Ձեր Ազատությունը ծառայեցրեք այլոց Ազատությանը աջակցելուն. Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին

62

ՀՀ արդարադատության նախարար հարգելի՛ Արտակ Զեյնալյան, վերջերս ձեր ֆեյսբուքյան ասուլիսում Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող հաշվարկում ցմահ դատապարտյալների թվով անփառունակ վիճակում է, և այդ հարցը շատ խիստ հսկողության տակ է:

Ես ուզում եմ այդ կապակցությամբ Ձեզ հայտնել իմ անկեղծ մտահոգությունները և փոխանցել իմ խնդրանքը: Պարոն նախարար, ես կարծում եմ, որ Ձեր բարձրացրած խնդրին պետք է աջակցեն Հայաստանի քաղաքացիները: Տարիներ շարունակ պետությունը միլիոնավոր դոլարներ է վերցրել դատաիրավական բարեփոխումների համար, սակայն համակարգում նույն խայտառակ վիճակն է տիրում՝ ի տարբերություն դատավորների աշխատավարձի և իրենց շքեղ առանձնասենյակների:

Նախևառաջ պետք է դատավորներին արգելել ներքին համոզմամբ վճիռ հրապարակելը: Ամբողջ աշխարհի դատաիրավական համակարգերում այսօր գործում է օրենքը, հիմք են հանդիսանում միայն անհերքելի փաստերը, իսկ մեզ մոտ հիմնավոր փաստերի (որոնք կապացուցեն կամ կհերքեն հանցագործության կատարելը) փոխարեն կիրառվում է ներքին համոզմունքի ինստիտուտը, և անձին դատապարտում են ընդամենը ներքին համոզմամբ: Մենք բոլորս միասին պիտի աջակցենք, որպեսզի օրենքներում կատարվեն փոփոխություներ և անմեղ մարդկանց չլցնեն բանտերը:

Եվրոպայում մի հասարական գործիչ, երբ հանդիպել է արդարադատության ոլորտի կարկառուն դեմքերի հետ, պնդել է, որ վերաբացվեն ցմահ դատապարտված դատապարտյալների գործերը: Իր պնդմամբ՝ բազմաթիվ անձինք իրականում անմեղ են: Որպես պատասխան՝ այդ հասարակական գործչին մեղադրել են դավաճանության մեջ, քանի որ դրանով նա կասկածի տակ է դնում մեր արդարադատությունը: Սակայն ի զարմանս բոլորի՝ այս հասարակական գործիչի 15 տարի տևող պայքարից հետո բացվել են որոշ գործեր և մի շարք ցմահ դատապարտյալներ են ազատ են արձակվել: Սա է միակ ճիշտ արդարացի օրինակը:

Առանց պայքարի հաղթանակ չկա: Այսօր որոշ պաշտոնյաներ նստած են իրենց շքեղ կաբինետներում և զբաղված են սին փիլիսոփայությամբ, Facebook սոցիալական ցանցում գրառումներ են անում արդարության մասին, փորձում են ցույց տալ հանրությանը, որ դեմ են անօրինականությանը: Իսկ ու՞ր էին նրանք մինչև հեղափոխությունը, երբ հարյուրավոր անմեղ մարդկանց ծեծ ռւ ջարդով լցնում էին բանտերը, ոստիկանությունը սպանդանոցի էր վերածվել, ծեծելով, խոշտանգելով ցուցմունքներ էին կորզում, ինչու՞ այն ժամանակ չէին խոսում անօրինականությունների մասին:

Հարգելի՛ նախարար, այս խրթին հարցով մտահոգ են ոչ միայն դատապարտյալները, այլև հասարակության զգալի մասը՝
ԶԼՄ-ները, որոնք նյութեր լուսաբանելով ու տարածելով են փորձում օգնել, հասարակական գործիչները, որոնք իրենց ձայնն են ուզում լսելի դարձնեն պատկան մարմիններին, նրանց ընտանիքները, որոնք սրտատրոփ ու անտանելի ծանր ապրումներով սպասում են որևէ բարեփոխման և այլոք։

Ազատության տենչող մարդու մտքի ճկուն թռիչքն այնքան մաքուր է, այնքան բարի, միևնույն ժամանակ՝ այնքան ցավոտ։ Ազատության գինը թանկ է, ու վճարված է սպիտակ մազերի ու մարդկային ֆիզիկական ցավով ՝ առողջության կորստով։ Եվ ազատության այդ տենչը մարդկային սխալի պատճառով երբեմն վերածվում է ատելության և չարիքի: Բայց դա չի լինի, եթե մարդիկ այս աշխարհում ունենան հույսի և լույսի շող, եթե նրանց տրվի հնարավորություն:

Lինելով ցմահ դատապարտյալ, որը դատապարտվել է հանիրավի, ես խնդրում եմ ինձ հնարավորություն տալ՝ նորից ապրել հասարակության մեջ, ինչ-որ բանով պիտանի լինել հանրությանը և իմ երկրին: Ես հենց այդ հույսի և լույսի շողն եմ ուզում, որի մասին վերևում նշեցի:

Հարգելի՛ պարոն նախարար, նորից խնդրում եմ Ձեզ հետևողական լինել Ձեր իսկ բարձրացրած հարցի շուրջ: Հավատացե՛ք, դա շատ կարևոր հանրային խնդիր է, որն անհապաղ լուծում է պահանջում։

Սրտի մե՜ծ թրթիռով ու հույսով սպասում ենք Ձեր արգասաբեր գործունեության արդյունքին։

Ստեփան Գրիգորյան
«Արմավիր» ՔԿՀ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache