Էրդողանը հետաքրքրվե՞լ է Նիկոլ Փաշինյանով. զանգ Վրաստան

244

lragir.am — Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Ըստ թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության, երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերության հարցեր, նաեւ խոսել են ՏԱՆԱՊ գազատարի մասին, որի նախագծի մեկնարկը օրերս Բաքվում տվեցին Էրդողանն ու Ալիեւը եւ որը Բաքվի գազը պետք է Վրաստանով եւ Թուրքիայով տանի Եվրոպա:

Էրդողանի ու Մարգվելաշվիլին իհարկե ունեն քննարկելու այլ թեմաներ էլ, օրինակ Վրաստանի ներքաղաքական վիճակը, որը բավական լարված է, տեղի են ունենում հանրահավաքներ, քաղաքացիական նախաձեռնությամբ, որոնք սակայն կարող են ազդել ներքաղաքական եւ անգամ ներիշխանական դասավորության վրա:

Դյուրին չէ նաեւ Էրդողանի վիճակը Թուրքիայում, որտեղ նա 2019-ի հերթական նախագահական ընտրությունը բերել է գրեթե մեկ տարի առաջ եւ կանցկացնի հունիսին: Էրդողանի դեմ միավորվում է Թուրքիայի ընդդիմությունը, ու այստեղ միջազգային փորձագետները ընդդիմության շանսերը գնահատում են ոչ ցածր:Այդ ամենով հանդերձ, Էրդողան-Մարգվելաշվիլի հեռախոսազրույցը հետաքրքիր է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի ֆոնին, որ տեղի ունեցավ մայիսի 30-31-ը: Այցը բավականին տպավորիչ էր մի շարք առումներով, թե միջպետական հագեցածությամբ, թե նաեւ վիրահայության հետ Նիկոլ Փաշինյանի Թբիլիսիում եւ Ջավախքում ունեցած հանդիպումներով: Ընդ որում ուշագրավ է, որ Փաշինյանին Ջավախք ուղեկցում էր Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն: Հզոր Հայաստան նշանակում է հզոր Վրաստան եւ հզոր Վրաստան նշանակում է հզոր Հայաստան, Ջավախքում հայտարարել էր Ջանելիձեն, ասելով, որ Վրաստանի իշխանությունը Հայաստանի նոր վարչապետի հետ հանդիպումներում տեսել է հայ-վրացական հարաբերությունը ավելի խորացնելու եւ նոր մակարդակի բերելու պատրաստակամություն ու կամք:

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում հայտարարել է այն մասին, որ անկախ Հայաստանն ու անկախ Վրաստանն ունեն 100-ամյա խորը ու խորհրդանշական արմատ եւ ամուր կանգնած են ու մնալու են ինքնիշխանության, անկախության, եղբայրության եւ համատեղ ապագայի դիրքերում:

Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են, անգամ տարբեր ինտեգրացիոն գործընթացների մաս կազմելու տեսանկյունից: Ավելին, այդ տարբերությունը խորքային առումով նույնիսկ համալրում  է երկուստեք ներուժը ռեգիոնալ անվտանգության եւ կայունության ապահովման գործում, ինչը նաեւ համատեղ ապագայի կարեւոր հիմնաքար է: Հայաստանն ու Վրաստանը Կովկասի անվտանգության նոր համակարգի անփոխարինելի առանցքն են, առանց որի Կովկասի անվտանգության համակարգը չի կարող դիտարկվել միջազգային անվտանգության համակարգի մաս:Դա անշուշտ պատկերացնում են բոլոր խաղացողները, եւ այդ իմաստով հատկանշական է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո առաջին աշխատանքային այցը կատարելով Ռուսաստան, առաջին պաշտոնական այցը Նիկոլ Փաշինյանը կատարեց Վրաստան, եւ այցն իսկապես տպավորիչ էր՝ 100-ամյա թավշյա ուղեծրով:

Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանի այցից հետո Էրդողան-Մարգվելաշվիլի հեռախոսազրույցում հավանական է, որ Թուրքիայի նախագահը կարող էր հետաքրքրվել նաեւ Նիկոլ Փաշինյանով, փորձելով շոշափել մի կողմից նրա վրացական այցի ռեգիոնալ եւ աշխարհքաղաքական համատեքստը, ու նաեւ փորձեր տեղեկանալ, թե ինչ տպավորություն կա Վրաստանում Նիկոլ Փաշինյան գործչից, այսպես ասած ով է նա եւ ինչ սպասել նրանից:

Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական հարաբերության մասով առայժմ արտահայտվել է բավական քիչ, բայց հստակ, ասելով, որ այդ հարաբերության բացակայության պատճառը Հայաստանը չէ ու Երեւանը պատրաստ է առաց նախապայմանի կարգավորման: Էրդողանը հայտարարել էր, թե իրենք աջակցում են Կովկասում եւ Միջին Ասիայում խաղաղությանն ու բարօրությանը, եւ դրական պատկերից միակ դուրս մնացողը Հայաստանն է, ու սպասում են այդ երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում եւ սթափ դատողություն: Ի՞նչ նկատի ունի Էրդողանը, հավանաբար ավանդական մոտեցումը Արցախի հարցում, որ Հայաստանը պետք է տարածք հանձնի: Մյուս կողմից, հատկանշական է մի բան, որ Փաշինյանի հայտարարությունից հետո թե Թուրքիայի վարչապետը, թե Էրդողանը իրենց արձագանքներում հստակ չեն շեշտադրել այդ հանգամանքը:

Մյուս կողմից, ուշադրության է արժանի այն, որ Հայաստանում թավշյա հեղափոխության ծավալմանը զուգահեռ, Նախիջեւանի ուղղությամբ դիրքային տեղաշարժեր է իրականացրել Ադրբեջանը, իր հսկողության տակ գտնվող տարածքում փոխելով դիրքերն ու տեղ-տեղ ավելի մոտենալով հայկական դիրքերին: Հայաստանի պաշտպանության նախարարը ի պատասխան հայկական սոցցանցերում մտահոգությունների հայտարարել է, որ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը եւ չկա մտահոգության առիթ:

Այդ ամենով հանդերձ, իրողությունը զուտ դիրքային դիմակայության հարթությունից դուրս, նուրբ տողատակեր է պարունակում ռեգիոնալ եւ նաեւ աշխարհքաղաքական հարթության մասով, որովհետեւ Նախիջեւանի պարագայում կա Թուրքիայի ու նաեւ հայ-ռուսական անվտանգության պայմանագրերի եւ ՀԱՊԿ անմիջական պատասխանատվության գոտու հարց: Արդյոք Ադրբեջանը փորձում է Հայաստանում նոր իշխանության ու լիովին նոր իրավիճակի պայմաններում շանտաժել Ռուսաստանին ու Թուրքիային՝ անմիջականորեն, իսկ անվտանգության մյուս ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական դերակատարներին՝ անուղղակի, փորձելով այդպիսով դիմադրել նոր Հայաստանի ռազմա-քաղաքական ստվերում մնալու հեռանկարին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache