Լրահոս

Դոն Պիպոյի «սալյուտն» ու Գեներալ Մանվելի չեզոքացումը

 

manvel-grigoryan

Արդեն մի քանի օր է հայաստանյան հեռուսաընկերություններից մեկով ֆիլմ է ցուցադրվում
Արթուր Ասատրյանի մասին, փառաբանվում է սույն անձնավորությունը, նրա կատարած բարի գործերը, նրա անցած ուղին: Արթուր Ասատրյան անուն-ազգանունը Հայաստանում քչերին է հայտնի, իսկ ահա Դոն Պիպո, որը նույնն է, հատկապես քրեական աշխարհում բոլորը գիտեն:Ու գիտեն այս մարդուն որպես քրեական հեղինակություն, Էջմիածնի ամենահարուստ եւ ամենազդեցիկ մարդկանցից մեկը, որը տեւական ժամանակ է ապրում է Իտալիայում, բայց նրա  թուրը կտրում է անգամ Գեներալ Մանվել Գրիգորյանի վրա։  <<Մարդու արժեքը ճիշտ ապրելն է, միայն ազնիվ մարդը կարող է ուժեղ լինել>> սա Դոն Պիպոյի կյանքի բանաձեւն է, այս բառերով  ազդարարվում է ֆիլմը  ու 1.5 ժամ  ներկայացնում  հերոսին, որպեսզի ինչպես  հեղինակն է ասում մեր մեր հայրենակից Արթուր Ասատրյանին ներկայացնի մարդկային տեսակը, մեծագույն արժանիքները, բացահայտել նրա կատարած գործերը, որպեսզի հայրենիքում ճիշտ ճանաչեն մեր հայրենակցին՝ ազնիվ հայորդուն:
Իտալական մեղեդու հնչյունների ներքո հաղթանդամ միլիոնատերը ամբողջ ֆիլմում ցույց է տալիս իր հարստությունը, խանութից ռեստորան գնում, շքեղ նվերների մասին խոսում, խոսում անգամ արվեստի գործերի մասին, իր նախասիրությունների, սիրած կերակուրների։ Ապա հեռուստադիտողին ներկայանում է իբրեւ հմուտ որսորդ, որը վայրի խոզ է սպանում ու իր ձեռքով էլ կերակուր պատրաստում։ Նա նաեւ նվագում է,ասում է՝ դեռեւս փոքր ժամանակվանից, ներկայանում է որպես արվեստասեր, ներկայացնում են իբրեւ բարերար, որն անգնահատելի գործեր է արել հայրենի երկրի ու ժողովրդի համար: Նրա մասին կարծիքներ են հայտնում հանրահայտ ու հարգանք վայելող անձինքն՝ մտավորականներ, արվեստագետներ , գործարարներ, ինչպիսիք  Միքայել Պողոսյանը, Հարություն Մովսիսյանը այլք։ Նրանք պատմում են, որ ուրախ են ու երջանիկ, որ ճանաչում են Արթուր Ասատրյանին։
Անգամ խոսվում է նրա դատվածության մասին ու լղոզվում, որ ընդամենը ինքը նստել է ու հանցագործություն չի կատարել: Իհարկե, այս համատարած հիացմունքը բացատրություն ունի՝ փողը մութ տեղը լույս է տալիս ու  այդ շլացնող լույսի տակ խամրում ցանկացած մութ անկյուն…
Ֆիլմը դիտելիս   անծանոթների մոտ միամիտ հրճվանք կարող է առաջ գալ, որ բացահայտել է նոր Ազնավուր, Քրքոյան կամ մեկ այլ բարերար, որի վրա կարելի է հույս դնել, բայց կա նաեւ գրքի մյուս երեսը, որի մասին տեղյակ են շատ շատերը, վստահ ենք՝ նաեւ ֆիլմի հեղինակները: Ըստ մամուլի՝ դեռեւս 90-ականներին էջմիածինցի Արթուրը գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելով և չկարողանալով հարթել իրավիճակը,  լքել է Էջմիածինը և տեղափոխվել Մոսկվա: Սակայն  Մոսկվայում ևս երկար չի մնացել, իսկ պատճառը կրկին նույնն էր՝ կոնֆլիկտը, իսկ այս անգամ այդ կոնֆլիկտը կապված էր ոչ ավել, ոչ պակաս հայազգի «օրենքով գող» և մեծ հեղինակություն Արմեն Կանևսկու (Արմեն Հարությունյանի) հետ, ով մահացել է 2010 թվականին: Այս կոնֆլիկտը ևս չի լուծվել և Դոն Պիպոյին ստիպել են լքել Մոսկվան: Միայն Դեդ Հասանի մահից հետո, Պիպոն կարողացել է վերադառնալ Մոսկվա՝ այն էլ միջնորդությամբ: Միջնորդողը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ մեծահարուստ Կամո Ավակումյանը: Դոն Պիպոն խոշոր ձեռնարկատեր է, ունի հյուրանոցների և սրճարանների մեծ ցանց Մոսկվայում, Իտալիայում և Եվրոպայում: Մի քանի տարի է, ինչ Էջմիածնում կառուցվում է նրա առանձնատունը:Ի դեպ, որ Պիպոյի տունը կառուցում են ոչ թե հայ, այլ իտալացի շինարարներ: Ռուսական «Данвеста»-ի միակ սեփականատերը նույնպես նա է: 2013 թվականին Իտալիայի իշխանությունները Դոն Պիպոյի նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել՝ քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանության հետ կապված: Սակայն ոչ հետախուզումը, ոչ էլ ճգնաժամը Ասատրյանին չխանգարեց մեծացնել «Данвеста»-ի կրպակների ցանցը՝ հասցնելով մինչև մի քանի հարյուր կրպակի: Իսկ հետախուզումից նա ազատվեց շնորհիվ իր կրիմինալ կապերի: Պիպոն ժամանակ առ ժամանակ այցելում է նաեւ Հայաստան, մասնակցում էլիտար խնջույքներին՝ հարսանիքներ, կնունքներ եւ այլն: Սակայն այս տարիներին նրա ու Գրիգորյանների հարաբերություններում ոչ մի միլիմետր դրական տեղաշարժեր չեն կատարվել, երկու կլանները հարատեւ պայքարի մեջ են միմյանց հետ: Ամենաթարմ դեպքը երկու տարի առաջ էր: Էջմիածնում մեքենաների վազանցի պատճառով  Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների հետ բանավիճել ու կրակոցներ էր արձակել Էջմիածնում հայտնի Արմանը, որը Պիպոյի մտերիմներից է: Արդյունքում՝ ոտքի հատվածում հրազենային վերք էր ստացել Սեյրան Սարոյանի եղբորորդին:Այս միջադեպը շարունակություն էլ ունեցավ, գեներալների մարդիկ առեւանգեցին Արմանի եղբոր կնոջը, բայց ամենակարող Պիպոն հարցերը կրկին լուծեց: Ինչեւէ, այսքան չէինք մանրամասնի, եթե ֆիլմը նրան բացահայտեր երկու երեսով, բայց միայն այն, որ Պիպոն հերոսական լույսի ներքո է ներկայացվում, «սալյուտներ» կրակում ու այն էլ իշխանական ազդեցության եթերից, արդեն կասկածների տեղիք է տալիս, որ  նախկին ու ներկա հանցագործի, գողականի հետ հեռահար պլաններ կան: Իսկ գուցե Հայաստանում նորից սկսվելո՞ւ է Դոն Պիպոյի ժամանակը, որն իր հերթին կնշանակի գեներալի ազդեցության թուլացում:

Անի Սահակյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing