Ընդունե՞լ, թե՞ չընդունել Մարգարյանի նվերը․ քաղաքապետը Զարուհուն ազատել է ավելորդ գլխացավանքից

0

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել, իսկ «Երկիր Ծիրանի»-ի կանանց անտեսել է։

Իհարկե, կա վարկած, որ քաղաքապետը դեռ վիրավորված է, սակայն չի բացառվում, որ նա պարզապես խուսափել է հերթական անախորժ իրավիճակում հայտնվելուց։

Դատելով «Երկիր Ծիրանի»-ի վարքագծից՝ չի բացառվում, որ Զարուհի Փոստանջյանի հրահանգով, կանանց տոնի առիթով, օրինակ, «ԵԾ»-ի կողմից փոխադարձ շնորհավորանքներ լինեին Մարգարյանին։ Կամ էլ «ԵԾ»-ի կանայք կարող էին հրապարակավ պատռել Մարգարյանի կողմից ուղարկված բացիկները։

Մի խոսքով՝ այս անկանխատեսելի կանանցից կարելի էր սպասել ամեն ինչ, բացի շնորհակալությունից։ Հատկապես այն դեպքում, երբ կանայք ոչ միայն հայտարարում են, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետ չէ, այլև ուխտ ունեն՝ դժոխքի վերածել այդ «չքաղաքապետի» կյանքը։

Այնպես որ՝ Տարոն Մարգարյանը երաշխիք չուներ, որ իր շնորհավորանքն ու նվերը տեղին կարժանանային և կփոխատուցվեին արժանվույն։ Ուստի պատահական չէ, որ «ԵԾ»-ին շնորհավորանք չի եղել։

Ի վերջո, «ազգի նվիրյալ» կանայք պետք է հասկանան, որ իրենց համար նախատեսված գումարն այս անգամ ուղղվել է ոչ թե Տարոն Մարգարյանի գրպանը, այլ փողոցի անցորդ կանանց՝ ծաղիկների տեսքով, մետրոյի ուղևորներին՝ ֆլեշմոբի տեսքով, և իհարկե, ավանդույթի համաձայն՝ բոլոր այն կանանց, ովքեր այս օրը ժամանում են Հայաստան օդանավակայանում դիմավորում են անակնկալով։

Այնպես որ՝ Զարուհի Փոստանջյանը կարող է հանգիստ լինել և այս անգամ չչարանալ քաղաքապետի վրա։ Ի վերջո, Տարոն Մարգարյանը Զարուհուն ազատել է ավելորդ գլխացավքնից և չի կանգնեցրել երկընտրանքի առաջ՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել Մարգարյանի նվերը։ Քանի որ չի բացառվում, որ Զարուհին կարող էր և ընդունել՝ ցույց տալով իր իրական դեմքն ու հիասթափություն առաջացնելով իրեն անկեղծ հավատացողների շրջանում:



Загрузка...