«Դու այս պետության առաջին դեմքն ես, պարոն վարչապետ, բառերի մեջ պետք է զգույշ լինես»

155

Հունիսի 7-ին ԱԺ-ում ներկայացվելու է կառավարության ծրագիրը: Այս կապակցությամբ զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

Ինչպե՞ս եք գնահատում կառավարության ծրագիրը։

Դա ծրագիր չէ, այլ չաղ ու բախտավոր կենացների ժողովածու։ Ո՞ւր է այնտեղ ծրագիր։ Դա բարի ցանկությունների և կենացների ժողովածու է, որտեղ մի թիվ անգամ չկա։ Հիմա հարց եմ տալիս պարոն վարչապետին՝ էդ որ կանգնում ասում էիք՝ թռիչքային զարգացում ենք ապահովելու, սա ենք անելու, նա ենք անելու, բայց ձեր ծրագրում մի թիվ չկա։ Քանի՞ տոկոսով պետք է նվազի աղքատությունը, ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը որքա՞ն պետք է լինի, քանի տոկոսով պետք է տնտեսական աճ լինի, որքան ներդրում պետք է լինի, արտահանում/ներկրում հարաբերակցությունն ինչպես պետք է լինի, թոշակները որքան պետք է բարձրացնել կամ չբարձրացնել, բյուջեն ինչպե՞ս եք լրացնելու։ Ոչ մի թիվ չկա։ Երեք առաջնահերթություն է նշված՝ գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ և տուրիզմ։ Գրված է գյուղատնտեսական հողերի 1/3-ը չի մշակվում, պետք է այնպես անել, որ մշակվեն։ Այ հարգելի պարոն Փաշինյան, դու այլևս միտինգային գործիչ չես, որ այդպես ասես։ Ես հիմա կարող եմ այդպես խոսել։ Դու վարչապետ ես, պետք է ուղիները ներկայացնես, թե ինչպես դա անել։ Իմ տղան էլ կարող է ասել՝ պիտի այսպես լինի, պիտի այնպես լինի։ Դու պետք է նշես, թե ոնց պետք է դա անես, ումով, ինչ միջոցներով և ինչ ժամկետներում։ Ո՞նց պետք է անես, որ այդ գյուղատնտեսական հողերը մշակվեն, այդ մասին ոչինչ չկա ծրագրում։ Ասում են՝ աղքատությունը պետք է նվազի։ Իհարկե, պետք է նվազի, թող չուզողն էլ ես լինեմ։ Բայց ո՞նց պետք է դա անեք։ Ներգաղթից էիք խոսում, թռիչքային զարգացումից էիք խոսում։ Արդեն մեկ ամիս է իշխանություն եք, սփյուռքի մեր հայրենակիցներից քանի՞ մեծ ներդրում է եկել։ Մենք ձեզ փոխանցել ենք 7,5 տնտեսական աճով Հայաստան, էս տարին քանի՞՚ տոկոս աճով եք փակելու։ Խոսում եք ՀՀԿ-ի մասին, եթե ՀՀԿ-ն այդքան լավը լիներ, ժողովրդի ուշքն էլ մեր համար գնար, մենք էլ չէինք գնա։ Հիմա դու եկել ես, քո գործը ոչ թե ՀՀԿ-ին հայհոյելն ու վատաբանելն է, այլ քո գործն անելը։ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ։ Ասում է՝ զբոսաշրջությունը պետք է զարգանա, թավշյա հեղափոխությունը զբոսաշրջության զարգացման համար խթան է, բայց դա քիչ է, ենթակառուցվածքները ո՞նց ես անելու, ի՞նչ ուղղություններով ես անելու։ Ավիատոմսերը էժանացնելո՞ւ ես, թե ոչ, ճանապարհները  ինչպե՞ս ես սարքելու, այս տարի որքան գումար ես դնելու դրա համար։ Ոչ մի թիվ չկա, միտինգային ելույթ է։

Կառավարության ծրագրում նշվում է, որ մեկ տարվա ընթացքում պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան։

Ընտրությունների հետ կապված մենք հայտարարել ենք՝ պարոն Փաշինյան, ուզո՞ւմ ես ընտրություն, հիմա հնարավորություն ունես գնալ դրան, բայց այսօր Փաշինյանի օրակարգում շտապ ընտրությունների գնալու խնդիր դրված չէ։ Երկրորդ, միայն ՀՀԿ-ն չի, մյուս քաղաքական ուժերը կո՞ղմ են արտահերթ ընտրություններին, գնա իրենց հետ խոսիր։ Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, այդ թվում ընտրությունների հարցը։ Մեզ մի մեղադրեք, մեզնից ավելի ժողովրդավար ուժ չկա։ Մենք արտահերթ ընտրության հարցն էլ ենք պատրաստ քննարկել, ընտրական օրենսգիրքն էլ, ռեյտինգային ընտրակարգն էլ։ Եկեք նստենք, բանակցենք։ ՀՀԿ-ն կողմ է քննարկումներին, դեմ է առանց քննարկումների որոշումներին, դեմ է, որ կառավարությունը պետք է վերևից ուղարկի, մենք էլ համաձայնենք։ Հայաստանի քաղաքական օրակարգում չկա հարց, որը ՀՀԿ-ն պատրաստ չէ քննարկել։ Ես հասկացել եմ, որ կառավարությունը գնում է հին հունական հայտնի սկզբունքով՝ ինչ կարելի է Զևսին, տվյալ դեպքում Զևսն ինքն է, չի կարելի եզին, որը նախկին իշխանությունն է։ Երբ մենք մի կոպեկ անարդյունավետ ծախսում էինք, վեր էին կենում, աղմուկ էին անում։ Հիմա 20 մլն դրամով փոխվարչապետը գնացել է Դուշանբե, լավ է արել, գուցե պետք է եղել, բա մեր ժամանակ մեկ մլն ծախսում էինք, Ազգային ժողովի անկյունները քանդում էիք, 10 տարի անարդյունավետ ծախսերից էիք խոսում։ Ազգային ժողովի փոխնախագահներից ոչ մեկը կյանքում բիզնես կլասով որևէ տեղ չի գնացել։ Այնպես որ, սիրելի կառավարություն, հերիք է ձեզ դնեք սրբերի տեղ, մեզ էլ՝ հանցագործի տեղ։ Ոչ մենք ենք հանցագործ, ոչ էլ դուք եք սուրբ։ Եթե լավ կաշխատեք հանուն Հայաստանի, կօժանդակենք, վատ կաշխատեք՝ մատնացույց կանենք, ինչպես հիմա եմ անում։

Կարելի՞ է ձեր խոսքից եզրակացնել, որ տրամադրված եք կառավարության ծրագրին դեմ քվեարկել։

ՀՀԿ-ն հայտարարել է, որ տրամաբանական ենք համարում, որ հնարավորություն տանք կառավարության ծրագիրն ընդունվի, բայց ես անձնապես չեմ կարծում, որ պատրաստ եմ կողմ քվեարկել այս կենացների ժողովածուին։ Ես կոնկրետ անձի դեմ բան չունեմ, հակառակը, այս կառավարությունում ունեմ 3-4 լավ ընկերներ, որոնք անկախ կուսակցական պատկանելությունից այս հեղափոխության ժամանակ իրենց պահել են ճիշտ, մարդկային, բարձր մակարդակով։ Ես առնվազն բարոյական իրավունք չունեմ կառավարությանը վիրավորել կամ ոչ կոռեկտ գնահատական տալ։ Ես խոսում եմ երևույթներից և ակնկալում եմ, որ իրենք էլ խոսեն երևույթներից։ Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի քննարկմանը, ապա օրը կգա, մենք մեր կարծիքը կասենք։ Սա իմ առաջին տպավորությունն է, որն արդեն վերածվում է համոզմունքի։ Իմ մոտ տպավորություն է, որ սա կենացների ժողովածու է, որը միտված է շարունակել այն քաղաքական արշավը, որը կգնա մինչև նոր ընտրություններ։Կառավարությունը զբաղված է ոչ թե գործ անելով, այլ զբաղված է նախկին իշխանությունների վրա ցեխ շպրտելով և պատրաստվելով արտահերթ ընտրություններին։ Բայց պետք է հիշեցնել, որ պարոն Փաշինյան, դու արդեն իշխանություն ես, պատասխանատու ես։ Մենք 7,5 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, դուք քանի՞ տոկոս աճ եք տալու, այս մի տարվա մեջ Հայաստանը քանի՞ տոկոս տնտեսական աճ է ունենալու, զբոսաշրջությունը քանի՞ տոկոս է կազմելու, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն ինչքան է լինելու, արտահանումն ինչքան է լինելու, աղքատություն, թոշակ, ինչ ցուցանիշներ են լինելու։ Եվս մեկ բան, առավոտյան կառավարության նիստում նույն տնտեսվարողին արտոնություն ես տալիս, երեկոյան ֆեյսբուքում հայտարարում ես թալանչի ու կոռուպցիոներ։ Այդպես չի լինում։ Դու այս պետության առաջին դեմքն ես, վարչապետն ես, բառերի մեջ պետք է զգույշ լինես։ Բառերիդ մի քիչ արժեք տուր, դու իմ երկրի վարչապետն ես։ Եթե դատարանը չի որոշել, որ նա թալանչի է, դու վարչապետ ես, ինչպե՞ս ես նման բառեր կրակում։ Մենք պետք է նման բաներին լուրջ վերաբերվենք։ Վարչապետն իր ամեն խոսքի համար պետք է պատասխան տա։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache