Լրահոս

Դժվար փուլ. Ինչ գործողություն է պատրաստվում

 

Հունիսի 19-ին ղարաբաղյան կարգավորման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո գրեթե բոլոր միջազգային կառույցները հայտարարություններ են տարածել Ղարաբաղի հարցով: ԱՄՆ Պետդեպը, Ռուսաստանի ԱԳՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունն անհանգստություն են հայտնել հակամարտության գոտում բռնության կապակցությամբ: Նրանք նաեւ կոչ են արել վերսկսել բանակցությունները, քանի որ դա է խնդրի լուծման միակ ճանապարհը, այլ «ոչ թե երիտասարդ հայերի ու ադրբեջանցիների սպանությունը», ասել է Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ինչո՞վ է պայմանավորված միջազգային կազմակերպությունների միաբանությունը, եւ լուրջ անհանգստության առիթ կա՞ր: Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջին անգամ չէ էսկալացիա լինում, եւ միջազգային կառույցներն ամեն անգամ չեն այսքան բուռն արձագանքում:
Վերլուծաբանները ենթադրում են, որ կան մի շարք գործընթացներ, կամ էլ իրադարձություններ ու փոփոխություններ են սպասվում, որոնք ստիպել են դիրքորոշում հայտնել:
Այս բոլոր հայտարարությունները միավորում է այն, որ դրանցից ոչ մեկում կարգավորման առաջարկներին, այդ թվում, մադրիդյան սկզբնունքներին հղում չկա: Մայիսի 17-ին Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, եւ միայն Կազանի փաստաթուղթն է, որ չեն հանձնել ԵԱՀԿ քարտուղարությանը: Ընդ որում, նա խոստովանել է, որ այս փաստաթուղթը մերժում է Ադրբեջանը:
Միջազգային կազմակերպությունների հայտարարությունները եւ Սերժ Սարգսյանի խոսքը վկայում են, որ մադրիդյան սկզբունքները նույնպես հնարավոր է «հանձնվել են քարտուղարություն», ինչը նշանակում է, որ կամ նոր առաջարկներ են մշակվում, կամ էլ որպես այլընտրանք բոլորը համաձայնվել են, որ ավելի հեշտ է սառեցնել գործընթացը: Երրորդ տարբերակն այն է, որ «խաղաղության պարտադրման համաձայնեցված գործողություն» է նախապատրաստվում:
Նոր առաջարկների մշակման կամ էլ գործընթացի սառեցման գլխավոր անհրաժեշտ պայմանը ստատուս-քվոյի պահպանումն է ինչպես տարածքային, այնպես էլ ռազմա-քաղաքական առումով: Գործնականում բոլոր միջազգային ատյանները հանդես են գալիս պատերազմ թույլ չտալու օգտին: Անկասկած, կարող է պահ գալ, երբ պատերազմը ձեռնտու լինի կողմերից մեկին՝ որպես միջամտության առիթ:
Ադրբեջանը կլսի՞ միջազգային կազմակերպությունների կոչերը պատերազմի վերսկսում թույլ չտալու մասին: Ինչպե՞ս է օգտագործվելու թայմ-աութը, փոխվելու՞ է բանակցությունների ձեւաչափը եւ ի՞նչ առաջարկներ են մշակվելու:
Ադրբեջանն առայժմ թայմ-աութը լրացնում է երիտասարդ հայերի սպանությամբ, որն էլ երիտասարդ ադրբեջանցիների սպանության պատճառ է դառնում:
Միջազգային ատյանների հայտարարություններում դժվար է ինչ-որ գործողությունների կամ փոփոխությունների նախապատրաստության ակնարկներ տեսնել: Ղարաբաղում, օրինակ, ասում են, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում «Ղարաբաղի դե-ֆակտո իշխանություններ» հիշատակումը վկայում է, որ աշխարհում սկսում են ճանաչել հակամարտության եռակողմ ձեւաչափը: Դա նշանակում է, որ Ղարաբաղը, հնարավոր է, միանա բանակցություններին:
Հայաստանում դեռ չեն քննարկում, թե Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտից հետո ով է բանակցելու, ում է փոխանցվելու ոչ ֆորմալ մանդատը: Հնարավո՞ր է մանդատի փոխանցումն ուղեկցվի բանակցություններին Արցախի միանալով, որտեղ, ի դեպ, շուտով խորհրդարանը նախագահ կընտրի:
Հայտարարությունների եւս մեկ ընդհանուր «թեմա» է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հիշատակության բացակայությունը: Դա կարող է վկայել, որ այդ ձեւաչափը եւս սպառել է իրեն, եւ նոր ձեւաչափեր են որոնվում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing