Լրահոս

Էդվարդ Նալբանդյան. «Միայն Սաֆարովի դեպքը չէ, որ Բաքուն ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի կողմից որդեգրած արժեքները»

 

Edvard_Nalbandyan-2

aravot.am-ը գրում է.

Էդվարդ Նալբանդյանի պատասխանները ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում հնչած հարցերին, մաս 1

Նաիրա Զոհրաբյան. Ես երեք հարց ունեմ, պարոն Նալբանդյան: Միջազգային մամուլը վերջին շրջանում համառորեն տեղեկատվություն է շրջանառում, որ Վիեննայից հետո` հունիսին սպասվող հանդիպմանը, հնարավոր է կողմերի միջև ինչ-որ համաձայնագիր ստորագրվի: Այդ տեղեկատվությունն իր մեջ ռացիոնալ որևէ հիմք պարունակո՞ւմ է, թե՞ ոչ: Հարց երկրորդ. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության մասին համաձայնագիրն ի՞նչ փուլում է՝ հաշվի առնելով, որ այդ ուղղությամբ Ձեր նախարարությունն էլ է որոշակի աշխատանքներ տանում: Երրորդ. ի՞նչ ընթացքի մեջ են խոշտանգված, գլխատված զինվորների հարազատների կողմից ներկայացված հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ տեղի ունեցածը մարդու իրավունքների ոտնահարում և կոնվենցիաների խախտում ճանաչելու համար:

Էդվարդ Նալբանդյան. Տիկին Զոհրաբյան, հաջորդ հանդիպման ընթացքում համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ ձեր առաջին հարցին պատասխանեմ՝ ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Ի՞նչ են պայմանավորվել կողմերը` Ռուսաստանի արտգործնախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարի ներկայությամբ, դա այն է, ինչ հրապարակվել է եռանախագահող երկրների համատեղ հայտարարության մեջ: Ինչո՞ւ եռանախագահող երկրների կողմից։ Հասկանալի է, որ դա կարող էր լինել 5 երկրների կողմից, այսինքն՝ ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը: Բայց Ադրբեջանը հրաժարվեց միանալ այդ հայտարարությանը։ Այդ իսկ պատճառով դա դարձավ եռակողմ հայտարարություն: Եռանախագահ երկրների կողմից արված հայտարարության մեջ հստակ նշված են այն հանձնառությունները, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում:

Հիշեցնեմ Ձեզ, որ այնտեղ նշվում է 1994-1995թթ. եռակողմ անժամկետ զինադադարի պայմանագրերի անխտիր իրականացման կարևորությունը: Այնտեղ նաև նշվում է զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման մասին: Նաև ասվում է, որ, ըստ պայմանավորվածության, բանակցությունների հաջորդ փուլը կլինի հունիսին (վայրը դեռ ճշտված չէ), որը նվիրված կլինի բանակցությունների վերսկսմանը:

Պարզ է մեկ բան, որ այդ բանակցությունների վերսկսման համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: Ես մի քանի անգամ նշել էի այդ մասին, այդ թվում նաև խորհրդարանում, որ դրանք նախապայմաններ չեն Հայաստանի կողմից: Խոսքը գնում է նրա մասին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունները վերսկսելու համար, և դրա մասին Վիեննայում ասացին հենց եռանախագահողները, ինչպես նաև պարտավորվածություններ վերցրեցին կողմերը: Եվ եթե այդ պայմանները ստեղծվեն, եթե ստեղծվի մեխանիզմը, եթե ստեղծվի մշտադիտարկման՝ մոնիթորինգի այդ հնարավորությունը և ընդլայնվեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի, նրա թիմի կարողությունները, այսինքն՝ բացառվեն այնպիսի զարգացումներ, ինչպիսին եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի սկսել բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ:

Կարող եմ ասել, որ հունիսի սկզբին նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Տեղի են ունենալու եռանախագահների առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այդ հանդիպումների ժամանակ մենք կշարունակենք քննարկել Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պարտավորությունների լիակատար իրականացման հետ կապված հարցեր: Դա հնարավորություն կտա հարթել ճանապարհ դեպի, ինչպես նշված էր այդ հայտարարության մեջ, ապագա հանդիպման համար, և, ինչու ոչ, հնարավոր է նաև բարձր մակարդակի հանդիպում։ Եռանախագահների հայտարարության մեջ նշված չէ, թե հաջորդ փուլը ինչ մակարդակով է լինելու: Բացառված չէ, եթե բոլոր պայմանները ստեղծվեն և նախապատրաստվի այդպիսի հանդիպման հնարավորություն, ապա կարող է լինել նաև գագաթաժողով:

Բայց, իհարկե, երբ մենք խոսում ենք այս ամենի մասին՝ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին, ապա հաջորդ հանդիպմանը որևէ համաձայնագրի ստորագրման մասին այս պահին ոչ միայն վաղաժամ է, այլ անիմաստ է խոսել, քանի որ չկա մշակված փաստաթուղթ, որը կարող է ստորագրվել: Այդ բանակցությունները պետք է նվիրված լինեն հենց դրան, որ շարունակվեն մշակվել հիմնախնդրի կարգավորման գլխավոր ուղղությունները, որոնք մենք ժամանակին կոչում էինք, հիմա էլ կարող ենք կոչել հիմնարար սկզբունքներ կամ հիմնախնդրի կարգավորման շրջանակային ձևաչափ, որպեսզի դրա հիման վրա հնարավոր լինի մշակել կողմերի միջև այն իրավապայմանագրային փաստաթուղթը, որը հնարավորություն կստեղծի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար:

Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պաշտպանության համաձայնագրի վերաբերյալ, ապա՝ այո, դա հանձնարարվել է արտաքին գործերի նախարարությանը: Ես նշել էի դրա մասին նաև խորհրդարանում ևս մեկ անգամ, որ այն գտնվում է մշակման փուլում: Դրա հետ կապված հաջորդ քայլերը կապված կլինեն ապագա զարգացումներից և համապատասխան գործոններից: Այսօր ես կարող եմ այսքանն ասել։ Այդ ամենն ի նկատի ունենալով՝ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ միասին համապատասխան եզրակացություններ և որոշումներ կկայացնեն։

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների այն աղաղակող խախտումներին, որոնք տեղի ունեցան ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ, իհարկե, մենք բարձրաձայնում ենք, ներկայացնում ենք դրանք և ոչ միայն մեկ, այլ բազմաթիվ կառույցներում, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն՝ իր հերթին, համապատասխան կառույցներին ներկայացրել են ու շարունակելու են ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և մարդասիրական կոնվենցիաների աղաղակող ոտնահարումները: Հուսով ենք, որ պատշաճ արձագանք կլինի այդ կառույցների կողմից: Սրանք պարզ գործընթացներ չեն։ Բայց մեր կողմից բոլոր հնարավոր քայլերը շարունակվելու են, որպեսզի այդ կառույցներն իրազեկվեն:

Նաիրա Զոհրաբյան. Շատ կարճ ռազմական փոխօգնության համաձայնագրի վերաբերյալ. խորհրդարանում մենք Արցախի ճանաչումը համարեցինք ոչ ճիշտ՝ հաշվի առնելով Ձեր նշած խնդիրները, որոնց մասին հիմա չենք բարձրաձայնում: Որքան հասկանում եմ, նույն ռեժիմով գնում է նաև ռազմական փոխօգնության համաձայնագիրը, որի խորհրդարան գալը ևս կախված է ինչ-ինչ խնդիրներից, այսինքն՝ հնարավոր է և չգա այդ պահը:

Էդվարդ Նալբանդյան. Ես նույն հավասարության, նույն հարթության վրա չէի դնի և չէի ասի, որ նույն ռեժիմով է գնում: Ես կասեի, որ այդ համաձայնագրի մշակման և կնքման հետ կապված հարցերը գտնվում են մեր օրակարգում: Բայց նաև ասացի այն, ինչ որ ասացի:

Շիրակ Թորոսյան. Շնորհակալություն: Պարոն նախարար, Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստան-Վրաստան փոխհարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: Այս պահի դրությամբ ես մի քանի խնդիրներ պետք է բարձրաձայնեմ, որոնք լուծման կարիք ունեն: Մասնավորապես, Վրաստանի հայկական դպրոցների վիճակը, որոնք արագորեն վրացականացվում են, և այդ դպրոցներում հայեցի կրթության խնդիրը խիստ վտանգված է, սահմանային անցակետերում հայատառ գիրք-գրականություն, մամուլ անցկացնելու հիմնախնդիրները, ինչպես նաև վերջերս՝ ապրիլի 24-ի կապակցությամբ Ախալցխայում ծագած տհաճ միջադեպը: Այս և նման այլ հարցեր հայ-վրացական երկկողմ օրակարգում ներառվո՞ւմ են, թե՞ ոչ: Ինչպիսի՞ն է վրացական կողմի արձագանքն այս խնդիրներին: Եվ եթե նրանք խոչընդոտներ են հարուցում, ապա արտաքին գործերի նախարարության կողմից արդյո՞ք այդ հարցերը բարձրացվում են միջազգային ատյաններում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում: Եվ նշեմ, որ այս խնդիրները, որոնք կան, փաստորեն, հայկական ազգային փոքրամասնության իրավունքների ոտնահարում է, և սա այն դեպքում, երբ Վրաստանը միջազգային հանրության առջև ստանձնել է որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգումը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Թորոսյան, ես բազմիցս նշել եմ, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս մեր հարաբերություններին հարևան Վրաստանի հետ և գործադրում ենք հնարավոր բոլոր ջանքերը, որ այդ հարաբերություններն առավել զարգանան և ամրապնդվեն:

Դուք ճիշտ եք՝ ասել եմ, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան: Ես կասեի՝ կան հարցեր, և դա բնական է։ Հարևան երկրների միջև բազմաթիվ հարցեր են լինում, նաև բարդ հարցեր են լինում, որոնք հարևան երկրները, բարիդրացիական տրամադրվածության առկայության դեպքում, պետք է փորձեն լուծել փոխադարձ ըմբռնման հիման վրա և բանակցությունների միջոցով:

Այն հարցերը, որոնք Դուք մատնանշեցիք և ոչ միայն այդ հարցերը, կան այլ կարգի հարցեր, չեն վրիպում մեր հանդիպումների օրակարգից, ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ նախարարների մակարդակով, գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

Երկու երկրների միջև փոխայցելությունները բավական հաճախակի են, ակտիվ շփումներ կան: Ես կարծում եմ, որ երկու հարևան երկրների միջև այսօր չկա այնպիսի հարց, որ մենք չկարողանանք ինքներս լուծել և պետք է դիմենք արդեն միջազգային ատյաններ, որ իրենք մեր հարցերով զբաղվեն: Մենք շարունակելու ենք մեր համատեղ ջանքերը, և կարծում եմ, որ լուծումները կախված են թե՛ մեզնից, թե՛ Վրաստանից, և կարծում եմ՝ վրացական կողմից էլ այդ շահագրգռվածությունը կա, որ ի հայտ եկող հարցերը միասնական ջանքերով լուծումներ գտնեն:

Շիրակ Թորոսյան. Պարոն նախարար, շնորհակալ եմ պատասխանի համար: Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ մենք ընկալելի առաջընթաց չենք տեսնում, չնայած ես կիսում եմ Ձեր լավատեսությունը, և ես էլ եմ կողմնակից, որ հայ-վրացական հարաբերությունները զարգանան արագորեն, զարգանան օրինաչափ, և կնճիռներ այդ հարաբերություններում չլինեն: Այնուամենայնիվ, կան այդ կնճիռները, և սա փաստ է: Եվ սա տեսանելի է: Այս կապակցությամբ կիսո՞ւմ եք Դուք արագորեն տարածվող այն տեսակետը, որ Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ երբեմն դրսևորվող ոչ հայանպաստ փաստերը կարող են պայմանավորված լինել Վրաստանում Ադրբեջանի և Թուրքիայի մեծ ազդեցությամբ:

Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ, դիվանագետները պետք է լավատես լինեն, և այդ լավատեսությամբ պետք է փորձենք լուծումներ գտնել։ Սա առաջինը:

Երկրորդը, ես չէի մտնի հիմա ինչ-ինչ վերլուծությունների մեջ, թե ինչ ազդեցության պատճառով ինչն է լինում: Իհարկե, վերլուծություններ արտգործնախարարությունն էլ է կատարում և օգտվում է այն վերլուծություններից, որոնք արվում են նաև արտգործնախարարությունից դուրս: Չեմ կարծում, որ հիմա այն պահն է, որ գնահատականներ տանք այդ վերլուծություններին:

Նիկոլ Փաշինյան. Պարոն Նալբանդյան, ինձ հետաքրքիր է Ձեր վերաբերմունքն այն գնահատականին, որ չորսօրյա պատերազմը ի վերջո Հայաստանի կառավարության, իշխանությունների վարած անհետևողական և երբեմն անկանոն քաղաքականության արդյունք է: Ի՞նչ նկատի ունենք: Մասնավորապես, երբ Ռամիլ Սաֆարովը ազատ արձակվեց, այն ժամանակ մենք հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, և այսպիսի մի դրվագ կար, որ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, երբ նա Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին խնդրեց մեկ րոպե մնալ: Դա շատ հայտնի ասոցիացիաներ առաջացնող դրվագ էր, բայց փաստն այն է, որ, համենայնդեպս, Հայաստանի հանրությունը և քաղաքական շրջանակները չունեն այն տպավորությունները, որ մենք Ռամիլ Սաֆարովի գործին տվել ենք համարժեք արձագանք և պատասխան: Հասկանալի է, որ Ռամիլ Սաֆարովը ազատության մեջ է և, ըստ էության, որևէ համարժեք արձագանք մենք դրան չենք ունեցել:

Հաջորդը, մի քանի՝ երեք տարի բանակցել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքելու վերաբերյալ և մեկ օրում կնքել ԵՏՄ անդամակցության պայմանագիր՝ պատճառաբանելով, որ դա պայմանավորված է Հայաստանի անվտանգության խնդիրներով. մենք տեսանք, որ այդ անվտանգության ենթադրյալ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև այդ որոշման արդյունքում, կարելի է ասել, ավելի է սրվել:

Հաջորդը, 2014թ. հայկական ուղղաթիռի խոցումը շփման գծում, երբ ասվում էր՝ Հայաստանը համարժեք պատասխան կտա, կամ հայկական կողմը համարժեք պատասխան կտա: Մինչև օրս մենք համարժեք պատասխան այդ դեպքին, այդ իրադարձությանը չենք տեսել:

Հաջորդը, Հայաստանը շարունակում է հետևողականորեն, համենայն դեպս, մինչև չորսօրյա պատերազմը, նախորդ տարիներին Ձեր նախարարության շրջանում, բանակցել Ադրբեջանի հետ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ ի հեճուկս այն փաստի, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղված: Եվ ԱԳՆ ներկայացուցիչները այդ հարցին շատ տարօրինակ պատասխան են տալիս՝ ասելով, դե Ադրբեջանը չի համաձայնում բանակցել Ղարաբաղի հետ այդ ձևաչափով: Ստացվում է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այս հարցում Ադրբեջանին վերապահում է որոշիչ նշանակություն:

Հաջորդը՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված ԵԽԽՎ բանաձև, որ շատ երկար շրջանառվում էր: Ըստ էության, Հայաստանի պետական մարմինները միայն վերջին մեկ ամսվա ընթացքում գլխի ընկան, թե դա իր հետ ինչ վտանգներ է բերում: Եվ, ըստ էության, հայկական դիվանագիտությունը չկարողացավ կասեցնել այդ փաստաթղթի ընդունումը, և մենք տեսանք՝ ռազմական գործողությունների տրամաբանությունը նա է, որ Սարսանգի ջրամբարի մոտակայքում էր:

Հաջորդը, նաև չորսօրյա պատերազմից հետո, ԵՏՄ կառավարության անդամների հանդիպման ամոթալի չեղարկումը Երևանում, որին կրկին Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ համարժեք արձագանք տալ և, ըստ էության, կրկին հարմարվողական դիրք ունեցանք: Այստեղ կրկին ասվեց, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին հայտարարել է, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Բայց հիմա պարզ է, որ դա հերթական հայտարարություն էր, և կոնկրետ արդյունք մենք չունենք և, ըստ ամենայնի, չենք էլ ունենալու:

Հաջորդը, Դուք անձամբ և Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել եք, որ ռազմական գործողությունների ծավալման դեպքում կճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ապրիլյան չորսօրյա պատերազմը 94 զոհ և Ձեր իսկ խոստովանությամբ՝ 800 հեկտար տարածք կորստով: Ես ցանկանում եմ հասկանալ մեր իշխանության մոտ լայնածավալության մասին պատկերացումը ինչպիսի՞ն է: Այսինքն՝ ի՞նչ պետք է լիներ, որ գնահատվեր որպես լայնածավալ: Ընդ որում, ես չեմ քննում ճիշտ է դա՝ ընդունում, թե սխալ, ես խոսում եմ ընդամենը հայտարարությունների և հետևողականության, այսինքն՝ անհետևողականության մասին, որը, իմ կարծիքով, Ադրբեջանին որոշակի վստահություն է ներշնչում:

Եվ, ի վերջո, մինչև հիմա, փաստորեն, մամուլի հրապարակումների համաձայն, և կարծես թե պաշտոնական մակարդակում էլ դա չի հերքվում, 200 մլն դոլարի վարկով նախատեսված զենքը դեռևս Հայաստան չի հասել: Դեռ չենք խոսում, որ պետք է քննարկենք՝ ինչ որակի զենք է մեզ առաջարկվում Ռուսաստանի կողմից: Վերջին տարիներին մենք չենք լսել որևէ տեղեկատվություն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք գնելու հետ կապված որակի, քանակի կամ ժամկետների որևէ խնդիր ունի: Հարցը հետևյալն է. արդյո՞ք չեք կարծում, որ այս կոնկրետ դեպքերով Հայաստանի անհետևողականությունն առնվազն մեկն էր այն կարևորագույն պատճառներից, որ հանգեցրեց չորսօրյա պատերազմին, և չե՞ք կարծում, որ շատ վտանգավոր է այդպիսի քաղաքականության շարունակությունը:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Փաշինյան, Դուք, իհարկե, ոչ թե հարց տվեցիք, այլ ելույթ ունեցաք: Ձեր ելույթի մեջ հնչեցրած կետերը բազմիցս լսել ենք Ձեզնից և ոչ միայն Ձեզնից: Չեմ կարող համաձայնել այն մոտեցմանը, որ հնչում է վերջին շրջանում որոշ, շատ ներողություն, այսպես կոչված, վերլուծաբանների կողմից, ովքեր ասում են, թե իբրև Ադրբեջանն իր դիվանագիտական հաջողությունները չորսօրյա պատերազմի ժամանակ փորձեց ամրագրել ռազմի դաշտում:

Մարդկության հազարավոր տարիների պատմության ընթացքում չի եղել, որ դիվանագիտական ասպարեզում հաջողված կողմը պատերազմ սկսի: Պատերազմ սկսում է ձախողված կողմը: Այն կողմը, որ դիվանագիտական հաջողություններ ունի, պատճառ չունի՝ պատերազմ սկսելու: Դա ընդհանուր պատասխան Ձեր ընդհանուր կոնցեպտուալ մոտեցմանը:

Ինչ վերաբերում է Ձեր նշածին, թե համապատասխան արձագանք չեղավ Սաֆարովի դեպքում: Համապատասխան արձագանքներ եղան։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ շատ ավելի ուժեղ արձագանքներ լինեին, բայց այն արձագանքներն էլ, որ եղան բավականին շատ էին։ Չմնաց որևէ՝ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույց, որը համապատասխան հայտարարությամբ խստորեն չդատապարտեր այդ խայտառակ դեպքը՝ կապված Սաֆարովի հետ:

Դուք կարծում եք՝ օդի՞ց են վերցվում այդ հայտարարությունները, այդ արձագանքները, կամ նրանք նստած իրենց տեղերում այդպիսի արձագանքներ են տալիս: Այո, դա նաև մեր աշխատանքի շնորհիվ էր, որ այդպիսի արձագանքներ եղան, և դրանք չհապաղեցին, բավական արագ եղան:

Առաջին դեպքը չէր, միայն Սաֆարովի դեպքը չէ, որ Բաքուն ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի կողմից որդեգրած արժեքները, սկզբունքները։

Պարզ է, թե ոչ միայն մարդու իրավունքների խախտումների իմաստով, անհանդուրժողականության, խտրականության, այլատյացության սերմանման իմաստով ինչ վիճակ է Ադրբեջանում։Արդյո՞ք դա արձագանք ստանում է։

Տեսեք, թե այդ առումով ինչ հայտարարություններ են արվել տարբեր կարևորագույն միջազգային կառույցների կողմից:

Համապատասխան գործընթացները միջազգային կառույցներում շարունակվում են: Եվ հենց Սաֆարովի դեպքի հետ կապված՝ կարծում եմ, որ Դուք լավատեղյակ պետք է լինեք, քանի որ մոտիկից հետևում եք այդ զարգացումներին և միշտ աչալուրջ արձագանքում եք: Ուստի կարծում եմ, որ Դուք պետք է տեղյակ լինեք և այստեղ այլ կարծիք չի կարող լինել, որ դրա հետ կապված գործընթացը շարունակվում է:

Դուք ասացիք նաև, որ Հայաստանը երկար տարիներ բանակցեց Եվրամիության հետ և հանկարծ մեկ օրում դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Այդպես չի եղել: Ես մի անգամ չէ, այլ բազմիցս, նաև խորհրդարանում, այստեղ՝ այս շենքում մեր խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում, ասել եմ, և հիմա էլ կկրկնեմ. այն, ինչը մենք բանակցում էինք Եվրամիության հետ, մենք պատրաստ էինք այդ բանակցված մասով կնքել համապատասխան համաձայնագիր Եվրամիության հետ, որքանով որ դա չէր հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն գործընթացներում: Կրկնում եմ այն, ինչ որ ասել եմ հրապարակավ:

Մեզ ասում էին, որ Մաքսային միությանը (նախապես Մաքսային միության մասին էր խոսքը), ապա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը չի կարող անդամակցել, քանի որ չունենք ընդհանուր սահմաններ: Այլ գործոններ էլ էին որպես պատճառ բերվում:

Դուք վստահաբար տեղյակ եք այն մասին, որ աշխատանքային խումբը, որը ձևավորվեց Հայաստանի կառավարության ներկայացուցիչների և Մաքսային միության և անդամակցող կառավարությունների ներկայացուցիչների կողմից, եկավ եզրակացության, որ, չնայած այդ խոչընդոտներին, Հայաստանը կարող է անդամ դառնալ: Իսկ մենք բազմիցս հայտարարել էինք հրապարակավ, և Եվրամիությունում էլ այդ մասին գիտեին, որ, այո, Հայաստանը կցանկանար լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, բայց մեզ ասում էին՝ անհնար է: Իսկ երբ եզրակացություն տրվեց, որ հնարավոր է, այն ժամանակ մենք ասացինք՝ այո, մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները: Մենք մեկ օրում չանդամակցեցինք, ինչպես Դուք եք ասում: Մենք հայտարարեցինք, որ սկսում ենք բանակցությունները, և սկսեցինք բանակցությունները, այլ ոչ թե անմիջապես ստորագրեցինք ինչ-որ փաստաթուղթ: Պետք է բանակցել հազարավոր էջերից բաղկացած փաստաթղթի շուրջ։

Մենք, ես ինքս՝ որպես արտգործնախարար, հայտարարեցինք, որ պատրաստ ենք ստորագրել այն մասով, ինչքանով որ չի հակասի մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերում: Եվ հիմա էլ ենք մենք նույնն ասում, ինչ հրապարակավ ասացինք այն ժամանակ Եվրամիությանը:

Ես Ձեզ հիշեցնեմ, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ մենք՝ հանձնակատար Էշթոնի հետ միասին, հրապարակեցինք համատեղ հայտարարություն, որտեղ ասվեց, որ Հայաստանը և Եվրամիությունը պատրաստ են զարգացնել, խորացնել հարաբերությունները, ամրապնդել համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում և ուղղություններով և ֆորմատներով՝ նկատի ունենալով նաև Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում: Սա է ասված հրապարակավ, և այդ փաստաթուղթը հասանելի է. Դուք կարող եք ծանոթանալ:

Դրա մասին ասվեց նաև Ռիգայի գագաթաժողովի ժամանակ։ Նույն բանը մենք հայտարարեցինք նաև անցյալ տարի դեկտեմբերին, երբ տիկին Մոգերինիի հետ ազդարարեցինք Եվրամիության հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկը:

Հայաստանը պատրաստ էր մեկնարկել բանակցությունները շատ արագ, բայց գիտեք՝ Եվրամիությունը կազմված է 28 երկրից, և այդ 28 երկրները պետք է համաձայնություն տային, մանդատ տրվեր Եվրամիության բանակցող թիմին, որպեսզի վերսկսվեին բանակցությունները: Դա որոշ ժամանակ տևեց: Բայց դեկտեմբերին մենք վերսկսեցինք այդ բանակցությունները:

Արդեն երեք փուլ է կայացել, որոնք, իհարկե, ընթանում են իրենց հունով: Կարող են լինել հարցեր, ինչպես երեկ Սվիտալսկին ասաց, որ կան ինչ-որ բարդություններ: Ես այդպես չէի ասի։ Գիտեք, բանակցությունների ժամանակ լինում են խնդիրներ, որոնք, իհարկե, բանակցող կողմերը պետք է փորձեն լուծել: Բայց ընդունված չէ, որ բանակցությունների ընթացում բանակցողներից մեկը նման բաներ հայտարարի: Եթե Սվիտալսկին կարծում է, որ դա ինչ-որ ճնշման ձև է, ապա դա սխալ ձև է:

Բանակցությունները շատ լավ են ստացվում։ Վերջերս հանդիպել եմ Յոհանես Հանի, Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրամիության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Մենք երկուստեք գոհ ենք այս գործընթացից և այն երեք փուլերից, որոնք անցկացվել են, և նույն ոգով շարունակելու ենք գործընթացը:

Հիշում եմ անցյալ տարի այստեղ հարցադրում կատարվեց, թե «մեկ ամիս հետո է ստորագրվելու, երկու ամիս հետո է ստորագրվելու»: Սխալ է, իհարկե, բանակցություններից առաջ որևէ ժամկետներ սահմանել, թե երբ բանակցությունները կավարտվեն: Բայց մեր կողմից մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այդ բանակցությունները կարճ ժամկետներում ավարտին հասցվեն։

Ոչ միայն այս փաստաթղթի մշակմամբ ենք զբաղված։ Հայաստանը վերջին շրջանում բանակցեց, ստորագրեց և միացավ մի շարք ծրագրերի, վերջերս՝ նաև «Հորիզոն 2020» ծրագրին, այլ ծրագրերի, որոնց անգամ ասոցացման համաձայնագիրը ստորագրած ոչ բոլոր երկրներն են դեռ միացել:

Մենք այսօր քննարկում ենք նաև այլ հարցեր։ Երկու տարուց ավել է, ինչ գործում են հետընդունման և մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագրերը: Այդ գործընթացին դրական գնահատական է տրվել: Բրյուսելում կայացած այս վերջին հանդիպմանը հստակ եզրակացություն արվեց, որ այսօր քննարկվում է երկխոսության հնարավոր մեկնարկը, որն ուղղված կլինի Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի ազատականացմանը: Այսինքն, սա բավական հագեցած և համակողմանի գործընթաց է, որը մենք վարում ենք Եվրամիության հետ: Մենք շահագրգիռ ենք և անում ենք հնարավորինը՝ մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով հնարավորինս խորացնելու, ամրապնդելու նպատակով:

Դուք ասացիք, որ արտգործնախարարությունն ասում է, թե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, որովհետև Ադրբեջանը դեմ է։ Չեմ կարծում, որ արտգործնախարարությունից որևէ մեկը նման բան պաշտոնապես ասած լինի: Ես չեմ ասել այդպիսի բան:

Իրականության մեջ մենք միշտ դնում ենք այդ հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների կողմ: Վստահեցնում եմ Ձեզ, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում (ես բացեմ որոշ փակագծեր, որ, միգուցե, չէինք բացել մինչ այժմ), որոնք մինչ այսօր քննարկվել, բանակցվել են և ի պահ են հանձնվել Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությունում, կա կետ, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի համապատասխան բանակցություններին, և առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնար կլինի որևէ փաստաթղթի մշակում և կնքում: Ես դա Ձեզ վստահեցնում եմ: Եվ հստակ փաստեր բերեցի:

Ինչ վերաբերում է 200 մլն.-ի զենքի տրամադրմանը։ Գիտեք՝ կան համապատասխան բանակցող պատասխանատուներ երկու կողմից էլ: Մեր պաշտպանության նախարարության կողմից հայտարարություն արվեց, որ ջանքեր են գործադրվում, որպեսզի արագացված կարգով իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ գործընթացը շարունակվում է, և չեմ կարծում, որ այստեղ ինչ-ինչ էմոցիոնալ հայտարարությունները կօգնեն այդ գործընթացն ավելի արագ անցկացնելուն կամ ավելի արդյունավետ դարձնելուն:

Ուրիշ ի՞նչ հարց էիք տվել: Տասը հարց էիք բարձրացրել:

Սարսանգի վերաբերյալ բանաձևը որևէ իրավական նշանակություն, ազդեցություն չի կարող ունենալ։ Դուք էլ խորհրդարանն եք ներկայացնում մեր տարբեր պատվիրակություններում, խորհրդարանական ձևաչափերում: Խորհրդարանական վեհաժողովների ընդունված բանաձևերը բանակցող կողմերի համար կամ բանակցային գործընթացների համար նշանակություն չունեն: Այդ բանաձևը երբևէ չի արծարծվել բանակցային գործընթացում։ Եռանախագահները հայտարարությամբ հանդես եկան այդ երկու տխրահռչակ բանաձևերի ընդունումից առաջ, որ դա միայն խոչընդոտում է բանակցային գործընթացը, և պետք չէ այդպիսի անիմաստ քայլեր կատարել: Այստեղ ուրիշ մեկնաբանություն ավելացնելու անհրաժեշտություն չկա:

Նիկոլ Փաշինյան. Պարոն Նալբանդյան, իրականում, Դուք ոչ թե իմ հարցին պատասխանեցիք, այլ ելույթ ունեցաք: Ես կասեի ճառ արտասանեցիք, ընդ որում, ահագին ձանձրալի և թեմայի հետ կապ չունեցող: Խնդրի էությունը ինչի մասին է. տեսեք Դուք ասում եք, հայտարարություններ են արել: Այո, Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովին տվել է ազատություն: Դուք դրան ի՞նչ եք հակադրել: Հայտարարություններ: Շատ կարևոր հայտարարություններ: Ադրբեջանը խոցել է ուղղաթիռը, մեր անձնակազմը զոհվել է: Ի՞նչ ենք հակադրում դրան: Հայտարարություններ: Իհարկե, շատ կարևոր հայտարարություններ: Իհարկե, շատ կարևոր, տպավորիչ ազգանուններով. Ֆոն Մայեր Բախը սա հայտարարեց, այսինչը սա հայտարարեց: Հաջորդը. Ադրբեջանը, փաստացի, Ղարաբաղին դուրս է մղել բանակցային գործընթացից: Դուք ի՞նչ եք սրան հակադրել: Իհարկե, հայտարարություններ: Դուք անընդհատ ասել եք, որ, այո, հայտարարություններ, հայտարարություններ, հայտարարություններ: Այսինքն` ամեն ինչին, որը Ադրբեջանի կողմից արվել է ավելի շատ գործողություն, Դուք հակադրել եք ավելի շատ հայտարարություններ և Ձեր հայտարարությունների մեջ հետևողական չեք եղել: Եվ որ չեն ազդում այդ հայտարարությունները, ահա այն է, որ Ռամիլ Սաֆարովից հետո մենք ունենք գլխատված զինվորներ: Եվ եթե շատ կոնկրետ հարց եք ուզում, շատ կոնկրետ հարց ձևակերպեմ՝ ակնկալելով Ձեզնից շատ կոնկրետ պատասխան: Հիմա, Դուք 2015թ. հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել եք, որ եթե խոսքը կգնա իսկապես պատերազմական գործողությունների մասին, իհարկե, Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը: Սերժ Սարգսյանն էլ բազմիցս հայտարարել է, որ երբ-որ լայնածավալ պատերազմ լինի, մենք կճանաչենք: Իմ հարցը հետևյալն է՝ 800 հեկտար կորցրած տարածք, 94 զոհ, հիմա, ո՞րն է Ձեր լայնամասշտաբը, որից հետո Ձեր, շատ կարևոր հայտարարությունները, ի վերջո, կվերածվեն հայտարարությունների բովանդակությունից բխող գործերին:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Փաշինյան, Դուք ասում եք 2014թ. ուղղաթիռ խփեցին, մենք ի՞նչ պատասխանեցինք, միայն հայտարարությամբ, միայն ինչ-որ դիվանագիտական գործողությամբ: Դուք ի՞նչ էիք առաջարկում: Մենք էլ խփեինք երկու ինքնաթի՞ռ: Կամ ո՞րն է Ձեր առաջարկը:

Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղին դուրս են թողել, իսկ Դուք հայտարարություններ եք անում: Ես հայտարարություն չեմ անում, ես Ձեզ կոնկրետ փաստեր բերեցի, անգամ, փակագծեր բացեցի, որոշ կոնֆիդենցիալ տեղեկատվություն տվեցի, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերում առկա է այն դրույթը, որ պետք է Ղարաբաղը մասնակցի բանակցություններին՝ համաձայնագրի մշակման բանակցություններին: Դա կոնկրետ պատասխան է Ձեր հարցին:

Ես մի բան կեզրակացնեմ վերջում․ երբ մամուլը ներկա չի լինում, մենք Ձեզ հետ շատ կառուցողական երկխոսություն ենք ունենում, երբ մամուլը ներկա է, շատ տարօրինակ ինչ-որ խոսակցություններ եք վարում:

Արտակ Զաքարյան. Պարոն Փաշինյան, ուղղաթիռի հետ կապված հիշեցնեմ, որ երկու ուղղաթիռ Ադրբեջանն արդեն կորցրել է իր անձնակազմով և «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի մարտիկներով: Այնպես, որ եթե Դուք համարժեք պատասխանն այդպես եք պատկերացնում, բնականաբար, այդ պատասխանն արդեն տրված է

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...