Ֆելիքս Ցոլակյան․ Իմ նպատակը իրավիճակի կայունացումն էր

0

azatutyun.am — «Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի (ՀՀԿ)՝ իշխող քաղաքական ուժի միակ ներկայացուցչի հետ, ով ինչպես մայիսի 1-ին, այնպես էլ այսօր՝ մայիսի 8-ին, կողմ է քվեարկվել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

«Ազատություն»․ — Մայիսի 1-ին Ձեր խմբակցության անդամները ասում էին, որ Փաշինյանին որպես գերագույն գլխավոր հրամանատար չեն տեսնում, որ կառավարման փորձ չունի և այլն, և այլն: Ձեր քվեարկությունը, խնդրում եմ, բացատրեք: Դուք այդ մտավախությունները չունեի՞ք:

Ցոլակյան․ — Մտավախությունները միշտ կարող են լինել: Բայց կանխավ ասել և հիմնավորել կամ չհիմնավորել՝ դա արդեն ես չեմ ընդունում: Երևի մեր նորանկախ պատմության մեջ որևէ ղեկավար մեծ փորձ չի ունեցել, որ երկրի ղեկավարությունը վերցրել է իր ձեռքը․․․ Մեծ բազմությանը ղեկավարել, կառավարել, և այդ բազմությունը շատ հանգիստ ընդունի ցուցումներ, հրամաններ մի մարդու կողմից և կատարի անմիջապես և անվերապահ, դա արդեն կառավարման փորձ է: Ես ընդունում եմ, որ նա [Նիկոլ Փաշինյանը] կառավարող է, այդ մարդը ունի էդ հատկությունները և կարողացել է դա անել: Ինչո՞ւ չենք ընդունում դա, որ նա արել է: Շատ կարճ ժամանակում կերևա այն, ինչ որ խոսում են կամ մտավախություն ասածը՝ կա՞ այդ մտավախությունը: Արդարացվա՞ծ էր, թե՞ արդարացված չէր: Սա մի օրվա խնդիր չէր, երկու օրվա խնդիր չէր․․․ Հետո շատ կարևոր էր հաղթանակի հասնելու համար երիտասարդության մասնակցությունը: Երիտասարդությունը արեց մի բան, որը մեծերը չէին կարողանում անել:

«Ազատություն»․ — Հանրապետական խմբակցությունից կամ կուսակցությունից Ձեզ հետ խոսացող եղե՞լ է Ձեր նախորդ քվեարկության մասին:

Ցոլակյան․ — Որևէ մեկը ինձ հետ որևէ բան չի խոսացել:

«Ազատություն»․ — Դուք խմբակցությունից դուրս գալու ծրագրեր ունե՞ք:

Ցոլակյան․ — Չեմ կարող հիմա ասել: Չեմ էլ բացառում: Վաղը, մյուս օրը օրենքների քննարկում է սկսվելու, օրենքների քննարկման ժամանակ ես նորից կարող եմ իմ կարծիքը ասել: Եվ այդ կարծիքը կարող է լինել նաև անկախ: Պատգամավորի իրավական վիճակի մեջ եմ ուզում տեղավորվել ես: Եվ դրա համար ես պարտաստ եմ ցանկացած խոսակցության:

«Ազատություն»․ — Ձեր քվեարկությունից հետո խոսակցություն կար, որ Ձեզ կարող էր առաջարկվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: Ձեզ այդպիսի առաջարկ եղե՞լ է:

Ցոլակյան․ — Ոչ:

«Ազատություն»․ — Եթե լինի, կհամաձայնե՞ք:

Ցոլակյան․ — Չեմ կարող պատասխանել այդ հարցին ես հիմա: Պատրաստ չեմ: Ինձ հետ այս թեմայով որևէ մեկը չի խոսել: Ես որևէ մեկի հետ կապված չեմ: Որևէ մեկի հետ թաքուն չեմ խոսացել: Ինչ արել եմ՝ բաց, բոլորը գիտեցել են, բոլորը տեղյակ են եղել:

«Ազատություն»․ — Որևէ ենթատեքստ չկա՞ր, որովհետև Ձեր նախկին պաշտոնավարման հետ էլ կապվեց՝ որպես Ազգային անվտանգության գեներալ:

Ցոլակյան․ — Երևի ես շատ լավ եմ տեսնում, երևի մի քիչ ավելի շատ եմ տեսնում այն պրոցեսները, ավելի ուրիշ գնահատական եմ տալիս դրանց: Երևի տարբերություն կա իմ գործընկերների և իմ գնահատականների մեջ: Լինում է, երբ բազմությունը շատ մեծ է լինում, և այդ բազմությունը կարող է նաև ուղղակի չենթարկվի հենց նույն կազմակերպչին: Մեր կյանքում, փառք Աստծո, այդպիսի բան չեղավ: Փաստորեն Նիկոլ Փաշինյանը կարողացավ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ավելորդ ոչինչ տեղի չունեցավ: Իշխանություններն էլ, իրենց հերթին, կարողացան պահել մյուս կողմը: Երկու կողմից, փաստորեն, կարողացանք երկրում ստեղծել վիճակ, որ այն չկատարվեց, ինչը կարող էր ուրախացնել մեր թշնամիներին: Քվեարկել եմ, որպեսզի օր առաջ կանխենք: Իմ նպատակը իրավիճակի կայունացումն էր, ուրիշ նպատակ չկար: Ես որևէ մեկի նկատմամբ վատ իմաստով որևէ քայլ չեմ ուզեցել անել: Ես արել եմ այն, ինչ որ թելադրել է իմ խիղճը



Загрузка...