Լրահոս

Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան.ինչ պլաններ ունի Սերժ Սարգսյանը

 

samvel-karapetyan

Խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքներով փաստացի դրվելու է Հայաստանում հաջորդ իշխանությունների հիմքը, գրեթե ժամանակ չի մնացել: Միեւնույն ժամանակ ոչ միայն քաղաքական հարթությունում չի ավարտվել վերադասավորումների խմորումները, այլեւ իշխանության ներսում գոյություն ունեցող տարբեր թեւերի դիրքային պայքար է ընթանում, ոմանք իշխանությունն ամբողջովին վերցնելու հավակնություններ ունեն: Հստակ կարելի է արձանագրել, որ այս պահի դրությամբ ամենաուժեղը Սերժ Սարգսյանի գլխավորած թեւն է: Իրեն բնորոշ հակակշիռների եւ զսպող մեխանիզմների միջոցով երկրի ղեկավարը շախմատային հաշվեկշռված քայլերով իր ազդեցության տակ է պահում թե ՀՀԿ երիտթեւին, թե գործարար հատվածին եւ թե այլ շերտեր: Նա յուրայինների նեղ շրջանակ ունի, որոնք իրենց հերթին ազդեցության դաշտ են ստեղծել: Հաջորդ ազդեցիկ թեւը գտնվում է ռուսաստանաբնակ միլիոնատեր Սամվել Կարապետյանի ազդեցության տիրույթում, որի այսպես կոչված կառավարիչը վարչապետ Կարեն Կարապետյանն է: Սամվել Կարապետյանի դերակատարման պայմաններում տեղի ունեցավ վարչապետափոխությունը, հիշենք նաեւ, որ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշումն էլ կայացվեց նրա քավորությամբ՝ Հովիկ Աբրահամյանի տանը Հայաստանյան քրեաօլիգարխիայի մի շրջանակի վրա տաշիրցի գործարարի ազդեցությունը ակնհայտ է: Այդ ազդեցությունը կրում է նաեւ ռուսական դրոշմը, Կարապետյան դուետը ռուստանյան շրջանակների համակրանքն են վայելում եւ հետեւաբար համարվում նրանց ներկայացուցիչները Հայաստանում: Թերեւս այդ հանգամանքով բացատրվեց վարչապետափոխությունից հետո լայն թափով զարկ տրված կադրային փոփոխություններին, պաշտոններին հրաժեշտ տվեցին անգամ Սերժ Սարգսյանի սիրելիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին տեղավորվում բարեփոխումների ծրագրում եւ սոլիդ վարչապետի ղեկավարած նույնպիսի կառավարությունում: Իհարկե,այդ ամենը չէր արվում Սերժ Սարգսյանի կամքին հակառակ ու դուրս էր նրա ծրագրերից, խնդիրն այն է, որ նրա նախագծած իշխանությունում ուժերի բալանսավորումն այնպիսի է, որ հարկ եղած դեպքում մեկի միջոցով հնարավոր է խժռել մյուսին…Սակայն այս թեւը որքան էլ ուժեղ է տնտեսական ու ֆինանսական հարթությունում, նույնքան թույլ է քաղաքական քայլերում, դրանք գրեթե բացակայում են, ուստի միայնակ հավակնել ամբողջական իշխանության, այստեղ չեն կարող: Իշխանության ներսում հավակնում է դերակատար դառնալ նաեւ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը քաղաքական ընդդիմադիր հայտ է ներկայացրել ու որի շուրջ համախմբվել են ազատամարտիկներ: Ուշագրավ է, որ իշխանության սպասարկու գեներալները դեռեւս լռում են ու այս առումով հետաքրքրական է ԵԿՄ-ի կարծիքը, որը հզոր ուժի կրող է եւ ընտրություններին լուրջ դերակատար կարող է դառնալ: Բայց հասկանալի է, որ Սեյրան Օհանյանի ցատկն էլ, մինչեւ Սերժ Սարգսյանն է ու կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի պրոյեկտումով է առաջ եկել այդ ուժը, որը հարկ եղած պահին հզորանալու լուրջ պոտենցիալ ունի: Այս համատեքսոտւմ պետք է հիշատակել նաեւ Գագիկ Ծառուկյանին, որի վերադարձը կարծես այլընտրանք չունի, գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը գրեթե անբաժանելի զույգ են դարձել, հրապարակային միջոցառումներին համատեղ մասնակցելուց զատ նրանք անձնական ջերմ շփումներ ունեն, ուստի վերադարձի դեպքում Ծառուկյանը նախկին ընդդիմադիր կարգավիճակն ընդունել հաստատ չի կարող, սա ըստ էության գիտակցում են նաեւ սցենարի հեղինակները, ուստի պահուստային աթոռին պահում են Սեյրան Օհանյանին, որպեսզի Ծառուկյանի տարբերակը չաշխատելու դեպքում խաղի մեջ մտցնեն Սեյրան Օհանյանին: Հովիկ Աբրահամյանը թեպետ պաշտոնանկության, սակայն ունի որոշակի ազդեցություն որոշակի շրջանակների վրա, իշխանության ներսում նրա գլխավոր դերը, անշուշտ, Գագիկ Ծառուկյանի վրա ունեցած ազդեցությունն էր, որով նա կարողանում էր իշխանության ներսում իր դիրքերն ամրապնդել, մանեւրել այդ ազդեցության թուլացումով, կամ հակառակը, բայց հիմա այդ ազդեցությունը Հովիկ Աբրահամյանը այլեւս կորցրել է, քանզի այն վերցրել է Սերժ Սարգսյանը, ով հաշվենկատորեն այդպիսով փորձում է վնասազերծել նաեւ Հովիկ Աբրահամյանին: Սերժ Սարգսյանի իշխանությանը ռեալ վտանգ կարող է ներկայացնել Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան դաշինքը, որը գրեթե անհավանական է թվում մի շարք հանգամանքներով, նախ Հովիկ Աբրահամյան-Սամվել Կարապետյան տիրույթում առկա է նեղացվածության փաստը՝ պայմանավորված պաշտոնանկության հանգամանքով, ապա նաեւ Գագիկ Ծառուկյանն է ամբողջությամբ վերցված Սերժ Սարգսյանի ազդեցության տակ: Վերջինը հասկանում է, թե այդ միասնությունը ինչի կարող է հանգեցնել, դրանով պայմանավորված նաեւ Սեյրան Օհանյանի գործոնն է պատրաստ պահում:

Անի Սահակյան

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...