Լրահոս

Գագիկ Ծառուկյանը հռչակվեց ընդդիմություն

 

Սերժ Սարգսյանը ապրիլի 3-ին խորհրդարանի ընտրության գործընթացի վերաբերյալ արած հայտարարության մեջ Ծառուկյան դաշինքը փաստացի հռչակեց ընդդիմություն:«Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդա­րանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքի համաձայն ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, Ծառուկյան դաշինքը՝ 30 մանդատ, ԵԼՔ-ը՝ 9 մանդատ, իսկ ՀՀԿ հետ կոալիցիոն համաձայնության մեջ գտնվող ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Այդպիսով, ՀՀԿ-ն ունի միանձնյա կառավարություն կազմելու հնարավորություն:

Սերժ Սարգսյանը խոսում է ընդդիմության պատկառելի ներկայացվածության մասին:Հազիվ թե ԵԼՔ դաշինքի 9 մանդատը 101 մանդատների շարքում համարվի «պատկառելի»: Այդ 9 մանդատը գործնականում չի որոշում ոչինչ: Պատկերը պատկառելի չի ստացվի, թե անգամ դրան գումարվի ՀՅԴ 7 մանդատը:

Թեեւ դա միայն տեսական է, քանի որ ՀՅԴ մանդատները եթե գումարվեն որեւէ մեկին, ապա դա կլինի կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն:

Ըստ այդմ, մնում է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանն «ընդդիմության պատկառելի ներկայություն» ասելով նկատի ուներ Ծառուկյան դաշինքը, որի ներկայությունն իրապես այնքան է, որ կարող է համարվել պատկառելի: Ծառուկյան դաշինքն ունի 30 մանդատ: Դա չի խանգարի ՀՀԿ մեծամասնության կառավարմանը, սակայն թե Սահմանադրությունն է նախատեսում մի շարք դեպքեր, երբ հարկ կլինի այդ մանդատների աջակցությունը, թե ներքին քաղաքական-համակարգային իրողությունները ենթադրում են իրավիճակներ, երբ Ծառուկյանի մանդատները կունենան կարեւոր նշանակություն: Այդ իրավիճակներում թե հատկապես ու՞մ համար, ՀՀԿ ո՞ր թեւի համար, դա իհարկե այլ հարց է:Այդպիսով, ակնառու է, որ Սերժ Սարգսյանն ընդդիմություն է հռչակում մի ուժ, կամ մի գործչի առաջնորդած ուժ, որի ներկայությունը քաղաքական դաշտում 2015 թվականի փետրվարին հռչակում էր չարիք կամ կրկես:

Սակայն, «իրական քաղաքականության» ռեժիմում հասկանալի է, որ 2015 թվականին Սերժ Սարգսյանի խնդիրն ամենեւին Ծառուկյանը չէր, այլ նրա թիկունքում բացահայտ կամ ստվերային խաղ ծավալող առաջին եւ երկրորդ նախագահներն ու չորրորդ նախագահի թեկնածուն՝ Հովիկ Աբրահամյանը:Այժմ Ծառուկյանը քաղաքականության մեջ ինքն է, ինչը նշանակում է Սերժ Սարգսյանի համար միանգամայն կանխատեսելի իրավիճակ, սուբյեկտ, որի հետ պայմանավորվելը Սարգսյանի համար լուրջ խնդիր չէ, եթե այդ սուբյեկտը չի կառավարվում մի քանի կետից, այլ ինքն է՝ իր խնդիրներով ու շահերով:

Այդպիսով, Ծառուկյանը հռչակվում է ընդդիմություն, այն էլ իշխանության ամենաբարձր մակարդակով: Այդ առումով հիշարժան է Սերժ Սարգսյանի ելույթը նոյեմբերին ՀՀԿ համագումարում, քաղաքական դաշտի խոշորացման եւ ընդդիմություն-իշխանություն հստակեցման մասին հայտարարություններն այդ ելույթում:Փաստացի, ապրիլի 2-ի քվեարկությամբ Սերժ Սարգսյանը կատարում է այդ դրույթների ուղղությամբ առնվազն մեկ կամ մի քանի քայլ:

Փաստորեն, իշխանություն-ընդդիմություն գիծը քաշվում է ՀՀԿ-Ծառուկյան դաշինքի շրջանակում:Ժամանակավո՞ր գիծ է դա, երբ Ծառուկյանը կլինի համակարգի այսպես ասած ընդդիմադիր «ժամապահը», այն ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը կփորձի արդեն ՀՀԿ ներսում լուծել իր անմիջական հարցերը՝ կապված իշխանության ձեւավորման հետ: Այդ գործընթացը կարող է բերել համակարգի նոր բաժանման, երբ Ծառուկյանն այլեւս որպես երկրորդ բեւեռ կարող է կորցնել հրատապությունն ու կենսունակությունը:Կամ էլ համակարգի նոր բաժանումը կարող է հանգեցնել հենց Ծառուկյան դաշինքի կամ բեւեռի տրանսֆորմացման եւ սոցիալ-բարեգործականից դեպի քաղաքական բեւեռ տրանսֆորմացման ինստիտուցիոնալացման:

lragir.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing