Գաղտնալսման հետևում Քոչարյա՞նն է․ երկրորդ նախագահը «մատնեց» իրեն

199

1in.am — Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել է, որ իրավապահները բացահայտել են իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուին։ Վանեցյանը ասել է, որ ենթադրյալ պատվիրատուն ԱԱԾ-ի հետ կապ չունի, իսկ հանրության շրջանում «լայն ճանաչում ունի»: ԱԱԾ տնօրենի խոսքերով՝ առայժմ չի ստացվում փաստաթղթերով հիմնավորել պատվիրատուի մասնակցությունը․ «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում»:

Եթե անկեղծ լինենք՝ Վանեցյանի երեկվա բացահայտումն ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ է տալիս։ Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է հանդուրժել նման հանցագործություն պատվիրած անձի ազատության մեջ գտնվելու հանգամանքը։ Անցած երկու օրերին նույնիսկ տեսակետ հնչեց, որ իշխանությունները մտադրվել են նոր աղմկոտ բացահայտումը թողնել քարոզարշավի օրերին՝ հասարակության հերթական կոնսոլիդացիան ապահովելու համար։

Իհարկե, մոտավորապես ենթադրելի է՝ ով կարող է կանգնած լինել ենթադրյալ գաղտնալսման թիկունքում, մանավանդ որ գործի շրջանակներում խուզարկված հինգ-վեց հասցեներից հայտնի դարձավ միայն մի կայքի խուզարկության մասին, որն անմիջականորեն կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։

Սակայն եթե նույնիսկ մեր ենթադրությունները բացառապես տեսական բնույթ ունեն, այսօր տեղի ունեցած մեկ այլ իրադարձություն անուղղակիորեն հաստատում է այս վարկածը։

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ:

«Միջնորդությունը Քննչական կոմիտե ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարման փաստը»,-ասել է Խուդոյանը: Նրա խոսքերով՝ իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակի ճանաչումը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը:

Քոչարյանի պաշտպանը, բնականաբար, վստահ է, որ իր միջնորդությունը մերժվելու է․ նա հետապնդում է միանգամայն այլ նպատակ՝ կասկածի տակ դնել նախաքննության օբյեկտիվությունը։ Այլ խոսքով՝ Քոչարյանի պաշտպանական թիմը ձգտում է հնարավորինս քաղաքականացնել գործի ընթացքը Ռոբերտ Քոչարյանի նոր, հնարավոր մեղադրանքին քաղաքական բնույթ հաղորդելու համար։

Այս իմաստով կարող ենք վստահաբար պնդել, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն անուղղակի ընդունել է, որ հենց ինքն է կանգնած գաղտնալսումների հետևում և փորձել է փոխադարձ մեղադրանք հասցեագրել Վանեցյանին՝ իբրև թե վերջինս կատարել է գործողություններ իր ազատությունը սահմանափակելու նպատակով։

Գաղտնալսման սկանդալի հենց սկզբից գրեթե ակնհայտ տեսանելի էր Ռոբերտ Քոչարյանի «ձեռագիրը», այլ խնդիր է՝ արդյո՞ք սա միայն երկրորդ նախագահի նախաձեռնությունն է, թե՞ եղել են օժանդակողներ պետական համակարգում ու նաև դրսում, ենթադրաբար՝ Ռուսաստանում։ Դժվար է կանխատեսել, թե ինչ կպարզի կամ մինչև ուր կհասնի նախաքննությունը, սակայն ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը մի վերջին անգամ անգնահատելի «ծառայություն» է մատուցելու հեղափոխությանը՝ նպաստելով նրա վերջնական հաղթանակին։ Բանն այն է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հնարավոր են ոչ միայն գաղտնալսման գործով, այլ նաև՝ Ռոբերտ Քոչարյանի սեփականության ու բիզնեսների հարցով ուշագրավ բացահայտումներ։ Բացի դրանից՝ ժամանակագրորեն հենց դեկտեմբերի սկզբին է Վճռաբեկ դատարանում սպասվում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։

Կանխատեսելի է, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կհայտնվի անազատության մեջ՝ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ խորհրդանշելով հեղափոխության անշրջելի հաղթանակը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache