«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել»

469

iravunk.com — ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մշակութային գործիչների հետ հանդիպմանն անդրադարձել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը, մասնավորապես նշելով. «Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դորս հանեն: Մենք իհարկե որեւէ բան չենք պարտադրելու, պատրաստվում ենք խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաներին ցածրացնեն»:

Արձագանքելով Ն. Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությանը՝ «Կիսաբաց լուսամուտների» հաղորդավար ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ գրում է. «Ներողամիտ եղեք, որ Ձեզ չեմ դիմում տեսաուղերձով կամ Live (Լայվ)-ով ու ընտրում եմ գրելու տարբերակը: Պրն. վարչապետ, Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս Հայաստանում առկա բազմաթիվ սոցիալական պրոբլեմների մի մասը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ «Կիսաբաց Լուսամուտների» հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում եւ ոչ մշակութային։ Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած սիրո, հավասարության եւ օրենքի գերակայության երկիր դառնալուց հետո միայն։ «Կիսաբաց Լուսամուտները» պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին։ Շարունակենք կատարել մեր աշխատանքն ու ծառայել մեր երկրին: Ձեզ ու մեզ հաջողություն այդ գործում»:

Որպես հետգրություն՝ Հ. Մուրադյանն ընդգծել է, որ վերջին 8 տարին Հայաստանի քաղաքացիներին իրենց ծրագրիշրջանակներում բարերարների կողմից ցուցաբերված ահռելիսոցիալական աջակցության մասին հիմա կլռի. «Այդ մասին կխոսենք Ձեր կառավարած Հայաստանի 8-րդ տարին ամփոփելուց հետո միայն»։ Այնուհետեւ հաղորդավարը շեշտել է, թե դժվարությամբ է պատկերացնում, որ, օրինակ, ՌԴ-ում Պուտինը կարող է խոսել «Пусть Говорят»-ը կամ ԱՄՆ-ում Թրամփը` «Ջերի Սպրինգերի շոուն» փակելու մասին, ապա հիշեցրել ՀՀ Սահմանադրություն 42-րդ հոդվածը՝ կարծիքի արտահայտման ազատությունը. «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache