Լրահոս

Գագիկ Բեգլարյանը չի հեռանում, այլ…

 

Մամուլում օրերս տեղեկություն է հրապարակվել, որ կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Ai Leoni ռեստորանում հանդիպում է ունեցել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որի ժամանակ պատգամավոր Կարեն Կարապետյանը փորձել է համոզել վարչապետ Կարապետյանին, որ Գագիկ Բեգլարյանին ընդգրկի նոր կառավարության կազմում: Սակայն, ըստ մամուլի, միջնորդությունը մերժվել է:

Մամուլի հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու Lragir.am-ի հարցմանն ի պատասխան Գագիկ Բեգլարյանը հայտնեց, որ երկու Կարեն Կարապետյանների հետ էլ ունի այնպիսի հարաբերություն, որ նրանցից որեւէ մեկը չունեն միմյանց միջնորդելու անհրաժեշտություն: Գագիկ Բեգլարյանը նշել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունի մտերիմ ընկերական հարաբերություն, իսկ պատգամավոր Կարեն Կարապետյանն էլ իր բարեկամն է, հետեւաբար չկա որեւէ միջնորդության որեւէ անհրաժեշտություն:

Ըստ Բեգլարյանի, ընդհանրապես Ai Leoni ռեստորանում Կարեն Կարապետյանների հետ հանդիպման եւ ընթրիքի մասով տեղեկությունը արժանի է երեւի թե հայկական ռադիոյի հայտնի մեկնաբանությանը: «Ai Leoni-ում ընթրիքը ճիշտ է, բայց այն եղել է ոչ թե ընտրությունից հետո, այլ ավելի քան երեք ամիս առաջ, եւ ես ընթրել եմ ոչ թե երկու Կարեն Կարապետյանների հետ, այլ միայն վարչապետ Կարապետյանի հետ, ու այդ ընթրիքն էլ եղել է ոչ թե «խորհրդավոր», այլ ընկերական, մնացած ամեն ինչ ճիշտ է, ինչպես կասեր Հայկական ռադիոն», նշում է Գագիկ Բեգլարյանը:

Հետեւաբար ստացվում է, որ Բեգլարյանը հերքում է նաեւ Հայաստանից հեռանալու եւ Մոսկվայում բիզնես հիմնելու՞ մասին տեղեկությունը, որը մամուլը կապել էր հենց «մերժում ստանալու հետ»: Այդ հարցին ի պատասխան Բեգլարյանը նշել է.«Ես ստացել եմ ոչ թե մերժում, այլ տասնյակ հազար ընտրողների վստահությունը, որոնք ձայն են տվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված եւ իր ընտրատարածքում հաղթանակ արձանագրած եղբորս՝ Հակոբ Բեգլարյանին:

Նրա, մեր ընտանիքի հանդեպ ցուցաբերված այդ մեծ վստահությունը էլ ավելի պարտավորեցնող է: Ի տարբերություն շատերի՝ որոնք կարող են ունենալ անգամ տասը քվեի արժանանալու խնդիր, ես ունեմ պատասխանատվության զգացում, ընտրողի, հանրային վստահության առաջ պարտքի զգացում:

Հայաստանում շատերի մոտ է իհարկե ընդունված հանրության առաջ պատասխանատվությունից  խուսանավելն ու մանեւրելը, բայց ես չեմ պատկանում այդ շատերի թվին եւ ինձ համար հանրության վստահությունը ոչ թե բառի ուղիղ կամ պատկերավոր իմաստով արտագաղթելու, այլ ուղիղ իմաստով մնալու եւ այդ քվեի ուժով առավել ամուր լինելու հարց է», ասում է Բեգլարյանը:Նա նշում է նաեւ, թե արտասահմանում բիզնես չունի, չունի արտերկրում ներդրում անելու մտադրություն եւ տնտեսական ներուժը ներդրումների տեսքով իրացնելու միակ վայրը դիտարկում է Հայաստանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing