Լրահոս

Դիրքային «պատերազմներ». Համակարգը կարող է փլուզվել

 

Շարմազանովի հայտարարությունը, թե հանուն Հայաստանի մեծահարուստները պետք է դատարկեն քսակները, ինչ որ առումով դարձավ 2018-ի իշխանության խնդրի հանգուցալուծման մեկամյա փուլի մեկնարկի ազդարարումը: Ըստ ամենայնի, կուլիսային զարգացումներն աստիճանաբար հրապարակային կդառնան, համենայնդեպս՝ դրանց մի զգալի մասը:
Մի փուլը՝ խորհրդարանի կազմավորումը, կարելի է ավարտված համարել: Հաջորդը լինելու է կառավարության կազմավորումը: Ներկայիս կառավարությունը ժամանակավոր է, անցումային, եւ նախարարների ու փոխնախարարների նշանակումներն էլ ենթարկված են 2018-ի տրամաբանությանն ու խնդիրներին:
Զուգահեռ, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում դատաիրավական եւ հարկային ու մաքսային ոլորտներում՝ ձերբակալություններ, պաշտոնանկություններ: Ստեղծվում է հակակոռուպցիոն նոր հանձնաժողով, որի խնդիրը բնականաբար կոռուպցիայի դեմ պայքարը չի լինելու, ավելի ճիշտ՝ այդ պայքարը լինելու է «ընտրովի»՝ կրկին ենթարկված իշխանության ձեւավորման խնդիրներին:
Սակայն այս «միջոցառումները» խնդրի մակերեսն են, քանի որ Հայաստանում իշխանությունը սահմանադրական հիմք չունի, եւ ներքին զարգացումները, մասնավորապես իշխանության փոխանցման խնդիրը ենթակա է լիովին այլ տրամաբանության, որտեղ Սահմանադրությունն ընդամենը ցուցանակ է: Ըստ այդմ, իշխանության խնդրի հանգուցալուծման համար առանցքային է լինելու իշխող կուսակցության մեծամասնության վերահսկողությունը, որի ուղղությամբ էլ ներկայում սկսվել են «դիրքային պատերազմները»:
Ներկայում խաղը բարդանում է, եւ Սերժ Սարգսյանը միայն առաջին հայացքից է տիրապետում ու վերահսկում իրավիճակը: Նա ունի մի շարք առավելություններ, այդ թվում առայժմ գործող նախագահական լիազորությունները եւ լծակները, որոնք համակարգը վերահսկողության տակ պահելու հնարավորություն են տալիս: Սակայն այդ լիազորություններն ավարտվելու են մի քանի ամսից, եւ այդտեղ առաջանալու են անխուսափելի խնդիրներ, որոնց արմատը հենց իշխանության հակասահմանադրական բնույթն է: Եվ մեկ տասնամյակ խնամքով հավաքված համակարգը կարող է արագ փլուզվել, եթե չգտնվեն նոր ռեսուրսներ, եւ առաջին հերթին՝ փող ու «միավորիչ գաղափար»:
Հայաստանում ճգնաժամը բոլոր ոլորտներում ստացել է խրոնիկ բնույթ եւ չի հաղթահարվում հենց այս պատճառով: Իշխանությունը սովորաբար լուծում է իրավիճակային խնդիրներ, որոնք ուղղված են սեփական դիրքերի պահպանմանը: Այս տեսակետից, 2018-ը ամենայն հավանականությամբ նույնպես դառնալու է մի նոր «անցումային շրջանի» սկիզբը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing