Լրահոս

Է՞լ ինչ առաջարկներից է հրաժարվել Հայաստանը

 

Հայաստանում Եվրամիության դեսպան Սվիտալսկին, Երեւանում բացելով առաջին արեւային կանգառը, ասել է, որ հայերին պետք է էժան էներգիա եւ անկախություն: Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում Հայաստանի անկախությանը եւ աջակցում է, ասել է նա:
Ռուսաստանից տոտալ կախվածության եւ սեփական ինքնիշխանությանը Հայաստանի «անլուրջ» վերաբերմունքի պայմաններում Արեւմուտքը չի կարող դիմել ներդրումների եւ անվտանգության համակարգերի մատակարարումների ռիսկին:
Արեւմտյան երկրները տարբեր կերպ են փորձել նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ Եվրամիությունն առաջարկում էր Ասոցիացիա, ԱՄՆ-ն՝ դոնորների կոնֆերանս: Ֆրանսիայի նախկին նախագահ Օլանդը նույնիսկ առաջարկում էր Ղարաբաղում հետաքննության մեխանիզմների հետ մեկտեղ կիրառել «պատժելու» միջոցներ:
Հայաստանի իշխանության համար գնալով ավելի ու ավելի է դժվարանում բացատրել, թե հանուն ինչի է Հայաստանը փաստացի հրաժարվում շահավետ առաջարկներից:
Տպավորություն է, որ որոշում կա Հայաստանին առաջարկել այնպիսի բաներ, որոնցից նա չի կարող հրաժարվել: Օրինակ, ԱՄՆ-ն առաջարկել է 8 միլիարդ դոլար ներդրումների հեռանկար էներգետիկայի ոլորտում: ԵՄ դեսպանն առաջարկում է էժան էներգիա եւ ինքնիշխանություն: Բայց Հայաստանի իշխանությունն առայժմ համառորեն լռության է մատնում նույնիսկ այն առաջարկները, որոնցից հնարավոր չէ հրաժարվել:
Իշխանությունը, սակայն, ինչ որ պահի ստիպված է լինելու բացատրել, թե հանուն ինչի ու ինչ նպատակների է մերժում կամ լռության մատնում այդ առաջարկները: Ռուսաստանի սպառնալիքի՞, թե սեփական մանր շահերի ու անվտանգության:
Այս ֆոնին, հայ հանրությունը պետք է իմանա, թե էլ ինչից են հրաժարվել Հայաստանի իշխանությունները: Օրինակ, եղե՞լ են այլ երկրներից սպառազինության մատակարարման առաջարկներ, որը թույլ կտար խուսափել սահմանին կորուստներից ու չեզոքացնել Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունը:
Կամ, եղե՞լ են Ղարաբաղի անկախությունը ճանաչելու առաջարկներ: Օրինակ, ԱՄՆ-ից, որի 7 նահանգներ արդեն ճանաչել են անկախությունը:
Պաշտոնական Երեւանը խտրական մոտեցում է ցուցաբերում Արեւմուտքի առաջարկների հանդեպ, հաճախ մոռացության տալով բանաձեւերը, որոնք չեն տեղավորվում Ռուսաստանի շահերի մեջ: Օրինակ, այս շաբաթ Եվրախորհրդարանը դադարեցրեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունը, հիշատակելով այդ թվում հայերի ցեղասպանությունը, ինչպես նաեւ ընդունեց բանաձեւ, ըստ որի ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հիման վրա:
Պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չարձագանքեց այս իրադարձություններին, կարծես թե դրանք կապ չունեն Հայաստանի շահերի հետ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing