Ընտրական օրենսգիրքը մինչև հունիսի 20-ը պատրաստ կլինի. ինչ փոփոխություններ կլինեն

107

armlur.am — Թավշյա հեղափոխությունից հետո գործադիրում հաստատված նոր իշխանությունը վստահ է` մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է մի շարք փոփոխություններ իրականացնել օրենսդրական դաշտում: Հենց այս պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին վերանայել գործող Ընտրական օրենսգիրքը եւ հասարակական-քաղաքական շրջանակների հետ քննարկումների արդյունքում մշակել փոփոխությունների նախագիծ: Պետք է նշել, որ փոփոխությունների մեխը լինելու է վարկանշային ընտրական համակարգի վերացումը:

Մոտ երկու շաբաթ Ընտրական օրենսգրքի աշխատանքներով զբաղվող Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս հանգամանքը. «Վարկանշային համակարգի մասին խոսք գնալ չի կարող: Փոփոխությունների թիվ 1 կետն այդ համակարգը հանելն է»:

Վարկանշային համակարգի վերացմանն այս պահի դրությամբ միայն ՀՀԿ-ն է դեմ: Այդ մասին ՀՀԿ-ականները պարբերաբար նշում են: Սակայն Իոաննիսյանը վստահեցնում է` փոփոխությունները միեւնույն է իրականացվելու են: «Իրենք փորձում են ռեյտինգայինը պաշտպանել, բայց ինչ ասեմ, իրենց ասելով չի: Եթե իրենց ասելով լինի, մենք կանցկացնենք այնպիսի ընտրություններ, ինչպիսիք 2017 թվականին էին: Իսկ այդ ընտրությունների արդյունքում մենք ունեցանք խորհրդարան, որը որեւէ աղերս չուներ ժողովրդի ցանկության հետ: Իսկ ապրիլյան այս վերջին իրադարձություններից հետո որեւէ կարիք չկա դա ապացուցելու»,-ասաց նա: Իոննիսյանը արդեն հանդիպել է խորհրդարանական բոլոր ուժերի հետ` բացառությամբ ՀՀԿ-ի:

Սակայն եթե այս կուսակցությունը չցանկանա մասնակցել ԸՕ-ի շուրջ քննարկումներին, ապա դրանք առանց իրեն են տեղի ունենալու: Մյուս կողմից` չի բացառվում, որ ՀՀԿ-ն փորձի ընդվզել ԸՕ-ի շուրջ կատարվող փոփոխություններին, հատկապես վարկանշային համակարգի վերացման դեմ: Այս կապակցությամբ Դանիել Իոաննիսյանը նշեց. «Որքան կարող են, թող խոչընդոտեն: Այդ ռեյտինգայինի պատճառով մարդիկ ստիպված եղան դուրս գալ փողոց, փողոցները փակել, որպեսզի ունենան իրենց համար ցանկալի իշխանություն: Ռեյտինգային ընտրակարգն ուղղակի բանակցման ենթակա չէ»:

Սակայն ինչպես հայտնի է, խնդիրների խնդիրն է մնում ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի բաժանումը: Բացի թաղային «ակտիվիստներից», ովքեր տարիներ շարունակ տնից տուն են գնացել եւ կաշառք բաժանել, հայտնի է, որ ցուցակների հավաքագրմամբ եւ մարդկանց ուղղորդմամբ են զբաղվել նաեւ կրթական հաստատությունները` մանկապարտեզներ, դպրոցներ, բուհեր եւ այլն: Այդ հաստատությունների տնօրեններն ու ուսուցիչներն ակտիվորեն ցուցակներ են կազմել, ուղղորդել կրթօջախների աշխատակիցներին քվեարկության հարցում: Եվ ինչպես հայտնի է, նախորդ տարի հենց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն էր բացահայտել տնօրենների կատարած զանցանքները` հրապարակելով հայտնի ձայնագրությունները: Այս խնդիրների դեմ պայքարի հարցում էլ ԸՕ-ի միջոցով որոշակի կարգավորումներ են մտցվելու: Ընտրակաշառքի դեմ պայքարի զինանոցն է լայնացվելու, մի շարք դրույթներ են խստացվելու: Այսինքն` այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորությունից կզրկեն անբարեխիղճ մրցակիցներին ընտրակաշառքի միջոցով ձայներ հավաքելու:

Բացի խորհրդարանականից Իոաննիսյանի թիմը հանդիպել է նաեւ արտախորհրդարանական ուժերի` մասնավորապես Ժառանգության եւ ՀԱԿ-ի հետ: Նախատեսվում են հանդիպումներ նաեւ այլ ուժերի հետ: ԸՕ-ում փոփոխություններով նախատեսվում է նաեւ Հանրային հեռուստատեսությունում ավելացնել անվճար եթերաժամանակը քարոզարշավի ընթացքում: Սա ֆինանսական ոչ մեծ միջոցների տիրապետող ուժերին հնարավորություն կտա ավելի երկար օգտվել քարոզչական այս գործիքից: Բացի այդ, որոշակի կարգավորումներով օրինազանցների համար բավական կդժվարանա ընտրակաշառք բաժանելը: Դանիել Իոաննիսյանը նշեց, որ բացի մարդկանց ընկալումներից, խնդիր է նաեւ այն, որ իրավապահները դրա դեմ չէին ուզում պայքարել: «Իսկ այժմ, ինչպես տեսնում ենք, քաղաքական կամքն այլ է, եւ երկրորդ` մտադիր ենք քրեաիրավական ոլորտում օրենսդրություն փոխել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ զինանոցը կարողանա կիրառել ընտրակաշառքի եւ ընտրողների վրա ապօրինի ազդեցության այլ դեպքերի, հանցագործությունների բացահայտման համար»,-ասաց նա:

Նշենք, որ ընտրակարգում առկա որոշ կարգավորումներ չեն փոփոխվելու` մասնավորապես տեսախցիկները, մինչեւ քվեարկությունը մատնահետք թողնելը եւ նախապես ու ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը: ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու նաեւ ցուցակների մաքրմանը: Մասնավորապես, ցուցակներից հանվելու են Հայաստանից վաղուց արտագաղթած անձանց անունները: Բացի այդ, հետեւելու են, որպեսզի հանկարծ զավեշտալի, բայց երկրի վրա թանկ նստող դեպքերը չկրկնվեն, երբ պարզվում էր, որ մահացած անձինք «մասնակցել են քվեարկությանը»: ԸՕ-ում ներառվելու են նաեւ կրկնաքվեարկությունը բացառող մեխանիզմներ:

Այսպիսով, ամենայն հավանականությամբ, ԸՕ-ն պատրաստ կլինի մինչեւ հունիսի 20-ը: Եթե որոշ ուժեր, մասնավորապես` ՀՀԿ-ն, որոշեն նոր հարցեր առաջադրել կամ առաջարկներ անել, գուցե գործընթացը երկարի: Սակայն օրենսգրքի շուրջ աշխատող խումբը ծրագրում է մեկ ամսվա ընթացքում վերջնական տեսքի բերել ընտրական կարեւոր այս փաստաթուղթը: Նշենք նաեւ, որ համաձայն օրենսդրության` ԸՕ-ն պետք է վերջնական ուժի մեջ մտած լինի ընտրությունների անցկացումից առնվազն 2 ամիս առաջ:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache