Լրահոս

Դիվերսիա Սարգսյան-Ալիեւ հանդիպման դեմ. Հնարքն աշխատե՞ց

 

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել: Դեռեւս չի հայտարարվել հանդիպման օրն ու ժամը, որի մասին, ըստ համանախագահների, կլինի հայտարարություն:
Սակայն, մինչ այդ հայտարարությունը կլինի, կարծես թե բավական մեծ է ռիսկը, որ չի լինի Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Համենայն դեպս, անցնող երկու-երեք օրերին ծավալվում են իրադարձություններ, որոնք տալիս են այդպիսի ենթադրության հիմք:
Իլհամ Ալիեւը Ադրբեջանի կառավարության նիստում հայտարարեց, որ բանակցությունը վերսկսվում է Հայաստանի նախապայմանները չեղարկելով: Ինչպես հայտնի է, Հայաստանի պայմանը հրադադարի եւ վստահության միջազգային մեխանիզմի ներդրումն է, որից հետո է միայն Երեւանը տեսնում բանակցելու իմաստ:
Ալիեւի այդ հայտարարությունից հետո հաջորդեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի կոշտ արձագանքը, որով Երեւանը հայտարարեց Վիեննայի օրակարգից հետքայլի բացառման մասին, Ալիեւին կոշտ եւ կոպիտ բնորոշումով մեղադրելով պայմանավորվածությունները խախտելու համար:
Այդ արձագանքին էլ հաջորդում է ողբերգական տեղեկություն սահմանից՝ ադրբեջանական կրակոցից զոհվել է 19-ամյա հայաստանցի զինծառայող:
Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ ակնհայտորեն լարվում է դիվանագիտական-քաղաքական վիճակը, ինչն էլ առաջացնում է հարց, թե արդյո՞ք դեռեւս ամբողջապես չհամաձայնեցված հանդիպումը հայտնվում է տապալման վտանգի առաջ:
Այդ հանդիպումը պետք է լիներ ապրիլյան պատերազմից հետո երրորդը՝ Սանկտ-Պետերբուրգում հունիսյան հանդիպումից ավելի քան մեկ տարի ընդմիջումից հետո: Երրորդ հանդիպումը ենթադրվում էր ավելի վաղ, դեռեւս 2016 թվականին, որպես Սանկտ-Պետերբուրգի շարունակություն: Այն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել Ֆրանսիան: Այդպիսով համանախագահները հերթով կազմակերպած կլինեին Սարգսյան-Ալիեւ հանդիպումներ՝ Վիեննայում ԱՄՆ հովանու ներքո, Սանկտ-Պետերբուրգում՝ ՌԴ, իսկ երրորդ հանդիպումը Ֆրանսիայի հովանու ներքո:
Բայց այն տեղի չունեցավ: Հետաքրքիր էր օրակարգային դինամիկան: Վիեննայի հանդիպման օրակարգում առաջնահերթը հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմն էր: Սանկտ-Պետերբուրգում այն դուրս մնաց ամփոփիչ հայտարարությունից: Հաջորդ օրն իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասուլիսում հայտարարեց, որ թեեւ այդ հարցը դուրս մնաց Սանկտ-Պետերբուրգի օրակարգից, այդուհանդերձ իրենց համար դա է առաջնահերթությունը: Հենց այդ ընթացքում էլ նա հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել երրորդ հանդիպումը:
Կար տեսակետ, որ երրորդ հանդիպումով Ֆրանսիան կփորձի գործընթացը վերադարձնել Վիեննայի առաջնահերթություններին, որից շեղելու փորձ արեց Ռուսաստանը Սանկտ-Պետերբուրգում:
Բանն այն է, որ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի, դիտարկման սարքավորումների ներդրումը փաստացի նշանակելու է արցախ-ադրբեջանական միջազգային սահմանագծում եւ ստատուս-քվոյի արձանագրում, անգամ խախտման դեպքում միջազգային պատասխանատվության ներքո:
Դա նշանակում է Կովկասում անվտանգության լիովին նոր համակարգի սաղմնավորում, որտեղ գերակա դիրքն այլեւս Ռուսաստանինը չէ: Միաժամանակ, այդ մեխանիզմի ներդրումը էապես կսահմանափակի ռազմական շանտաժը որպես գործիքակազմ դիտարկելու հնարավորությունը:
Ադրբեջանը բացահայտորեն դեմ է հանդես գալիս այդ հեռանկարին, ինչը հասկանալի է: Հասկանալի է նաեւ, որ Վիեննայի օրակարգն այդ առումով անընդունելի է նաեւ Ռուսաստանի համար: Թերեւս հենց այդ հանգամանքն էլ հանդիսացավ որոշիչ գործոն, որ Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը Սանկտ-Պետերբուրգից հետո տեղի չունեցավ:
Դրանից հետո իհարկե իրադարձությունները զարգացել են մեծ արագությամբ, լայն աշխարհքաղաքական մասշտաբով, փոխվել է Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների հաշվեկշիռը, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Թուրքիայի խնդիրներն ու հարաբերությունը Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ, շոշափելի փոփոխություն է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերությունում՝ առերեւույթ դրանում Հայաստանի հպատակային դերի պահպանման պայմաններում: Փոխվում է իրավիճակը նաեւ ռուսական վերնախավում, որտեղ բավական ուժգնանում է շահերի բախումն ու նոր իշխանական դասավորության համար պայքարը:
Այդ ամենն իրենց հետքն են թողնում նաեւ տարածաշրջանի եւ Արցախի խնդրում ուժային կենտրոնների մոտեցումների, այդ թվում Ռուսաստանի քայլերի վրա: Մոսկվան մի կողմից ռազմավարական առումով դիմադրում է հրադադարի մեխանիզմի ներդրման միջոցով դե յուրե սահմանագծմանն ու անվտանգության կովկասյան նոր համակարգի սաղմնավորմանը, մյուս կողմից չի կարող թույլ տալ ներկայիս համակարգի այնպիսի ճաք, ինչպիսին ապրիլի պատերազմն է, առավել եւս խաղալ այդ ճաքի վրա, ակնկալելով դրա շնորհիվ ամրանալ արցախյան գոտում ռազմական ներկայությամբ:
Մոսկվան այդ բարդ ու երկիմաստ վիճակում է եւ թերեւս կմնա, քանի դեռ պարզ չէ, թե ուժերի ինչ դասավորություն է լինելու Կրեմլում 2018-ի նախագահի ընտրությունից հետո:
Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպման նախաձեռնության հերթական փորձը տեղի է ունենում այդ ամենի համատեքստում, երբ մարտավարական առումով կայունությունն ակնհայտորեն միջազային կոնսենսուս է, անգամ Թուրքիայի մակարդակում, եւ Ադրբեջանը մնացել է մենակ, մյուս կողմից ռազմավարական տեսանկյունից շարունակվում է խուլ դիմադրությունը տարածաշրջանի արդեն երկու տասնամյակի նոր ստատուս-քվոյին թեկուզ անուղղակի միջազգային իրավական ձեւակերպում տալու՝ հրադադարի պահպանման վերահսկողության միջազգային մեխանիզմ ներդնելու ուղղությամբ:
Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը, որի ուղղությամբ աշխույժ աշխատել են Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, քայլ է այդ մեխանիզմը տարածաշրջանին մոտեցնելու ուղղությամբ: Այդ քայլը փաստացի վերջին երկու-երեք օրերի զարգացումների հետեւանքով կրկին հայտնվում է կասկածի տակ, հարց առաջացնելով, թե ու՞մ կարող է ձեռնտու լինել դրա տապալումը: Ամենեւին բացառված չէ նաեւ, որ Ռուսաստանի համար եթե ոչ տապալումը, ապա գոնե երրորդ հանդիպումը ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի դաշտում անցկացնելը կարեւոր խնդիր է, գործընթացը վերահսկելու եւ Վիեննայի հարցում բեկումնային պայմանավորվածություն, այսպես ասած անշրջելի զարգացում թույլ չտալու համար: Այդ իմաստով ուշագրավ է, որ քաղաքական լարվածությունն աճում է Սոչիում ԵՏՄ ու ԱՊՀ վեհաժողովներից առաջ, երբ փորձագետները փորձում էին կռահել, թե արդյոք հենց այնտեղ կլինի Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Ի վերջո, լարվածությունը կարող է առաջացնել հապճեպ Պուտինին «դիմելու» երկկողմ անհրաժեշտություն: Աշխատե՞լ է հնարքը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing