ԷՋՄԻԱԾԻՆՆ ԸՆԴՎԶՈՒՄ Է ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԴԵՄ

751

hraparak.am — Վերջին 15-20 տարում Էջմիածնում բողոքի զանգվածային ակցիա տեղի չէր ունեցել: Քաղաքը «բռի» մեջ պահող գեներալներն ու նրանց մարդիկ կոշտ հաշվեհարդար էին տեսնում նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր թեկուզ կիսաբերան դժգոհում էին իրենց վիճակից: Այսօր պատկերը կտրուկ փոխվեց։ «Ասում են՝սատանայի անունն ավելի վախենալու է, քան սատանան ինքը: Այդ անունից վախեցող մեր մեծերի սխալն ենք ուղղում: Մենք չենք պատրաստվում նրանց նման հլու-հնազանդ ծառայել անհասկանալի «տերերին»:

Սա ազատ երկիր է, ես էլ ազատ երկրի ազատ քաղաքացի: Ինչի՞ պիտի ինչ-որ խմբի առաջ վախեցած ման գամ»,- ասաց երթի մասնակից, ԵՊՀ ուսանող Արամ Սարգսյանը: Երիտասարդների շնորհիվ այսօր Էջմիածնի թոքերը բացվեցին. 2000-2500 հոգի քայլերթով շարժվեցին Զվարթնոց, ապա՝ Երևան՝միանալու «Քայլ արա»-ի շարժման մասնակիցներին: «Այնպես չէ, որ նախորդ օրերին տանը լուռ նստած էինք: Ընկերներով պայմանավորվում ու խմբերով էինք գնում Երևան, մասնակցում երթերին ու միտինգներին: Բայց ջղայնանում էի, որ ուրիշ քաղաքներում, այս օրերին մարդիկ կարողանում էին իրենց դժգոհությունն ազատ արտահայտել, իսկ Էջմիածնում՝ ոչ:

Վախի այդ պատը պետք է քանդվեր: Եթե մեր մեծերը դրա համարձակությունը չունեցան, մենք ունենք»,-սա էլ Գարիկ Զաքևոսյանի դիրքորոշումն է: Երթի մասնակիցներին հենց Էջմիածնում միացան նաև Արշալույս գյուղի բնակիչները: Նշենք, որ Արշալույսը գեներալ Մանվելի ծննդավայրն է, որը ղեկավարում է գեներալի եղբորորդին՝ Զարզանդը՝նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրը: Մեր տեղեկություններով՝ հանայքի ղեկավարը չի էլ փորձել խանգարել ցուցարարներին: Իսկ Արմավիր քաղաքում, նախօրեին, մի քանի տասնյակ երիտասարդների խաղաղ երթը մարզպետի կարգադրությամբ ցրվել է: Այսօր, սակայն, էջմիածինցիների համարձակությունից ոգևորված, արմավիրցիները նույնպես ուղղություն են վերցել դեպի մայրաքաղաք:

Հ.ԳԷջմիածնի երթի մասնակիցները նկատել էին, որ երթի ամբողջ ընթացքը տեսախցիկով նկարահանում էին գեներել Մանվելի օպերատորները: «Եթե ամեն ինչ իրենց ուզածով ավարտվի, այսինքն՝շարժումը ճնշվի, դնելու են մեկ-մեկ նայեն, թե՝ով ում տղան կամ աղջիկն է, որ հետո հարցերը լուծեն: Իրենց գործելաոճը երբեք չի փոխվում: Այ, հենց դրա համար պետք է հաղթենք»: Երեւան եկող արմավիրցիների առաջ փակել են ճանապարհը՝ Շմայսը կառավարում է այդ պրոցեսը։ Նրա կարգադրությամբ մեծ մեքենաներ են բերել, շարել Էջմիածին-Երեւան ճանապարհին, որ մարդիկ չկարողանան միանալ Փաշինյանի շարժմանը։ Այս պահին մեծ թվով մեքենաների կուտակումներ կան Երեւանի ճանապարհին։

Սերոբ Մարության



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache