Ընտրությունները շտապեցնել է պետք։ Ամեն օրը ավելի է վատացնում վիճակը

50

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

 Պարոն Շիրինյան, Նիկոլ Փաշինյանը պայման դրեց Ռոբերտ Քոչարյանիև Սերժ Սարգսյանի առջև՝ հավաքել փողերը և կամավոր վերադարձնել։Այս զարգացումներն ինչի՞ կարող են հանգեցնել, որքանո՞վ արդյունավետ կլինեն։

Ես կդժվարանամ ասել, թե այդ քայլերի արդյունավետությունը որքան է, որովհետև որոշ շրջանակներից պաշտպանություն ունեն։ Մոբիլիզացրել են նաև Ռուսաստանին, բայց Ռուսաստանից կարծեմ օժանդակություն չեն ստանում։ Դա ասաց նաև Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ կողմերը պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունը և չմիջամտեն ներքին գործերին։ Երկրորդ, դրանց ունեցվածքը պետք է ազգայնացնել։ Ի՞նչ է նշանակում փողերը հետ բերեք, խնդրո՞ւմ է… պետք է ազգայնացնել կողոպտածը, որովհետև աշխատանքով հնարավոր չէ այդքան փող վաստակել։ Թող դիմի Ազգային ժողով, փաստերը ներկայացնի, ժողովրդին կոչ անի խորհրդարանը շրջապատել, և կտեսենք, թե ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություն կոչվածները, որոնք տարիների կողոպուտն են կազմակերպել, ինչ են ասելու ժողովրդին։ Դա լավ ճանապարհ է։ Բացի դրանից, դրանց բոլորի նկատմամբ անվտանգության ուժերը պետք է վերահսկողություն սահմանեն, թե չէ կփախչեն, ու գործն ավելի կդժվարանա։ Որպեսզի ժողովրդի համակրանքն ավելի շատ լինի, կողոպտածի վերաբերյալ պետք է հայտարարել, որ ստեղծում են կողոպտած փողերի վերադարձով արդյունաբերության վերականգնման և բանակի վերազինման հիմնադրամ։ Ժողովուրդը 100 տոկոսով կպաշտպանի արդյունաբերության վերականգնումը, գիտության վերագործարկումը և բանակի վերազինումը։

Ձեր կարծիքով՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը ի՞նչ նպատակ էր հետապնդում և ո՞ւմ էր դա ձեռնտու։

Ես այդ մասին տեղեկատվություն չունեմ, բայց պարզ է մի բան, որ այն կառույցը, որը կոչված է երկրի անվտանգությունը ապահովելու, նրան գաղտնալսում են։ Դա նորմա՞լ է։ Հետևաբար, այստեղ ուրիշ խաղեր կան, և Հայաստանի նոր իշխանությունը ի դեմս Նիկոլ Փաշինյանի իսկական առիթ է ստանում երկրի անվտանգության ուժերը օտար ազդեցությունից հանելու համար։ Մոսկվայում էլ ասաց՝ մեր ներքին գործերին չխառնվեք։ Ռուսներն էլ համենայնդեպս արտաքնապես որևէ նշան չկա, որ միջամտում են, չեն էլ կարող։ Բայց որպեսզի աշխարհի համակրանքը լինի, պետք է անպայմանորեն դա արվի իրավունքի շրջանակներում։ Այսինքն օրենքը կարող է հանցագործ լինել, ինչպես ԽՍՀՄ օրենսդրությունն է եղել կամ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած օրենսդրությունը, բայց իրավունքը պետք է գերակա լինի։ Այս տեսանկյունից լավ էլ աշխատում են։ Իսկ Նիկոլ Փաշինյանի արածը ճնշման միջոց է։ Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը կիրառում է փափուկ ուժի քաղաքականություն։

Հայ ժողովրդի աչքերը բացվեց։ Պատկերացրեք 5 ամիս առաջ դրանք զկրտալով կենացներ էին խմում, իրար ծնունդ ու կնունք շնորհավորում, հարսանիքներ անում, ուրիշ բան անո՞ւմ էին։ Աղքատ ժողովրդի մեջ գիշեր-ցերեկ կերուխում էր։ Երկիրը հանձնել էին օտարներին։ Իսկ հիմա շատ բան փոխվեց։ Եթե քաղաքացին գիտի այս ամենը, նա երկրի տերն է։ Նիկոլ Փաշինյանը նաև ցույց տվեց, որ կարելի է պայքարել ու հաջողության հասնել։ Սա շատ կարևոր ձեռքբերում է։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ պարզ դարձավ, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Ռոբերտ Քոչարյանը քրեական է, ոչ մի քաղաքական։ Ինքը քաղաքականացնում է, որ աշխարհից աջակցություն ստանա, բայց տեսնում ենք, որ ոչ ոք բանի տեղ չի դնում։ Որովհետև երկրի նախագահը կողոպտել է սեփական պետությունը և դա քրեական հանցագործություն է։ Գնում է Ռուսաստանի դեսպանատուն, չեն ընդունում: Հույս ուներ, որ այս անգամ Պուտինը իրեն կաջակցի, կպնդի, բայց Պուտինն ի՞նչ պետք է պնդի կամ ինչ իրավունք ունի։ Դրա համար մնացել է անիմաստություններով զբաղվելը։ Որքան շուտ նստի, այնքան շուտ կազատվի։ Ձգում է։ «Մարտի 1»-ի դեպքերի տղաներից թող օրինակ վերցնի, իրենցից լա՞վ տղա է, իրենց գլխին ինչ օյին ասես բերում էին։

Նիկոլ Փաշինյանը նորից հայտարարել է, որ հանկարծ չգնաք ձայն տաք հակահեղափոխականներին։ Կա՞, ըստ Ձեզ, այդպիսի վտանգ։

Թող չտան, դրանք հետադիմականներ են։ Հետադիմությունն ավելի վատ բան է, քան հակահեղափոխությունը, որովհետև հակահեղափոխությունը գաղափար ու նպատակ ունի, իսկ սրանք ուզում են իրենց կաշին փրկեն։ Գեներալ Մանվելը իրենց համար օրինակ է եղել, չեն ուզում գնան իրենց ընկերոջ կողքը նստեն։

Պարոն Շիրինյան, հեղափոխությունից հետո հիմա ավելի բարդ փուլ չի՞՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ականները գնալով ավելի ագրեսիվ են դառնում, Նիկոլ Փաշինյանի քննադատությունների պակաս չկա:

Ես վաղուց եմ ասել, որ ինչքան ընտրությունները ձգում ես, այնքան վատանալու է վիճակը։ Ասել եմ նաև, որ ռուսական միջամտություն կարող է լինել։ Այնպես որ, ընտրությունները շտապեցնել է պետք։ Ամեն օրը ավելի է վատացնում վիճակը։ Ձմեռը կգա, ավելի վատ իրավիճակ է լինելու, որովհետև հազար ու մի պրոբլեմ է առաջ գալու, և դա օգտագործելու են ժողովրդի դեմ։ Կոկորդիլոսի արցունքներն առած պետք է լացեն այդ ամեն ինչի համար։

Ժողովուրդը պետք է ամեն ինչից տեղյակ լինի և մոբիլիզացված վիճակում։ Որքան ժողովուրդը տեղեկացված և ոտքի վրա լինի, այնքան լավ։

Հիմա Փաշինյանին պետք է հասարակությունն էլ ավելի պաշտպանի։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache