good-banner
Լրահոս

Էրդողանը տվել է Եվրոպան գրոհելու ազդանշան

 

Թուրքիայի նախագահ Էրդողանը Եվրոպայի պետություններում ապրող թուրքերին կոչ է արել 3 երեխայի փոխարեն ունենալ 5 երեխա, բիզնեսներ բացել, սովորել լավագույն կրթական հաստատություններում, վարել թանկարժեք մեքենաներ, ապրել լավ տներում:

Ըստ նրա, դա կլինի «վայրագ Եվրոպային» իրենց լավագույն պատասխանը, քանի որ «թուրքերն են Եվրոպայի ապագան»:Եվրամիության ու Թուրքիայի հարաբերությունը հարթ չէ արդեն տարիներ շարունակ, իսկ վերջին շաբաթներին լարվածությունը բռնկվեց նոր ուժով, երբ Թուրքիայի պաշտոնյաներին մի շարք եվրոպական պետություններ արգելեցին իրենց երկրներում իրականացնել Սահմանադրության փոփոխության քարոզչություն՝ այդ երկրներում ապրող ու աշխատող Թուրքիայի քաղաքացիների համար:Անկարան ու Եվրամիության մի շարք երկրներ միմյանց հասցեին հանդես եկան չափազանց կոշտ հայտարարություններով եւ անգամ վիրավորական արտահայտություններով:

Անկարան հնչեցրեց անգամ սպառնալիքներ, օրինակ հայտարարելով, որ կչեղարկի Մերձավոր Արեելքից փախստականների վերաբերյալ ԵՄ հետ համաձայնությունը, որով Անկարան արգելապատնեշ է հանդիսանում դեպի Եվրամիություն նրանց ճանապարհին:Էրդողանը փաստորեն սպառնալիքից անցնում է արդեն գրոհի ազդանշանի, Եվրամիության երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին եւ անկասկած նաեւ ծագումով թուրք այդ երկրների քաղաքացիներին կոչ անելով ժողովրդագրական գրոհ սկսել Եվրամիության դեմ:Ինչ խոսք, ներկայում ժողովրդագրական հարաբերակցությունն այնպիսին է, որ Էրդողանի գրոհի ազդանշանից Եվրամիությանը մոտ կամ տեսանելի ապագայում չի սպառնում «կապիտուլյացիա»:Խնդիրը սակայն այլ է:

Մի քանի ամիս առաջ ռուսական Առաջին ալիքով իրականացվող իր նախագծերից մեկում Վլադիմիր Պոզները շարք էր ներկայացնում Գերմանիայի մասին: Ու քանի որ Գերմանիայում բավական թիվ են կազմում նաեւ թուրքերը, Պոզներն անդրադարձել էր նաեւ նրանց կյանքին, տեղի բնակչության հետ նրանց հարաբերությանը, նրանց վարքի հանդեպ տեղի բնակչության վերաբերմունքին:Պոզները զրուցում էր Բեռլինի կենտրոնում հյուրանոցային ու ռեստորանային բիզնես ունեցող մի թուրքի հետ, որ արտագաղթել էր Թուրքիայից: Նա բավական հաջողակ բիզնեսմեն էր եւ սկսելով փոքր չափերից, հասցրել էր դառնալ միլիոնատեր:Պոզները նրան հարցնում էր, թե արդյոք նա ունի երախտագիտության կամ շնորհակալության զգացում Գերմանիայից, որ նրան ընձեռվել է գալու, ազատ աշխատելու, իր գործարար կարողությունը կիրառելու եւ հաջողության հասնելու հնարավորություն, առանց խտրականության:

Պատասխանն ապշեցնող էր: Թուրք գործարարը հայտարարեց, թե՝ ոչ, այդ Գերմանիան պետք է շնորհակալ լինի, որ ինքը եկել եւ ներդրում է կատարել գերմանական տնտեսության մեջ, նպաստել տնտեսական կյանքին եւ այլն:Էականն այստեղ թուրք գործարարի ճիշտ կամ սխալ զգացումները չեն, ոչ էլ իրավիճակին բարոյական գնահատական տալը: Տվյալ պարագայում հատկանշականը մտածողությունն էր, թե ինչպես է մտածում մարդը, ինչ վեկտորով, ինչ ելակետով, ինչ հոգեբանությամբ եւ մոտիվներով: Որովհետեւ, ի վերջո հենց դրա վրա էլ կառուցվելու է նրա վարքը, հետեւաբար նաեւ շրջապատում նրա վարքի ազդեցության աստիճանն ու ուղղությունը:Ակնհայտ է, որ թուրք գործարարը մտածում էր «նախահարձակ», «ագրեսիվ» տրամաբանությամբ: Նա չէր փորձում Գերմանիային «պարտք» երեւալ, այլ հակառակը՝ նա համարում էր, որ Գերմանիան է իրեն «պարտք»:

Այստեղ չկա եւ չի կարող լինել դատապարտելի կամ առավել եւս քրեածին ոչինչ:«Առակն» այն է «ցուցանում», որ խնդիրը միայն ժողովրդագրական թվաբանության ծավալային հարաբերակցությունը կամ տեսակարար կշիռը չէ, թվերով չէ, որ որոշվում է ամեն ինչ: Շատ կարեւոր է, թե ինչպիսին է վարքի մոտիվացիոն հիմքը, ինչ արժեքների եւ մտածողության վրա է այն կառուցված, որքանով է «նախաձեռնող», «մարտնչող», այդ բառի ոչ մարտաշունչ իմաստով:Այդ իմաստով, համենայն դեպս Պոզների պատրաստած շարքը վկայում էր, որ օրինակ թուրք միգրանտները առավել «նախաձեռնող» եւ հետեւաբար «իրենց պարտադրող» կարող են լինել, քան գերմանական հանրությունը:

Ու եթե «դիմակայությունը», ազդեցության տարածումը ճակատային չէ՝ իսկ Էրդողանը կոչ է անում հենց «ոչ ճակատային» գրոհի՝ դանդաղ, ժամանակի ու տարածության մեջ լուծված գրոհի, ապա եվրոպական հասարակությունը մի գեղեցիկ օր՝ թեկուզ մի քանի տասնամյակ անց, կարող է կանգնել այն փաստի առաջ, որ թուրքական տարրը Եվրոպակում ձեռք է բերել դոմինանտ ազդեցություն:Խնդիրն այստեղ այն է, որ հեռանկարում շոշափելի են ռիսկերը, թե ինչպես Եվրամիությունում կարող է ժամանակի ու տարածության մեջ աննկատ, «սողացող» ազդեցության գալ մի պետություն, որը Հայաստանի հանդեպ ունի մեղմ ասած ոչ բարյացակամ ծրագրեր եւ մոտեցումներ:Ըստ այդմ, խնդիրն առկա է թե Եվրամիության, թե Հայաստանի համար:

Ի՞նչ կարող է անել Եվրամիությունը: Իրավիճակը խոշոր հաշվով իսկապես բարդ է, եւ կա միաժամանակ ասիմետրիկ, բայց նաեւ ոչ ճակատային կամ ճակատամարտային լուծման անհրաժեշտություն: Իսկ կարո՞ղ է այդ հարցում Հայաստանն օգտակար լինել Եվրամիությանը:

 

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing