Դոն Պիպոն ու գեներալ Մանվելը ձերբակալվեցին. Փաշինյանի հաջորդ կարևոր քայլը

204

1in.am — ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում այսօր Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

ԱԱԾ-ն հայտնում է Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի(նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ) և Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունների մասին: Արթուր Ասատրյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ըստ ամենայնի, ԱԱԾ-ն դիմել է նման ծայրահեղ քայլի` հատկապես պատգամավորի դեպքում, Էջմիածնում հնարավոր մեծամասշտաբ արյունահեղության կանխման նպատակով. չմոռանանք, որ թաքցված զենքը կրակելու հատկություն ունի:

 

Մյուս կողմից` Մանվել Գրիգորյանի ձերբակալության պարագայում հրապարակ են գալիս մի քանի կարևոր հանգամանքներ: Նա, Վազգեն Սարգսյանից բացի, միակ հայաստանցին է, որը Արցախի ազգային հերոս է: Մյուս կողմից` Գրիգորյանը միակ գեներալ-լեյտենանտն է, որը ձերբակալվում է ապօրինի զենքի գործով: Կարծում ենք` ԱԱԾ իրավական հիմքերն ավելի հիմնավոր պետք է լինեին` պատգամավորին ու գեներալին ձերբակալելու համար: Մեծ է հավանականությունը, որ խորհրդարանը համաձայնություն չի տալու Գրիգորյանի կալանավորմանը ու սա լուրջ փորձություն է դառնալու Նիկոլ Փաշինյանի համար:

Սակայն Էջմիածնի դրամատիկ իրադարձությունների համատեքստում շատ ավելի էական է այլ հանգամանք, որն իր մեջ ռիսկայնության, անկայունության վտանգ է պարունակում:

Նույնիսկ հակամարտ կողմերի, այսպես կոչված, առաջին դեմքերի բերման ենթարկելու, ձերբակալության փաստը Էջմիածնում կրքերը չհանգստացրեց, դեռ ավելին` հոգևոր կենտրոնում չափազանց մեծ է գեներալի և քրեական հեղինակության կողմնակիցների բախման վտանգը: Այս պարագայում առնվազն տարակուսելի է տարածքային նախարար Սուրեն Պապիկյանի բացակայությունը, պասիվությունը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն առնվազն երկու անգամ իր ընդդիմախոսներին հաշտության կոչ է արել ու նախարարի օպերատիվ առաքելությունը պետք է լիներ երկխոսության հարթակի ձևավորումը:

Միայն պետական, այսպես կոչված, հարկադրանքի կոշտ մեթոդներով հնարավոր չէ հանգուցալուծել Էջմիածնի դրաման, որը բազմաշերտ է` իր վրա կրելով անցյալի և ներկայի իրողությունների, լոկալ և գլոբալ խնդիրների կնիքը: Էջմիածնում, անշուշտ, առկա է անարդյունավետ, կլանային կառավարման խնդիր, բայց նաև` հասարակության ազատ կամարտահայտություընը ֆիլտրվում, խմբագրվում է հանցագործ աշխարհի կողմից:

Ճգնաժամը բազմաշերտ է ու պետք չէ ակնկալել, որ այն կարող է հանգուցալուծվել միայն խուզարկություններով, նույնիսկ ձերբակալություններով:

Անհրաժեշտ են քաղաքական լուծումներ, ընդ որում` Նիկոլ Փաշինյանի մակարդակով, որովհետև հետհեղափոխական իրավիճակի առանձնահատկության թելադրանքով` իրավիճակի վրա ազդեցություն կարող է թողել միայն Նիկոլ Փաշինյանի խոսքը:

Ընդ որում` Փաշինյանը պետք է կարողանա գտնել այնպիսի լուծում, որը մի կողմից կվերացնի լարվածությունը Էջմիածնում, մյուս կողմից` թույլ չի տա, որ այս լարվածության հետևանքները շղթայական էֆեկտով տարածվեն հանրապետությունով մեկ. բոլոր քաղաքներում և գյուղերում գրեթե նույն վիճակն է` բացահայտ և քողարկված դրսևորումներով:

Եթե անկայունության մետաստազները տարածվեն այլ բնակավայրերում, ապա Նիկոլ Փաշինյանը հարկադրված է լինելու իր ռեսուրսները մսխել լոկալ խնդիրների լուծման վրա` շեղվելով բուն խնդիրց: Իսկ այդ մագիստրալ խնդիրը, գլխավոր հիմնահարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, որոնց արդյունքներով իրավա-քաղաքական արձանագրում պետք է ստանա հեղափոխության հաղթանակը:

Հիմա լոկալ խնդիրներին պետք է տրվեն ժամանակավոր, իրավիճակային լուծումներ, որոնք թույլ կտան խուսափել լարվածությունից: Անշուշտ, Էջմիածինը, նաև` Երևանը, Գյումրին, Վանաձորը, մյուս քաղաքները պետք է ունենան նոր արդյունավետ տեղական իշխանություններ, սակայն դա հնարավոր է` միայն խորհրդարանական ընտրություններից հետո:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache