Լրահոս

Էդ ինչքա՜ն պիտի վճարեն, որ արվեստագետն իր ծանր տեղը թեթևացնի

 

Մեկն իր երեխայի պայծառ ապագան է վստահում ՀՀԿ-ին, երրորդն պարզապես երգիչ լինելու համար է հայտնվել քարոզարշավում, մյուսն օգտագործում է առիթը, որպեսզի հանդիպի իր հանդիսատեսին, մյուսներն էլ խուսափում են խոսել տեսախցիկի առաջ…

Վերջին օրերին սոցիալական հարթակներում ակտիվ քննարկումների առիթ դարձավ հայ հայտնիների մասնակցությունը ՀՀԿ քարոզարշավին: Այս առիթով մասնագիտական դիտարկումներ են անում քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը, սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը:

«Եթե հանրությանը հայտնի մարդիկ ներգրավվում են քաղաքական գործընթացներում, այս դեպքում՝ քարոզարշավում, ապա նպատակը մեկն է՝ բարձրացնել տվյալ քաղաքական ուժի վարկանիշը նախընտրական շրջանում: Թեեւ պետք է հիշել, որ սա առաջին դեպքը չէ: ՀՀԿ-ն նախորդ տարիներին էլ՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների քարոզարշավներին, միշտ էլ ներգրավել է հայտնի դեմքերի, այդ թվում եւ՝ շոուբիզնեսի ներկայացուցիչների:

Այնպես որ, սա նորություն չէ»,- նշում է Էմիլ Օրդուխանյանը: Քաղաքագետը նորմալ է գնահատում հայտնիների ներգրավվածությունը նախընտրական քարոզարշավին, քանի որ, ըստ մասնագետի, այսօր աշխարհում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ցանկացած միջոց կարելի է արդարացված համարել: Նա նշում է, որ նմանատիպ օրինակ էր նաեւ ԱՄՆ նախագահական ընտրություններին տեղի հայտնի աստղերի մասնակցությունը քաղաքական գործընթացներին, երբ նրանց մի մասն աջակցում էր Թրամփին, մյուս մասը՝ դեմոկրատներին:

Այնպես որ՝ այդ պրակտիկան աշխարհում կիրառելի է: «Ինչ վերաբերում է արվեստագետների վարկանիշին, ապա ես ձեռնպահ կարծիք կարտահայտեմ, արվեստագետներն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք իրենք դրանով իրենց արվեստն ավելի արժեւորում են, թե՞ արժեզրկում: Ամեն մեկն իր վարքագծով ցույց է տալիս իր ընտրությունը: Քանի որ հասարակական ընկալումը միանշանակ չէ, շատերը բացասաբար են ընկալում, երբ ինչ-որ աստղեր ներգրավվում են քարոզարշավում՝ փորձելով ներկայացնել, որ իրենց մասնակցությունը պետք չէ քաղաքականացնել: Մինչդեռ պետք է նշել, որ քարոզարշավն ինքնին քաղաքական գործընթաց է: Այսինքն՝ այն հիմնավորումը, որ պետք չէ իրենց մասնակցությունը քաղաքականացնել, տեղին չէ»,-կարծում է քաղաքագետը: Ըստ Օրդուխանյանի՝ հասարակության մեջ կան շերտեր, որոնց այդ մեթոդով քաղաքական ուժերը կարող են գրավել, սակայն շատերի մոտ էլ կարող է բացասական վերաբերմունք ձեւավորվել ոչ միայն քաղաքական ուժի, այլեւ տվյալ արվեստագետի նկատմամբ:

Միեւնույն ժամանակ կան նաեւ շատ արվեստագետներ, որոնք միշտ ձեռնպահ են մնում տարբեր քաղաքական գործընթացներից: «Կարծում եմ՝ քարոզարշավներին մշակույթի ոլորտի մարդկանց ներգրավումը մի փոքր տգեղ է: Ցավոք սրտի, դա ընդունված է հետխորհրդային երկրներում: Իմաստ չեմ տեսնում, երբ արվեստագետը ներգրավվում է քաղաքական գործընթացներին, քանի որ նա իր ասելիքն ու այն հանրությանը տեղ հասցնելու իր ուրույն ճանապարհն ունի: Ինքն իր ասելիքն իր արվեստի միջոցով պետք է փոխանցի: Խոսքն այն մասին չէ, որ արվեստագետներին պետք է արգելել քաղաքականությամբ զբաղվել, սակայն արվեստագետների միջոցով իրականացնել քաղաքական պայքար՝ տգեղ է»,-կարծում է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

Ըստ սոցիոլոգի՝ այս մեթոդով փորձում են բոլոր հնարավոր խավերին ներգրավել այդ գործընթացներին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր հիմնականում սերիալ են դիտում կամ թատրոն: Չէ՞ որ արվեստի ներկայացուցիչները շատ մարդկանց համար կարող են կարծիք ձեւավորել: Նրանք, սատարելով այս կամ այն թեկնածուին կամ ուժին, ապահովում են առնվազն իրենց երկրպագուների կողմից ինչ-որ չափի համակրանք:

«Ակնհայտ է, որ ցանկացած քաղաքական ուժի անհրաժեշտ է տոկոս ապահովել, ուստի այդ միջոցին էլ են դիմում: Իհարկե, դա օրենքի սահմաններում է, պարզապես տգեղ երեւույթ է: Չեմ պատկերացնում՝ էդ ինչքա՜ն պիտի վճարեն, որ արվեստագետն իր ծանր տեղը թեթեւացնի, Հանրապետականի հետ ընկնի դռնեդուռ, ասելով՝ եկեք, ձեր ձայնը տվեք Հանրապետականին։ Որ ի՞նչ: Ինչո՞ւ, եթե այդ նույն ժամանակը կարելի է ծախսել արվեստի գործ ստեղծելու համար»,- մտահոգվում է Կարեն Սարգսյանը: Ըստ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի՝ հայտնի մարդկանց ներգրավումը քաղաքական գործընթացներին տարածված տեխնոլոգիա է: Բավականին երկար ժամանակ կիրառվել է ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Ռուսաստանում:

«Գոյություն ունեն հստակ հարցումների տվյալներ, ըստ որոնց, օրինակ, եթե Նիկուլինը կամ Պուգաչովան հայտարարեին, որ Ելցինի օգտին են քվեարկելու, ապա որոշակի տոկոսով կավելանային նրա օգտին արված քվեները: Զարմանալի պատկեր է ստացվում այն առումով, որ այդ եղանակով հավաքվող քվեներն ավելի շատ ուղղված են դերասաններին ու երգիչներին, քան տվյալ քաղաքական գործչին կամ ուժին: Բայց քանի որ հանրությունը հավաքականության մեջ բավական էմոցիոնալ է, նրանք հաճախ կարող են նաեւ մոռանալ այն բացասական վերաբերմունքը, որ մինչ այդ ունեին տվյալ քաղաքական ուժի հանդեպ: Արդյունքում աստղերի հնարքը կարող է աշխատել»,-կարծում է Կիրակոսյանը:

Նա միաժամանակ նշում է, որ միայն այդ հանգամանքը չի կարող ապահովել որեւէ քաղաքական ուժի հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Քանի որ այս օրերին ակնհայտ է նաեւ հակառակ տենդենցը, երբ հայտնիները վարկաբեկվում են՝ միանալով որեւէ քաղաքական գործչի կամ ուժի: Չնայած, պետք է նշել, որ այդ վարկաբեկումը ժամանակային առումով բավական կարճ է տեւում. մարդիկ շատ արագ դա մոռանում են եւ շարունակում սիրել իրենց երկրպագած աստղերին, եթե, իհարկե, կրկնություններ չեն լինում:

Այսինքն ՝ արվեստագետը չի շարունակում մասնակցել քաղաքական գործընթացների, արդյունքում՝ քարոզարշավի ընթացքում նրա ձեռք բերած բացասական իմիջը 1-2 ամիս անց կրկին մաքրվում է: Մենք մի օրինակ ունենք, երբ սիրված երգչուհին մտավ ԱԺ, կարճ ժամանակ անց դարձավ հանրության կողմից չսիրված մշակույթի գործիչ: Իսկ այս պարագայում, երբ տեւական չէ, երբ արվեստագետը մտել է քաղաքական գործընթացների մեջ, որի համար, բնականաբար, գումար է ստանում, այդքան ռիսկային չէ, քանի որ, ցավոք սրտի, ժողովրդի հիշողությունը բավական կարճ է: Եվ այդ փաստից դարեր շարունակ օգտվել են տարբեր քաղաքական ուժեր»,- կարծում է PR մասնագետը: Երեւանի մի բնակիչ, ով չցանկացավ անունը նշել, բավական երկար ժամանակ է, ինչ հավանում է Լուիզա Ղամբարյան դերասանուհուն. «Ես փորձում եմ դիտել նրա մասնակցությամբ բոլոր ներկայացումները Դրամատիկական թատրոնում: Նա հրաշալի թատրոնի դերասանուհի է: Իհարկե, երբ տեսա, որ նա մասնակցում է քարոզարշավին, մի փոքր զարմացա: Այնուամենայնիվ, հարգում եմ նրան՝ որպես թատրոնի դերասանուհի»:

«Նրանց, ում մենք հաճախ քաղաքական գործիչներ ենք անվանում, քաղաքական դերասաններ են եւ բավական անհաջող քաղաքական դերասաններ: Մենք՝ ընտրողներս, պիտի հասկանանք, որ ընտրում ենք դերասանների, այլ ոչ գործիչների: Քանի որ տվյալ մարդը որեւէ գործ չի արել, բացի ճոռոմ-ճոռոմ խոսելը: Ուստի այդ քաղաքական չակերտավոր գործիչներն այն հարթության մեջ են, որտեղ գտնվում են իրենց PR անող դերասանները, աստղերն ու աստղիկները: Այսինքն՝ ստացվում է, որ հաջողված դերասանները PR են անում անհաջող դերասաններին»,- նշում է Հայկ Կիրակոսյանը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing