Դրսի ու ներսի մաֆիան քանդել են Հայաստանը. Նոր խոշոր բացահայտման շեմին

87

Հանքարդյունաբերության ոլորտում Քննչական կոմիտեի բացահայտումները փաստում են, որ տարիներ շարունակ մասնագետների հնչեցրած ահազանգը ճիշտ է եղել՝ ոլորտի հաշվին հարստանում են մի խումբ անձինք: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի բացահայտումների համաձայն՝ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին: Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության: Նախնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված ընկերությունների և ակտիվների սեփականությունը և դրանց տնօրինումն իրականացվում է միևնույն կենտրոնից, ինչի հետևանքով հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվել են մեկ կազմակերպության կառավարման տակ, ինչը հանգեցրել է ապրանքային շուկաներում մրցակցության կրճատմանը և կենտրոնացվածության մեծացմանը:

“ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իրականացված ռեֆորմների նպատակը այն էր, որ մենք չզարգանանք, դառնանք հումքային կցորդ: Եվ սա դրսի ու ներսի մաֆիայի համագործակցության հետևանքն է: Երկրի ներսում գտնվեցին մարդիկ, ովքեր որոշեցին օգտվել այդ իրավիճակից: Եվ սա պատահականություն չէ, հիմա համատեղ այս գործունեությունը ծավալվում է ի վնաս Հայաստանի բնության ու բնակչության”,- ասում է Կարինե Դանիելյանը:

Ըստ մասնագետի՝ Հայաստանի նման փոքր տարածքում այդքան մեծ թվով հանքերի շահագործումը ցուցանիշ է այն բանի, որ երկիրը իջեցվել էր ամենահետամնաց զարգացման աստիճանի:

“Ոլորտի օրենքները հետևյալ սկզբունքով էին գրվել՝ եկեք, քանդեք, տարեք: Եվ իրոք մի խումբ մարդիկ հարստացան, իսկ երկրի տնտեսական օգուտը մինիմալ է”,- նշեց նա:

Մասնագետի խոսքով՝ այս իրավիճակից սարսափելի տուժում է Հայաստանի բնակչությունը, որովհետև հանքերը աղետալի հետևանքներ են թողնում:

“Պոչամբարները, որոնք հանքերի շահագործման հետևանք են, ուղղակի մնում են մեզ որպես թունավորված լուսնի տեսարան: Վնասներն ու վտանգները տասնապատիկ ու հարյուրապատիկ գերազանցում են այն օգուտը, որն իբր երկիրը ստանում է”,- հավելեց Կարինե Դանիելյանը:

Ըստ մասնագետի՝ ոլորտում շատ անելիքներ կան: “Մենք հանձնաժողովի ստեղծում էինք առաջարկել, հանքերը շատ տարբեր են, մեկ առ մեկ պետք է ուսումնասիրել: Որը կարելի է կարգի բերել, գուցե կարգի բերեն, որոշները պետք է փակել: Նոր հանքերի բացումը շատ զգուշորեն ու խիստ պայմաններով պետք է լինի: Իսկ ինչ վերաբերում է Ամուլսարին, դա մի մեծ դժբախտություն է երկրի առաջ կանգնած: Ուղղակի թակարդի մեջ ենք հայտնվել, որովհետև մի կողմից դա ամենառիսկային ծրագիրն է, մյուս կողմից ծրագիրը փակելու դեպքում շատ մեծ կոնֆլիկտներ կլինեն, ֆինանսական տույժեր կսահմանվեն: Ես այս պահին ելքը չեմ տեսնում”, ասաց Կարինե Դանիելյանը:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռ 2013 թ. ֆեյսբուքի իր էջում այս թեմայի վերաբերյալ գրել էր. «Հիմա ինտենսիվ աշխատում եմ մի օրենսդրական նախաձեռնության վրա, որը բխում է 100 քայլից։ Արդեն պատրաստ է օրենքի մի նախագիծ, որով Հայաստանի հանքարդյունաբերության մեջ առաջարկվում է արգելել օֆշորային ընկերությունների գործունեությունը։ Գիտեք, որ վերջին շրջանում այս ընկերությունների գործունեությունը Արևմուտքում նպատակ ունի պարզապես զարգացող երկրներից միջոցներն իբր թե օրինական ձևով դուրս հանել…

Օֆշորում գրանցված ընկերությունները տիրապետում են բաժնեմասերի մի զգալի մասին, օֆշորներից են ներմուծում (մատակարարում) անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը (բնականաբար ցույց են տալիս ամենաթանկ գները) և օֆշորներ են արտահանում արտադրանքը (հանքանյութը՝ բնականաբար ամենաէժան գներով, իսկ օֆշորներում արդեն վաճառում են իրական-թանկ գներով)։ Սրա վերջը պետք է տալ։ Օֆշորները չպետք է լինեն։ Եթե լավ բան լիներ ԱՄՆ-ն, Չինաստանը (բացառությամբ նախկինում գրացված 1 նավահանգստային օֆշորից), Կանադան, Բրազիլիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան և այլն դրանով կզբաղվեին։ 2013-ին օրինակ ՀՀ տնտեսությունն աճում է։ Բայց արի ու տես այս անշնորհակալ ժողովուրդ այդ աճը տեսնում է ու … արտագաղթում։ Ընդ որում` արտագաղթի նման սկիզբ մենք երբեք չէինք ունեցել։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում։ Մարդիկ օր ու գիշեր թալանում են հանքերը, կոպեկներով վաճառում արտադրանքը իրենց օֆշորային գործընկերոջը, իսկ հետո այնտեղից վաճառում են իրական գներով։ Եվ նման տնտեսական աճը բնականաբար ժողովրդին չի հասնում, չնայած հենց նրա ունեցվածքն են թալանում ու վաճառում»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache