Ընդվզում Նիկոլ Փաշինյանի դեմ. փնտրում էին Սերժ Սարգսյանին

157

Lragir.am — Անցնող շաբաթ խորհրդարանի ուժերը թեթեւ ընդվզում դրսեւորեցին Ընտրական օրենսգրքի փոփոխության կառավարության նախաձեռնության դեմ, իհարկե անմիջականորեն թիրախավորելով ոչ թե կառավարությանը կամ անմիջապես դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դա այժմ քաղաքական ուժերի համար խիստ ռիսկային է, այլ նրա ձեւավորած հանձնաժողովի համակարգող Դանիել Իոանիսյանին:

ԱԺ գործնականում երեք խմբակցություններ՝ ՀՀԿ, ՀՅԴ, Ծառուկյան դաշինք հարցնում էին Իոանիսյանին, թե ո՞վ է իր բերած նախագծի քաղաքական պատվիրատուն, ասելով, թե չի լինում այդպես, որ քաղաքացիական հասարակությունը ԸՕ փոխի:

Հասկանալի էր խորհրդարանի քաղաքական ուժերի ընդվզման պատճառը: Նրանք ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը իրենց հետ խոսի առանց «քաղաքացիական միջնորդի», անմիջապես: Նիկոլ Փաշինյանը դեռեւս կառավարության ծրագրի խորհրդարանում քննարկմանը բավական հստակ հայտարարեց, որ չի պատրաստվում անել դա: Այդ մասին թափանցիկ ու պարզ ակնարկը նրա այն խոսքն էր, թե խորհրդարանում որեւէ մեկը թող չկարծի, որ ինքը պարտական է վարչապետի ընտրության քվեարկությամբ:

Նիկոլ Փաշինյանը գործնականում արտահայտել էր Հայաստանում տեղի ունեցածի, կամ տեղի ունեցողի տրամաբանությունը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն լինելով իշխանություն, այդ իշխանությունը գործնականում պահել ու կառավարել է ոչ միայն կոռուպցիոն սխեմաներով, այլ նաեւ քաղաքական ցուցանակային մեխանիզմներով, որի մասնակից են եղել ՀՀԿ հետ գործակցող հիմնական ուժերը:

Ըստ այդմ, երբ սպառվում է ՀՀԿ ժամանակը, դա նշանակում է, որ սպառվում է նաեւ այդ ուժերի ժամանակը, որովհետեւ նրանք ձեւավորվել են ՀՀԿ-ով եւ գործել ՀՀԿ-ով: Կարո՞ղ են նրանք գործել առանց ՀՀԿ: Չի բացառվում, իհարկե, բայց համենայն դեպս առայժմ դա կարծես թե չի էլ դրսեւորվում: Ավելին, ընդվզումը, թե Նիկոլ Փաշինյանը թող գա եւ իրենց հետ խոսի առանց միջնորդի, խոշոր հաշվով հենց ՀՀԿ, կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանի փնտրտուք է:

Այլ կերպ այդ ուժերը չեն կարող, այդ իսկ պատճառով են հարցնում՝ ով է պատվիրատուն: Երբ պատվիրատուն հայտնի չէ, նրանք շփոթվում են, սկսում են չկողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ:

Ի դեպ, հետաքրքիր է, որ այդ գործընթացում հիմնականում լուռ էին ԵԼՔ-ում Փաշինյանի դաշնակից ուժերը, որոնք ներկայում նույնպես ունեն ժամանակի ու տարածության խնդիր եւ կանգնելու են լուրջ խնդիրների առաջ, եթե Փաշինյանը խորհրդարանի ընտրության գնա ՔՊ թիմով, առանց դաշինքի: Առավել եւս, որ առայժմ չի նշմարվում պատճառը՝ թե ինչու պետք է գնա դաշինքով: Փոխարենը կան մի շարք նկատելի պատճառներ, թե ինչու է դաշինքը գոնե այս պահին ավելորդ:

Լայն խնդիրն այն է, որ բոլորի ժամանակն անցնում է, իսկ տարածությունը՝ փոքրանում: Այդ ուժերի մի մասը ունի որեւէ ընտրական օրենսդրության պարագայում խորհրդարանում հայտնվելու հնարավորություն, բայց դա թերեւս լինելու է նրանց վերջին հնարավորությունը, որովհետեւ Հայաստանում նոր իրավիճակը անխուսափելիորեն առաջացնում է նոր որակի քաղաքական ընդդիմության անհրաժեշտություն: Ավելին, խնդիրը նույնիսկ ընդդիմությունն էլ չէ, այլ նոր որակի քաղաքական մտածողությունն ու գործունեությունը, քաղաքական բնույթը ընդհանրապես, որից հետո միայն պարզ կլինի ընդդիմություն լինել-չլինելը:

Այս տեսանկյունից, Փաշինյանն առաջնորդվում է այն նոր ժամանակի ու տարածության տրամաբանությամբ, որ ինքն է ստեղծել, եղել դրա ձեւավորման լոկոմոտիվն ու առաջնորդը: Այդ պատճառով նա պատերազմ չի հայտարարում հին համակարգի ուժերին, սակայն միեւնույն ժամանակ չի տեսնում նրանց հետ ապագայի շուրջ պայմանավորվելու անհրաժեշտություն, քանի որ ապագան ունի բոլորովին այլ պահանջներ, եւ քննարկումներ պետք է այն սուբյեկտների հետ, որոնք ծանրակշիռ հայտ կներկայացնեն այդ պահանջները բավարարելու առումով: Ոչ թե Նիկոլ Փաշինյանին կներկայացնեն, այլ հանրությանը՝ թե հայաստանյան, թե միջազգային:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache