Ֆորս-մաժորի մտրակը. Սերժ Սարգսյանի վերջնախաղը

1

Ապրիլի մոդելափոխությանն ու վարչապետի փոփոխությանն ընդառաջ հայկական քաղաքական դաշտում ավելի ու ավելի հաճախ է դիտարկվում ֆորս-մաժորի հնարավորության հարցը, հատկապես, որ ներկայումս ծավալվում են քաղաքականության մեջ հրապարակի կամ փողոցի մասնաբաժինը ավելացնելու տարբերակները: Այդ դիտարկումներում բավականին հաճախ շոշափվում է նաև իշխանության ներկայիս և նախկին տարբեր մասնակիցների անունները, այն առումով, որ նրանք կարող են քայլեր ձեռնարկել Սերժ Սարգսյանին խանգարելու համար, ինչն էլ իր հերթին կարող է դառնալ հրապարակի ակտիվացման կատալիզատոր, բերելով արդեն լիովին նոր և անկանխատեսելի իրավիճակների:

Տեսականում, իհարկե Հայաստանի սոցիալ-հոգեբանական իրավիճակը ցանկացած ֆորս-մաժորի համար վառոդով լի պատրաստի տակառ է, սակայն գործնականում ֆորս-մաժորի հնարավորությունները գրեթե բացառվում են, քանի որ Հայաստանում քաղաքականության և քաղաքագիտության, ու թերևս նույնիսկ հասարակագիտության դասական կանոնները չեն գործում, եթե ընդհանրապես գործում է որևէ գիտության դասական կանոն: Կան բազմաթիվ գործոններ, տարբեր դաշտերում, որոնք գործնականում անհնար են դարձնում ֆորս-մաժորի ծավալումը, անկախ այն բանից՝ Սերժ Սարգսյանը գնում է վարչապետի պաշտոնի, թե ոչ:

Մյուս կողմից, Սարգսյանն անշուշտ պարտավորված է մտածել այլ կերպ, կամ գործել այլ կերպ, եթե անգամ վստահ է, որ իրադարձությունների զարգացումը անգամ ինքնահոսի թողնելու դեպքում որևէ ֆորս-մաժոր հնարավոր չէ: Անկախ դրանից, Սարգսյանը պարտավոր է ունենալ իր երաշխիքները՝ հետնախագահական այս կամ այն պլանի դեպքում, և իրավիճակին արձագանքել ոչ թե մարտահրավերներն ու ռիսկերը թերագնահատելու, այլ գերագնահատելու սկզբունքով, ձեռնարկելով այսպես ասած բազմաշերտ ապահովագրական միջոցառումներ, որոնք կարող են լինել բազմաբնույթ և բազմաբովանդակ: Օրինակ, օրերս հայտնի դարձավ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ձերբակալության մասին, որին մեղադրում են 2008-2013 թվականներին կաշառակերության փորձի համար:

Այստեղ ուշագրավ է այն, որ այդ թվականներին պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր, որն ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո պասիվ դիրքում է, բայց որի հետ բանակցություն է վարում հանրահավաքներ սկսած Հանուն Հայաստան Պետության ճակատը, ինչպես գրում է մամուլը: Անկասկած դժվար է պատկերացնել, որ հրապարակի վիճակը էական փոփոխության ենթարկվի, եթե այնտեղ հայտնվի անգամ Սեյրան Օհանյանը, և ավելին՝ այստեղ կարող է առաջանալ նույնիսկ հակառակ էֆեկտ և Սեյրան Օհանյանով հրապարակը դառնա առանց Սեյրան Օհանյանի հրապարակի քննադատության թիրախ, բայց բոլոր դեպքերում ակնհայտ է Սարգսյանի կանխարգելիչ գործողությունը ՊՆ պաշտոնյայի հանդեպ մեղադրանքի մասով:

Ի վերջո, խնդիրը կարող է լինել ոչ թե Սեյրան Օհանյանի վերադարձը հրապարակ թույլ չտալը, այլ պարզապես վերադարձի հստակ շրջանակներ «սահմանելը» կամ գծելը, երբ այդ վերադարձը ավելի շատ կարող է աշխատել հենց Սերժ Սարգսյանի օգտին: Ինչպես աշխատում է ընդհանրապես ընդդիմադիր դաշտում բաժանարար գծերի առկայությունը, երբ առկա են մի շարք ֆորմատներ, որոնք փորձում են կարճաժամկետ հեռանկարում դիրքային պայքար մղել, իրականում անշուշտ դիտարկելով ոչ թե ապրիլի խնդիրը, ավելի շուտ ոչ թե 2018 թվականի ապրիլի խնդիրը, այլ 2022 թվականի, երբ տեղի կունենա խորհրդարանի նոր ընտրությունը:

«Երկիր Ծիրանի»-«Ելք»  ֆորմատից բացի կա «Հանուն Հայաստան պետության» ճակատ-«Ելք» դեռևս ոչ սուր դիմակայությունը, որտեղ առանձին է հնարավոր դիտարկել «Ելք»-ն ու Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը: Թե Փաշինյանը, թե ՀՀՊՃ-ն ակտիվորեն աշխատում են հանրահավաքային ալիք սկսելու ուղղությամբ, սակայն կարծես թե այստեղ ընդհանուր եզրերի փոխարեն կա մրցակցություն և այս երկու ուժերը կարող են դիմակայության մեջ հայտնվել հրապարակում, մի կողմից պայքարել հրապարակի համար, մյուս կողմիղց կիսել առանց այդ էլ ոչ մեծ հանրահավաքային ռեսուրսը: Միաժամանակ կարող ենք խոսել ՀՀՊՃ-«Երկիր Ծիրանի» մրցակցության մասին, քանի որ նվազագույնը «Երկիր Ծիրանի» մարտավարությունը հուշում է, որ այդ քաղաքական ուժը կարծես թե մտադիր չէ իր «օրիգինալությունը» կորցնել որևէ միավորումում, առավել ևս, որ քաղաքական վարկի կուտակման առումով «Երկիր Ծիրանին»  ի տարբերություն գրեթե մյուս բոլոր ընդդիմադիր ուժերի, գտնվում է այսպես ասած աճման տիրույթում:

Մյուս ներընդդիմադիր դիմակայությունը «Ելք»-ի ներդաշինքային մրցակցությունն է, առավելապես Քաղաքացիական պայմանագիր և Լուսավոր Հայաստան կուսակցությունների միջև, որի բովանդակային առարկան հրապարակ գնալ-չգնալն է, սակայն առավել խորքային առումով այս ուժերը թերևս սկսել են պարզապես դրսևորել իրենց հավակնությունները և հրապարակն այս դեպքում ավելի շատ առիթ է, քան պատճառ: Ստացվում է մի իրավիճակ, երբ մի կողմից գեներացվում է որոշակի հրապարակային ակտիվություն, մյուս կողմից այդ ակտիվությունը ծավալվում է տարիներով փորձված դեստրուկտիվ մոդելով, որից առավելագույնը որպես կանոն քաղում է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը կամ հանրությունը:

Միևնույն ժամանակ, ֆորս-մաժորի կառավարելի «մթնոլորտը» ներիշխանական մթնոլորտը վերահսկելու գործիք է Սերժ Սարգսյանի համար, հատկապես իշխանության անցումային փուլում, որտեղ բավականին բարձր է սաբոտաժային ռիսկը: Այդ ռիսկը նվազեցվում է «ֆորս-մաժորի» ռիսկի գեներացման միջոցով, իշխանության բնազդները սրելով և թույլ չտալով գիտակցության վտանգավոր խաղ: Ամբողջ խնդիրն այն է, թե Սերժ Սարգսյանն իր հետնախագահական ինչ վերջնախաղի համար է դե ֆակտո զսպում իշխող համակարգի հնարավոր որևէ սկզբնախաղ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache