Լրահոս

Ձեր սահմանը իմ ծնունդի ճոխ սեղանին վնաս չի

 

Հուլիսի 14-ին գեներալ Մանվել Գրիգորյանը տոնելու է իր 61-ամյակը։ Իր ծննդյան նախօրեին գեներալը հարսանեկան հրավիրատոմսերի նման բացիկներ բաժանելը բարի ավանդույթ է դարձրել։ Նա այս տարի ևս չշեղվեց իր ավանդույթից, չնայած նրան, որ սահմանին վիճակը լարված է․ գեներալն արդեն սկսկել է հրավիրատոմսեր բաժանելու գործընթացը՝ պատրաստվում է կերուխումի։

Չենք ուզում անդրադառնալ այն ոգեշունչ տողերին, որոնք տեղ են գտել ծննդյան համար պատրաստված ու դարփնի տերևով զարդարված հրավիրատոմսի վրա։ Այս խոսքերի հեղինակը ո՛չ գեներալ Մանվելն է, ու ո՛չ էլ հատկապես այդ խոսքերը բնորոշում են նրան։

Սա հատուկ ձեռագիր է։ Ոչ վաղ անցյալում էլ, հերթական ծննդյան տարեդարձի հրավիրատոմսերից մեկի վրա, օրինակ, գեներալը երգ էր ձոնել տվել իր պատվին, որտեղ մասնավորապես կային նման տողեր․

«Թշնամին թե դիպչի մեր հողին, 
Ձայն կտանք մեր ախպեր Մանվելին»։

Դարձյալ չենք քննարկում այն, որ այս պահին էլ հողին «դիպչել» են, ու սահմանին կանգնած զինվորներն ունեն օգնող ուժի կարիք։ Բայց մեր «ախպեր Մանվելը» հազիվ թե սատար կանգնի, քանի որ ուտուշ-խմուշի «տասովկաների» մեջ է, որից հետ պահելը նրան «ձայն տալ»-ով չի լինի։

Նույն այս գեներալն ամեն պատեհ ու անպատեհ առիթ բաց չի թողնում, որ իր բամբ ձայնով բարձրաձայնի, թե ինքն իր ազգի, իր հողի, հայրենիքի պաշտպանն է ու նվիրյալը, թե ազատամարտիկների ու զինվորների ցավը նաև իր ցավն է, և ամեն ինչ անելու է նրանց խնդիրները լուծելու համար…

Կասկած չկա, որ Գրիգորյանն իր ծննդյան տարեդարձը նշելու է որևէ ռեստորանում։ Մինչդեռ գեներալն իր՝ ազգանվեր լինելու հետ կապված խոսքերը գործով կարող էր իսկապես համոզել բոլորին․ օրինակ՝ եթե իր ծննդյան օրը նշեր ոչ թե ռեստորանում, այլ լիներ սահմանին՝ հայ զինվորների կողքին, ու ճոխ խնջույքի փոխարեն՝ օժանդակեր նրանց ուժով, սննդով, հագուստով․․․ նա արդեն կլիներ մեծատառով Գեներալ։

Այն ժամանակ գուցե նրա ծննդյան օրն ազգովի հիշեինք ու ձոն հյուսեինք։

«Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»․․․

Բայց, ցավոք, սա ո՛չ թե Մանվել Գրիգորյանին նվիրված ձոնն է, այլ «Վահագնի ծնունդն»-ը․․․



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing