Դիմակայության բնույթը փոխվում է. պաշտպանության նոր միջոցներ

115

lragir.am — Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են Նախիջեւանի հետ սահմանային հատված: Նախարարներն այնուհետեւ Արցախ են մեկնել, որ «գույքագրեն» հայկական սահմանների պաշտպանվածությունը:

Սահմանները պետք է հուսալի պաշտպանված լինեն, որ դիվանագետները կարողանան բանակցությունները նոր մեկնակետից՝ ազգային շահերից սկսել: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առաջին հայտարարությամբ ընդգծել է, որ բանակցությունները կվերսկսվեն, եթե Ադրբեջանը կատարի նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Պայմանավորվածություններ ասելով նկատի ունեն սահմանին մոնիտորինգի միջոցների տեղակայումը, որոնք կարող են զսպող գործոն լինել սադրանքների ու դիվերսիաների համար:

Վերջին մի քանի տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում դիմակայության բնույթը տրանսֆորմացվել է, կիրառվող սպառազինության տրամաչափը եւ հեռահարությունը փոխվում են, եւ դա տեսանելի էր ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ կիրառվել էին թե հեռահար համալիրներ, թե կամիկաձե դրոններ, թե հրթիռներ:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նախիջեւան էր մեկնել, որտեղ հայտարարել է. «Նախիջեւանում տեղակայված ժամանակակից սպառազինությունը, այդ թվում՝ հեռահար հրթիռները, կարող են վերացնել թշնամու ցանկացած ռազմական թիրախ»:

Դրանով Ալիեւն ակնարկում է, որ եթե Ադրբեջանը որոշի վերսկսել ռազմական գործողությունները, ապա դա «սովորական» պատերազմ չի լինելու:

Հայաստանում Իսկանդերների եւ այլ հեռահար հրթիռների առկայությունը, իհարկե, կարեւոր զսպող գործոն է, սակայն ակնհայտ է, որ նոր պայմաններում հատուկ կարեւորություն են ձեռք բերում հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության համակարգերը: Հնարավոր է, պատահական չէր, որ հայտարարվեց Գյումրիի ռուսական բազա նոր Կաստա 2 ՌՏԿ բերելու մասին: Դա ՀՕՊ աջակցության համակարգ է:

Հայաստանն ու Ռուսաստանը միավորել են իրենց ՀՕՊ համակարգերը, իսկ 102-րդ բազան դարձել է միացյալ հայ-ռուսական խմբավորման մասը: Դա փոխադարձ պարտավորություններ է նախատեսում, այդ թվում՝ տեխնիկական հագեցվածության առումով:

Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հետաքրքրությամբ հետեւել են մայիսի 9-ին Մոսկվայում կայացած շքերթին: Հիշեցնենք, որ այդ օրը Մոսկվայում ցուցադրում էին նորագույն բանակային մշակումները: Ավելին, Պուտինը հայտարարել է, որ այդ մշակումները թույլ կտան տասնամյակներ շարունակ ապահովել Ռուսաստանի ռազմավարական գերակայությունը:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թաֆիկ Զուլֆուգարովն առաջարկում է Ղարաբաղում եւ հակամարտության գոտում անթռիչք գոտի հայտարարել՝ չնայած գործող նախարար Մամեդյարովն առաջարկում է վերսկսել բանակցությունները: Ոչ ոք չգիտի, թե Ադրբեջանում որ խմբավորումը գերիշխող կլինի:

Երեկ Լաչինի ազատագրության ու Հայաստանի եւ Արցախի ֆիզիկական միավորման օրն է:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache