Լրահոս

Էջմիածնում գեներալը յոթ օր, յոթ գիշեր ծնունդ է նշում

 

Հուլիսի 14-ն Էջմիածնի տարեցույցում տոն է, իսկ թե ինչպես է կոչվում տոնը՝ կարևոր չէ, այն տոն օր է, և այդ տոն օրը ծնվել է գեներալ Մանվելը:

Ասում են՝ գեներալը բավականին խորամանկ է, նա և′ տոն օր է որոշել լույս աշխարհ գալ, և′ իր ծնունդը համամարդկային տոնի վերածել, և′  այդ մանր-մունր խորամանկությունները նրան շատ են օգնել՝ թե′  իր գեներալական կյանքում, թե′  ընդհանրապես:

Ամեն տարի հուլիսի 14-ին՝ օրը դեռ չսկսած, Էջմիածնում հրավառություն է, ովքեր գիտեն՝ գիտեն, ովքեր չգիտեն՝ հասկանում են հրավառությունից, որ գեներալ Մանվելի ծննդյան օրն է:

Ասում են՝ հրավառության կրակներն ավելի վեր են բարձրանում, ճայթյուններն ավելի բարձր են հնչում, իսկ Մանվելը տեսնում-ուրախանում է: Ասում են, որ տարի է եղել, որ գեներալ Մանվելը յոթ օր ու գիշեր է ծնունդը նշել, ինչո՞ւ, որովհետև մեկ օրը բավարար չէ գեներալի ծննդյան ողջ նրբություններն ու երանգները ներկայացնելու համար:

Յոթ օր ու գիշերը մի կողմ. ասում են, որ գեներալը ծնունդին մի հազար մարդ է կանչում, մի 450 տեղ է պատվիրում, հյուրերի մի մասը թափառում է Էջմիածնի փողոցներում՝ մինչև սեղանի մոտ տեղ բացվի, իսկ ով արդեն սեղանի մոտ է, անգամ բնական պետքերի համար դուրս չի գալիս, որ հակառակորդը իր տեղը չզբաղեցնի:

Դե, չար լեզուներն ասում են, որ գեներալի շրջապատի մարդիկ մինչև տասն են կարողանում հստակ հաշվել, դրանից հետո խառնում են, իսկ մինչև 25 հաշվողն արդեն դոկտոր-պրոֆեսոր է:

Դե այս դոկտոր-պրոֆեսորին ամեն տարի չէ, որ հրավիրում են ծնունդին, և այսպես էլ հարամվում է գեներալի ծնունդը՝ յոթ հոգով նստում են մեկ աթոռի: Բայց դե ասում են, որ նվերներն այնքան շատ են լինում, որ ծաղիկները դնում են հենց մուտքի մոտ, մի փոքր հակառակ ազդեցությունն է ունենում, սակայն բովանդակ ռեստորանում ծաղիկ գցելու տեղ չի լինում:

Մեկ-մեկ էլ հյուրերն անհանգստանում են, թե ամեն տարի ճոխ-ճոխ իր ծնունդը նշողգեներալն ի՞նչ է անում այդքան ծաղիկը: Գեներալը հյուրերից խորամանկ է. նա ծաղկի խանութ ունի, ահա գաղտնիքը, և իհարկե, սիրում է, որ միայն իր ծաղկի խանութից իրեն ծաղկեփնջեր նվիրեն:

Ասում են անգամ, որ հրահանգել է՝ ծաղկեպսակները ևս պետք է սույն ծաղկի խանութից գնեն, և բոլոր հյուրերը միաձայն կողմ են արտահայտվել, հատկապես այն հյուրերը, որոնք ծնունդը նշում են ծառի տակ, կամ ծաղկեփնջերի կողքին. նրանք ավելի եռանդով են խոստանում:

Ասում են, որ այս տարի ևս յոթ օր ու յոթ գիշեր է ծնունդը, և էջմիածինցիները որոշել են դռներն ու պատուհանները փակել ու փորձել քնել, քանի որ հրավառության աղմուկից, թանկարժեք մեքենաների դղրդյունից էջմիածինցիները յոթ օր ու գիշեր աղոթել են փակ դռների հետևում՝ գեներալի ծննդյան օրվա հանգստության համար:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing