«Ընտրյալների» թաղամասը

167

Արբանյակից արված լուսանկարներով Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցների այն տարածքում, որտեղ այժմ տեղակայված են նախկին և ներկա պաշտոնյաների առանձնատները, 2000-ականներին խոտածածկ տարածք էր։ «Google Earth» ծրագրի միջոցով տեսանելի է, թե տարեցտարի ինչ շինարարություն է արվել այս տարածքում, և թե ինչպես է բնակչության հանգստի համար նախատեսված գոտին վերածվել թանկարժեք առանձնատներով աչքի ընկնող թաղամասի։

>

2000-ականներին համայնքային սեփականություն հանդիսացող հողերն այժմ ամբողջությամբ պատկանում են նախկին պաշտոնյաներին, հատուկենտ դեպքերում էլ՝ գործարարներին կամ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց։ Այստեղ առանձնատեր, հողակտորներ ունեն նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա որդին, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, գործող պատգամավորներ Միհրան Պողոսյանը, Սեյրան Սարոյանը, Վահան Հարությունյանն ու նրա եղբարը, ԱԺ նախկին նախագահներ Արմեն Խաչատրյանը և Տիգրան Թորոսյանը, նախկին պատգամավորներ Գագիկ Աբրահամյանն ու Հովհաննես Սոֆոյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։ Այս ցանկում ընդգրկված են պետական այլ պաշտոնյաներ, որոնց կանդրադառնանք ստորև։

Այս տարածքում են տեղակայված Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեքով բնակելի տները․ մասնավորապես՝ ամենաթանկ երեք առանձնատներից երկուսը։

Հանգստի համար նախատեսված տարածքը մասնավորեցվեց 2000-ականներին

Երևան քաղաքի 2005 թվականին հաստատված գլխավոր հատակագծով Ազատության պողոտայի և Բաբայան փողոցին հարող տարածքների մեծ մասը նախատեսված էր բնակչության հանգստի համար։ Այստեղ պետք է լինեին զբոսայգիներ, պուրակներ, արհեստական ջրավազաններ։ Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հատակագծով նախատեսված էր Հյուսիսային պողոտան Քանաքեռի բարձունքին կապել «Հյուսիսային ճառագայթ» կոչվող ուղիղ գծով։  2000թ. մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանը նորից առաջ քաշեց Հյուսիսային պողոտայի և ճառագայթի կառուցման անհրաժեշտությունը:

 

«Հետք»-ի հետ զրույցում «Հյուսիսային ճառագայթ» բնակելի թաղամասի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը վերհիշեց, որ 2000-ականներին՝ Հյուսիսային  պողոտայի կառուցապատումից հետո, Կասկադի վերին հատվածը Բաբայան փողոցին կապող աներթևեկելի ճանապարհ պետք է կառուցվեր։ Ճարտարապետը ցավով նշում է, որ այդ գաղափարը չիրականացավ, քանի որ Երևանի քաղաքապետարանը նշված տարածքի հողակտորները վաճառեց, որից հետո այնտեղ անկանոն կառուցապատում իրականացվեց։ 

Հովիկ Աբրահամյանի ընտանիքի առանձնատները

Հայաստանի նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանն այստեղ ևս առանձնատներ ունեն, որոնք, սակայն, գրանցված են նրանց ընտանիքի անդամների անուններով։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարածքում կողք-կողքի գտնվող երկու առանձնատուն ունի։ Դրանցից մեկը գրանցված է կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի անունով, մյուսը որդու՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի անունով։ Աբրահամյանների հիմնական առանձնատունը, որտեղ բնակվում է ընտանիքը, կառուցված է ԱԺ շենքի տեսքով։ Այս առանձնատունը, բացի շենքի տեսքից, նաև առանձնանում է ճակատային հատվածում փակցված անուն-ազգանվան հապավումով` «Հ․ Ա․»  (Հովիկ Աբրահամյան-հեղ․)։ Առանձնատունը գրանցված է ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի անունով:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ Արգամ Աբրահամյանին պատկանող առանձնատունն ունի նաև 3 պահակակետ և երկու զրուցարան։ Դրա կադաստրային արժեքը կազմում է 310 մլն դրամ։ Աբրահամյանն այս հասցեում հաշվառված անշարժ գույքերի համար տարեկան վճարում է 2 մլն 398 հազար դրամ գույքահարկ: ԱԺ պատգամավորը 2017 թվականին առանձնատուն է հայտարարագրել, որը ենթադրաբար հենց սա է:

Արգամ Աբրահամյանին պատկանող առանձնատան կողքին Հովիկ Աբրահամյանի կնոջ անունով գրանցված բնակելի տունն է։ Ջուլիետա Աբարահամյանը 131 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող այս առանձնատունը 2017 թվականին ձեռք է բերել Հովիկ Աբրահամյանի սանիկի հորից՝ Արարատի մարզի Ոստան գյուղում հաշվառված Կամո Խաչատրյանից 630 մլն դրամով, որն այդ ժամանակ կազմում էր մոտ 1,3 մլն դոլար։ Առքուվաճառքի ժամանակ Կամո Խաչատրյանի լիազոր անձը Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար հանդիսացած Բագրատունի Բարսեղյանն է եղել: Գործարքը կատարվել է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո: Բագրատունի Բարսեղյանը Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղից է: Հետագայում ղեկավարել է Աբրահամյանի թիկնազորը, նույնիսկ ուղեկցել է նախկին վարչապետին Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ:

Բագրատունի Բարսեղյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ այս գործարքին իր առնչությանը և հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: Հովիկ և Արգամ Աբրահամյաններից մեկնաբանություններ ստանալ ևս չհաջողվեց․ նրանք չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:

Գագիկ Բեգլարյանի առանձնատունն ու հողամասը

Աբրահամյանների ամենամոտ հարևանը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն է։ Այս տարածքում նա մեծ հողակտոր և բնակելի տուն ունի։ Բեգլարյանների առանձնատունը գրանցված է Գագիկ Բեգլարյանի կնոջ՝ Նունե Նիկոլյանի անունով։ Նրան պատկանող առանձնատան կադաստրային արժեքը 398 մլն դրամ է։ Կադաստրի նախորդ տարվա տվյալներով՝ սա Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեքով երկրորդ առանձնատունն է։ Առանձնատունն ունի երկու լողավազան, երկու պահակակետ, կաթսայատուն և օժանդակ շինություն:

2014 թվականին Նունե Նիկոլյանը, դեռևս առանձնատան կառուցման փուլում, Երևանի քաղաքապետարանից 27 մլն դրամ արժեքով 1691 քմ հողակտոր է ձեռք բերել, որը գտնվում է առանձնատան դեմ դիմաց։ Իսկ առանձնատան հողը Նիկոլյանը Երևան համայնքից ուղղակի վաճառքով ձեռք է բերել 2004-2005 թվականներին։ Այդ տարիներին Նիկոլյանի ամուսին Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքի թաղապետն էր։ 398 մլն դրամ կադաստրային արժեքով այս առանձնատան ու դրա հասցեում հաշվառված անշարժ գույքի համար Բեգլարյանները տարեկան վճարում են 3 մլն 700 հազար դրամ գույքահարկ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տվյալների համաձայն` Նունե Նիկոլյանը 2014թ. 500 մլն դրամ արժեքով առանձնատուն է ձեռք բերել, որը, սակայն, 2013 թվականից Բեգլարյաններն են կառուցել, և դրա շինթույլտվությունն էլ 2013 թվականի հունիսի 19-ին Երևանի քաղաքապետարանից անձամբ Նիկոլյանն է ստացել։

Բեգլարյանների առանձնատան դիմաց գտնվում է Գագիկ Բեգլարյանի որդու՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրանտ Բեգլարյանի 7462 մակերեսով հողամասը, որի վրա կառուցված է երկհարկանի շինություն: Այդ շինության կադաստրային արժեքը 27 մլն դրամ է։ Այն օգտագործվում է Բեգլարյանների տարածքը հսկող պահակազորի համար։ Այս հողամասը Հրանտ Բելգարյանը Երևանի քաղաքապետարանից գնել է 2016 թվականի մարտի 14-ին՝ վճարելով 250 մլն դրամ։

ՀՔԾ նախկին պետի առանձնատունը գրանցված է որպես հասարակական շինություն

Գագիկ Բեգլարյանի առանձնատան կողքին տեղակայված է Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանիառանձնատունը (2007-13թթ.)։ ՀՔԾ նախկին պետի առանձնատունը Կադաստրի պետական կոմիտեում գրանցված է որպես հյուրատուն։ Այս դեպքում դրա կադաստրային արժեքը ցածր է գնահատվել, և սեփականատերը տարեկան ավելի քիչ գույքահարակ է վճարում։ Միրզոյանի առանձնատան տարածքում կա առանձին խոհանոց, շոգեբաղնիք, ավտոտնակ, երկու պահակատուն, լողավազան։ Առանձնատան կադաստրային արժեքը 73 մլն դրամ է, դրա կից օժանդակ շինությանը՝ 47 մլն դրամ։

Առանձնատան հողակտորը ձեռքբ է բերվել 2004 և 2013 թվականներին։ Մասնավորապես՝ 2013 թվականին Անդրանիկ Միրզոյանը և կինը Երևան համայնքից 4 մլն 290 հազար դրամով գնել են 268 քմ մակերեսով հողամաս։ Ի դեպ, այս հողակտորը ամուսինները գնել են կադաստրային արժեքով։

Միրզոյանի առանձնատան հարեւանությամբ ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանի անունով գրանցված հողամասն է։ Թորոսյանը այդ հողակտորը գնել է նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանից։ Տիգրան Թորոսյանը այս հողակտորը ձեռք է բերել 2016 թվականին և մինչ օրս այնտեղ կառուցապատում չի իրականացրել։

Գագիկ Աբրահամյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ Թորոսյանին պատկանող հողակտորը նախկինում իր սեփականության մի մասն էր և օտարել է Տիգրան Թորոսյանին: Սակայն չմանրամասնեց` նվիրատվությո՞ւն է կատարել, թե վաճառել է հողակտորը:

Գագիկ Աբրահամյանի առանձնատունը, շինություններն ու հողակտորները

ԱԺ նախկին պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ Գագիկ Աբրահամյանը, Բաբայան-Ազատություն պողոտայի հատման մասին հարող տարածքի առաջին բնակիչներից է։ Նրան պատկանող առանձնատունը, Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տունն է` 428 մլն դրամ։

Աբրահամյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, թե մեր նյութից է տեղեկացել, որ Հայաստանի ամենաթանկ կադաստրային արժեք ունեցող տան սեփականատերն է։

Գագիկ Աբրահամյանը 2000-ականներին այստեղ ամենամեծ հողակտորն է ձեռք բերել՝ 0,7 հա։ Նա 2001- 2002 թվականներին Երևանի քաղաքապետարանի հետ հողամասերի 70 տարով վարձակալության պայմանագրեր է կնքել՝ հյուրատներ, գրասենյակ, օժանդակ շինություններ կառուցելու համար։ Վարձակալության պայմանագրով նա պարտավորվել է  սեփական միջոցներով կառուցել Բաբայան փողոցից մինչ 50-ամյակի հուշարձանն ընկած «Հյուսիսային ճառագայթի» նախագծային հատվածը։ Բացի դա, նա պետք է իրականացներ այգու վերակառուցումը՝ տնկելով 125 ծառ: Աբրահամյանը պարտավոր էր մինչև 2003 թվականի դեկտեմբերը սկսել շինարարությունը, կատարել ընդհանուր առմամբ 380 մլն դրամի ներդրում (2002 թվականին՝  200 մլն դրամի չափով, 2003-ին՝ 180 մլն դրամի չափով)։ Հատկանշական է, որ Աբրահամյանը այդ ժամանակ «Երևան» հիմնադրամին որպես նվիրատվություն փոխանցել է 1,7 մլն դրամ, որը, իր պնդմամբ, անձնական ցանկությամբ է կատարել:

Երևանի քաղաքապետարանի 2002 թվականի երկու այլ որոշումներով Աբրահամյանին տրամադրված 6350 քմ հողամասին ավելացել է ևս 7900 քմ հողակտոր։ 2002 թվականին Գագիկ Աբրահամյանը վարձակալությամբ իրեն տրամադրված հողակտորներից 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը փոխանցել է Հենրիկ Աբրահամյանին։ Վերջինս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է։ Մեզ հետ հանդիպմանը Գագիկ Աբրահամյանն այս գործարքի մասին չմտաբերեց։

Մեկ-երկու տարի անց Գագիկ Աբրահամյանը իր վարձակալած հողերը սեփականության իրավունքով գնել է։ Այսինքն՝ Աբրահամյանը վերը նշված գործարքների արդյունքում սեփականաշնորհել է իրեն 70 տարով վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերը։

Սեփականաշնորհելուց հետո Գագիկ Աբրահամյանը Տիգրան Թորոսյանին տրամադրած հողակտորի անմիջապես կողքին կառուցել է առանձնատուն, որտեղ այժմ տեղակայված է Ճապոնիայի դեսպանատունը։ Աբրահամյանն այդ շենքը դեսպանատանը վարձակալությամբ է տրամադրել։

Իր առանձնատան համար Աբրահամյանը տարեկան վճարում է 4 մլն դրամ գույքահարկ, իսկ Ճապոնիայի դեսպանատան համար տարեկան գույքահարկը կազմել է 343 հազար դրամ։

Մեզ հետ զրույցում Գագիկ Աբրահամյանը պնդեց, որ ինքը բարեխիղճ ձեռքբերող է՝ քաղաքապետարանը վաճառել է, իսկ ինքը գնել է ավելի քան 1.2 հա հողակտորը: «Եթե ես չգնեի, մեկ ուրիշն էր գնելու, ոչ մի հատ եղևնի էլ չէր տնկի: Ո՞վ էր այնտեղ ծառ տնկելու: Ես վարձակալություն չեմ հիշում: Հիշում եմ, որ գնել եմ: Վարձակալության դիմում ես չեմ գրել: Վաճառել են, ես գնել եմ: Նախապես ես որոշել եմ այդ վայրում տուն կառուցել: Հյուրատունը և տունը նույն բանն է, ի՞նչ տարբերություն: Ես ամենասկզբում տարածքը գնել եմ, պարսպապատել եմ: Ես պատրաստակամ եմ եղել ծառեր տնկել ու տնկել եմ դրանք, ինչպես նաև բարեկարգել եմ Բաբայան փողոց տանող ճանապարհը: Պարտավորություն եմ ունեցել ասֆալտապատելու, ասֆալտապատել եմ: Այգի չի եղել այնտեղ, ես ոչ մի հատ ծառ չեմ կտրել, ես գնել եմ, որ ծառեր տնկեմ: Ջրագիծ եմ անցկացրել, մի քանի հարյուր ծառ տնկել»,- ասաց Գագիկ Աբրահամյանը և մեզ ցույց տվեց, թե ինչ ծառեր է տնկել և ինչպես է խնամում դրանք:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատունը

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի անունով ձևակերպված առանձնատունը ևս այս տարածքում է։ Անօդաչու թռչող սարքով արված լուսանկարներից երևում է, որ տունը կանգուն է, պարսպապատված, սակայն այնտեղ դեռևս չեն բնակվում, շինարարական աշխատանքներ են ընթանում։ Կարեն Կարապետյանը 2017 թվականին, երբ դեռ վարչապետ էր, մամուլի ասուլիսներից մեկում անդրադարձել է նշված առանձնատանը. «Եղբայրս է գնել, բայց չեմ ասել, որ իմը չէ: Գնել է 2011 թվականին Կանադայի ու ԱՄՆ քաղաքացուց: Երբ գնել ենք, այնտեղ անտառ չի եղել, 2014-ին է կառուցվել: Ես ինքս այնտեղ եմ մեծացել, այդ անտառը նախկինում շատ լավ հիշում եմ: Անտառ չկար, տարածքն արդեն վաճառված էր, գնել ենք երկրորդական շուկայից»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի եղբոր անունով գրանցված առանձնատան կադաստրային արժեքը 330 մլն դրամ է։

Առանձնատան հողամասը ձևավորվել է չորս առանձին հողակտորների միավորմամբ, որոնցից մեկը նախկինում պատկանել է Գագիկ Բեգլարյանի կնոջը՝ Նունե Նիկոլյանին։ Մյուս հողակտորը դեռևս 2004 թվականին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» հասարակական կազմակերպությանը։ Այս ՀԿ-ն 2004-2005 թվականներին Երևանի քաղաքապետարանից անհատույց օգտագործման իրավունքով ձեռք է բերել 1,2 հա հողակտոր։ Հետագայում դրա 6000 քմ-ի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը փոխանցել է «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին, որը պատկանել է Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Սլավա Ավանեսյանի որդուն՝ Դավիթ Ավանեսյանին։

«Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սիմոն-Եզնիկ Բալյանը դեռևս 2005 թվականի սեպտեմբերին դիմել է Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին` հայտնելով, որ իրենք հրաժարվում են այդ 6000 քմ հողամասից՝ հօգուտ «Սուրբ Լազար» ՀԿ-ի։ Բալյանի դիմումի մեջ գրված է․ «Սուրբ Լազար» առողջապահական հասարակական կազմակերպությունը առաջիկայում մեր երկրի բնակչության համար շատ կարևոր և անհրաժեշտ առողջապահական և սոցիալական խնդիր է լուծելու»:

Երևանի քաղաքապետի նախկին տեղակալի որդուն տրամադրված հողամասը հետագայում սեփականաշնորհվել է և մաս-մաս վաճառվել Գագիկ Բեգլարյանի կնոջը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կնոջը՝ Զարինե Դանիելյանին և Կարեն Կարապետյանի եղբորը։ Ստացվում է՝ Սլավա Ավանեսյանը քաղաքապետի տեղակալ նշանակվելուց ամիսներ անց հիմնադրել է ՀԿ, անհատույց կարգով համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս է ձեռք բերել սոցիալական ծրագիր իրականացնելու համար, սակայն վաճառել է պաշտոնյաներին։

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի առանձնատունը

Նախկին վարչապետի եղբոր և ՊԵԿ նախկին նախագահին պատկանող առանձնատները Ազատության պողոտայի կողմից պարսպապատված են, դրանք ունեն մեկ ընդհանուր մուտք, որով անցնելու համար անհրաժեշտ է նրանց համաձայնությունը, քանի որ տեղադրված է երկաթյա ձող։

ՊԵԿ նախկին նախագահին պատկանող, 338 մլն դրամ կադաստրային արժեքով առանձնատունը գրանցված է կնոջ՝ Զարինե Դանիելյանի անունով։ Այս առանձնատան հողակտորը, ինչպես Վլադիմիր Կարապետյանինը, ամբողջացել է չորս տարբեր հողակտորների միավորման արդյունքում։

Դրանցից մեկը՝ 1980 քմ մակերեսով, 2014 թվականին քաղաքապետարանից ձեռք է բերել անձամբ Զարինե Դանիելյանը՝ վճարելով 66 մլն դրամ։ Մյուս հողակտորները ձեռք են բերվել «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ից, Նունե Նիկոլյանից և «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ից։ Ըստ էության, վերը նշված երկու ՀԿ-ներն էլ Երևան քաղաքից անհատույց օգտագործմամբ ստացած հողակտորները հետագայում վաճառել են այս կամ այն պաշտոնյային:

Կադաստրի պետական կոմիտեից ստացված փաստաթղթերից պարզվում է, որ «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ն Ազատության պողոտային հարող հատվածում անհատույց օգտագործման իրավունքով 2004 թվականին ստացել է 6000 քմ մակերեսով հողակտոր, որտեղ պետք է հյուրատուն և գրասենյակ կառուցեին: Նույն թվականին քաղաքապետարանից լրացուցիչ հողակտոր է ստացել՝ ավտոկայանատեղի, ճանապարհ կառուցելու և սպասարկման տարածքն ընդլայնելու նպատակով: Հետագայում այդ հողակտորից 6000 քմ-ը հատկացվել է «Սուրբ Լազար» ՀԿ-ին, ապա այդ հողակտորից 2600 քմ-ը 51 մլն դրամով վաճառվել է նույն կազմակերպության նախագահ Սիմոն-Եզնիկ Բալյանին, ով էլ նույն տարում 200 մլն դրամով այն վաճառել է Կարեն Կարապետյանի եղբորը՝ Վլադիմիր Կարապետյանին:

Բացի դրանից, Վլադիմիր Կարապետյանը 2011 թվականին լրացուցիչ 600 քմ հողակտոր է ձեռք բերել Կանադայի քաղաքացի Անահիտ Խաչիկյանից:

Կադաստրից ստացված տեղեկատվության համաձայն` այս հողակտորի վրա կառուցված է մեկ բնակելի տուն, երկու օժանդակ շինություն, լողավազան և շատրվան։

Արարատբանկի վաչության նախագահի տունը

Վլադիմիր Կարապետյանի և Զարինե Դանիելյանի առանձնատների դեմ դիմաց տեղակայված առանձնատունը պատկանում է «Արարատբանկ» ընկերության վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին: Այն գրանցված է նրա մոր՝ Մագդա Ապրեսյանի անունով: Առանձնատունը նորակառույց է, այն գրանցվել է այս տարվա հունվար ամսին, դրա կադաստրային արժեքը 115 մլն դրամ է։

Աղվան Հովսեփյանի որդու հողակտորը

Վլադիմիր Կարապետյանի առանձնատնից դեպի Բաբայան փողոց ընկած հողակտորը պատկանում է քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին։ Մինչ «թավշյա հեղափոխությունը» տարածքը ցանկապատվել էր՝ շինարարություն սկսելու նպատակով։ Սակայն մինչ օրս շինարարական որևէ աշխատանք այդտեղ չի կատարվել։ 2000 քառակուսի մետր հողակտորի համար տարեկան վճարվում է 39 հազար դրամ գույքահարկ: Հողակտորը մինչև Արմեն Հովսեփյանին անցնելը պատկանել է նրա եղբորը՝ Միսակ Հովսեփյանին, որը հայտնի է իր բիզնես գործունեությամբ: Միսակ Հովսեփյանն այդ հողակտորը գնել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեոնիկ Հովհաննիսյանից 2008 թվականին բավականին մատչելի գնով՝ 6 մլն 205 հազար դրամով: Հողակտորի մակերեսը վաճառքի պահին կազմել է 4000 քմ, որը եթե բազմապատկենք այն ժամանակվա կադաստրային արժեքով՝ մոտ 16 հազար դրամով, ապա կստացվեր ավելի քան 65 մլն դրամ: Արդեն 2015  թվականին Միսակ Հովսեփյանը հողակտորը բաժանել է երկու մասի, որից 2000 քմ-ն նվիրել է եղբորը՝ Արմեն Հովսեփյանին, իսկ մյուս մասը 3 մլն դրամով վաճառել է նրան:

«Տոլիկ և Լիլիկ» ՍՊԸ-ն Բաբայան փողոցի հնաբնակներից է

Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի հատման մասում դեռևս խորհրդային տարիներին կառուցված հարսանյաց սրահը հարակից հողակտորով պատկանում է «Տոլիկ և Լիլիկ» ՍՊԸ-ին։ Այս ընկերության հիմնադիրն ու տնօրենը Տոլիկ Գևորգյանն է, որն ընկերությունը հիմնադրել է 1995 թվականին։ Վերջինս այս տարածքի հողակտորների առաջին ձեռքբերողներից է։ Տարածքի բնակիչները Տոլիկ Գևորգյանին հիշում են որպես «Մոնումենտցի Տոլիկ»։ Նա այս տարածքում մի քանի այլ հողակտորներ է ունեցել, որոնք տարիների ընթացքում վաճառել է տարբեր անձանց։

ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանի ու նրա եղբոր առանձնատները

«Հիսունամյակի հուշարձան»-ի անմիջապես հետնամասում շուտով կբնակեցվի ևս երկու առանձնատուն։ Մեկը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Վահան Հարությունյանին, մյուսը՝ եղբորը՝ Գևորգ Հարությունյանին։

Հարությունյան եղբայրների առանձնատները մեկ ընդհանուր բակ ունեն, որն ամբողջապես պարսպապատված է: Դեռևս 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրության ժամանակ Վահան Հարությունյանը հայտարարագրել էր այս առանձնատան հողամասը։ Նշենք, որ Վահան և Տիգրան Հարությունյանները ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգոր Հարությունյանի եղբոր՝ Միխաիլ Հարությունյանի որդիներն են: Միխաիլ Հարությունյանը հայտնի է իր բիզնես գործունեությամբ:«Հետք»-ը փորձեց առանձնատների վերաբերյալ զրուցել պատգամավոր Վահան Հարությունյանի հետ, որը, սակայն, հրաժարվեց պարզաբանումներ տալ, միայն ասաց, թե 2000-ականներին է հողակտորը ձեռք բերել: Այդուհանդերձ, Կադաստրի պետական կոմիտեից մենք ձեռք բերեցինք Հարությունյաններին պատկանող հողակտորի վերաբերյալ պայմանագրեր: Դեռևս 2014 թվականին Տիգրան Հարությունյանն աճուրդային կարգով Երևանի քաղաքապետարանից 34 մլն 105 հազար դրամով ձեռք է բերել 1800 քմ հողակտոր, որն արդեն 2015 թվականին գրավադրել է «Արդշինբանկ»-ում և հիփոթեքային վարկ վերցրել:

 

ՄԱՍ 2

Գեներալների փողոցն ու առանձնատները

Ազատության պողոտային զուգահեռ՝ Վահագն Դավթյան փողոցում են տեղակայված նախկին և ներկա մեկ ուրիշ խումբ պաշտոնյաների առանձնատները, հողատարածքները, որոնք վերը թվարկված առանձնատներից ավելի համեստ են իրենց տեսքով և դիրքով:

Սեյրան Սարոյանի հողակտորն ու Հայկազ Բաղմանյանի առանձնատունը

ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի հողակտորը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան հետնամասում է։ Գեներալին պատկանող հողակտորն առանձնացված է բարձր կառուցված պարսպով, սակայն այն անբարեկարգ է, որևէ կառուցապատում չկա։

Գեներալ Սարոյանի հողակտորի անմիջապական հարևանությամբ տեղակայված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի եռահարկ առանձնատունը։

Այն ունի բացօթյա լողավազան, կից շինություն։ Հետաքրքիր է, որ Բաղմանյանի եռահարկ առանձնատան յուրաքանչյուր հարկ ունի առանձին հասցե։ Բաղմանյանի կնոջ անունով գրանցված այս առանձնատան հողակտորը ձեռք է բերվել անհարթ գործարքների արդյունքում, որին «Հետք»-ը անդրադարձել էր։ Բաղմանյանի առանձնատան համար տարեկան վճարվում է 79 հազար դրամ գույքահարկ: Նրանց պատկանող հիմնական շինության կադաստրային արժեքը 70 մլն դրամ է։ Իսկ երեք հասցեներից կազմված առանձնատան մի հարկի կադաստրային արժեքը 67 մլն դրամ է, մյուսինը՝ 32 մլն դրամ, երրորդինը՝ 20 մլն դրամ։

ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի հողակտորը

Հայկազ Բաղմանյանի առանձնատան կողքին, դեպի Բաբայան փողոց տեղակայված է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի որդու՝ Արսեն Խաչատրյանի անունով գրանցված 0,7 հա հողակտորը։

Տվյալ հողակատորը մինչ Արսեն Խաչատրյանի սեփականությունը դառնալը Երևանի քաղաքապետարանի որոշմամբվարձակալության իրավունքով տրամադրվել էր Արմեն Խաչատրյանին, որպեսզի այդ տարածքում կառուցեր Հրաչյա Աճառյանի անվան համալսարան։ Սակայն համալսարանը այդպես էլ չկառուցվեց, փոխարենը հողամասը դարձավ Խաչատրյանների սեփականությունը։ Հետագայում նրանք այստեղ կառուցեցին եռահարկ առանձնատուն, որը մինչ օրս պետական գրանցում չունի, քանի որ ավարտական տեսքի բերված չէ։

Լսելով հողակատորի վերաբերյալ մեր հարցը` Արմեն Խաչատրյանն ասաց, թե ինքը այդ հողակտորի հետ կապ չունի։ Մեր այն դիտարկմանը, թե այն գրանցված է իր որդու անունով, Խաչատրյանը, պատասխանելու փոխարեն, անջատեց հեռախոսը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում Հետք․am



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache