Դուռը, որից այն կողմ է կառավարության իրական ծրագիրը

118

1in.am — Նոր կառավարության ծրագիրը ԱԺ քննարկմանը ներկայացվելուց առաջ արդեն իսկ լայնորեն քննարկվում է հանրային շրջանակներում: Գնահատականներն ու կարծիքները բնականաբար տարբեր են, դրականից մինչև դժգոհություն ու հիասթափություն ծրագրային ակնկալիքների մասով: Իրականում, սակայն, ակնհայտ է, որ ծրագիրը, խոշոր հաշվով, ֆորմալություն է և չէր կարող այդպիսին չլինել: Ոչ այն պատճառով, որ Հայաստանում քաղաքական առումով կառավարության ծրագրերը միշտ են եղել ֆորմալություն, քանի որ միշտ էլ մնացել են թղթի վրա և իրականում դրանց ներքո գործողության մեջ է եղել օլիգարխիայի ծրագիրը:

Խնդիրն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ինքնին անխուսափելի է դարձնում ծրագրային ֆորմալությունը, որովհետև կա կառավարություն, որը խորհրդարանում չունի մեծամասնություն: Իսկ դա էլ անխուսափելի անհրաժեշտություն է դարձնում խորհրդարանի արտահերթ ընտրությունը, որն էլ կառավարությունը, այսպես թե այնպես, դարձնում է ժամանակավոր: Դրանից բացի՝ ներկայումս կառավարություն են կազմել ուժեր, որոնք համաձայնության են եկել իրավիճակի շուրջ, ոչ թե ապագայի ռազմավարության: Այդ ամենով հանդերձ, կառավարության ծրագիրը կարող էր ընդամենն ունենալ երկու կետ՝ քայլեր արտահերթ ընտրությանն ընդառաջ և հետևողական պայքար կոռուպցիայի դեմ, իրավականության ու օրինականության համար:

Այդպիսով, ներկայիս կառավարությունն այլ անելիք չունի, քան ապահովել ներկայումս գործող օրենսդրության իրականացումը առանց որևէ խտրականության, և դրան զուգահեռ քայլեր կատարել ընտրական և համակարգային այլ վերափոխումների օրենսդրական անհրաժեշտությունների ուղղությամբ՝ ստեղծելով արտահերթ ընտրության լայն պլատֆորմ: Որևէ այլ ծրագրային ակնկալիք ներկայիս կառավարությունից ունենալն իսկ տարօրինակ ու անիրատեսական է, և դարձյալ օբյեկտիվորեն, որովհետև այս կառավարությունը չունի դրա ներուժը: Այդ իմաստով վիճակը նույնիսկ կարող է լինել տարօրինակ: Բանն այն է, որ կառավարությունը կամ դրա կորիզը կազմող հեղափոխության առաջնորդների թիմը բավականին ուժեղ է՝ հանրային լեգիտիմության պաշարով, գերվարչապետության լծակներով, սակայն զուտ ծրագրային ռազմավարության համար կառավարությունը թույլ է, որովհետև դե ֆակտո իրավիճակային ու ժամանակավոր կառավարություն է, որտեղ շահերը բազմազան են և ընդհանուր է միայն մեկը՝ չտապալվել: Ահա այս պայմաններում հանրությանը չարժե էներգիա և ժամանակ վատնել ռազմավարական դիտարկումների ու, ըստ այդմ, գնահատականների վրա:

Հանրության ուշադրությունը ներկայումս ընթացիկ կառավարման առումով պետք է լինի կառավարության հաշվետվողականության և թափանցիկության, կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի և օրինականության հաստատման ուղղությամբ, իսկ ռազմավարական կամ երկարաժամկետ դիտարկումների առումով օրակարգային հարցերը պետք է առնչվեն Հայաստանում ընտրական համակարգի վերափոխմանը, դրա համար անհրաժեշտ ուղղություններին և օրենսդրական նախաձեռնություններին: Ռազմավարական զարգացումների բանալին այստեղ է, և այդ, այսինքն՝ իրապես ազատ ընտրական ու քաղաքական համակարգերի դուռը չբացելով, այլ ռազմավարությունները հասանելի կարող են լինել զուտ տեսական քննարկումների մակարդակում, ինչպես նախկինում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache