությունները մնում են անպատիժ: Ո՞ր իրավապահը կհամարձակվի մոտենալ նախագահի եղբորը կամ որդուն, երբ տարիներ առաջ նախագահի թիկնապահը սրճարանում խոշտանգելով մարդ սպանեց` մնալով անպատիժ:

Հայաստանում նույնացել են իշխանությունը, կրիմինալը, անպատժելիությունն ու անձեռնմխելիությունը: Թերևս սա է պատճառը, որ կրիմինալը ձգտում է իշխանության, որովհետև Հայաստանում հարստանալու, հանցագործություն կատարելու և անձեռնմխելի մնալու երաշխիքը հենց իշխանությունն է, որը վերածվել է կոռումպացված չինովնիկության, հարստահարող օլիգարխիայի և կրիմինալի դաշինքի:

Ի՞նչ ներդրումների մասին կարող է խոսք լինել Հայաստանում, երբ հենց նախագահի հովանավորությունը վայելող մարդիկ կարող են ուժային ձևով «փայ» մտնել ուզածդ բիզնեսում կամ իրավապահ համակարգին «քսի» տալ մրցակցի վրա:

Հայաստանում դատական համակարգը ծառայում է ոչ թե օրենքին, այլ իշխանությանը կամ փողին: Իրանում նախագահի եղբորը ձերբակալել են, որովհետև եթե նույն Ռոուհանին փորձեր միջամտել արդարադատությանը, ապա կզրկվեր աթոռից: Հայաստանում աթոռից կզրկվի որևէ քննիչ կամ դատավոր, ով կփորձի թարս աչքով նայել անգամ նախագահի դռնապահին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing