Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կորոշի նիստից մեկ օր առաջ

 

Մեր զրուցակիցն է Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը։ Նա 12 պատգամավորներից մեկն է, ով դիմեց ԿԸՀ՝ հայտարարելով, որ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և ստացավ իր մանդատը
Պարոն Ազիզյան, ի վերջո գնալո՞ւ եք ԱԺ, թե մանդատը վայր կդնեք։ Դաշինքում շարունակվո՞ւմ է լարվածությունը։
Ամեն ինչ նորմալ է։ Իհարկե Ծառուկյանը կհավաքի կորոշի։ Որևէ լարվածություն և խնդիր չկա։ Ամեն ինչ շատ լավ է։
Դեռ փաստորեն չեք հավաքվել, Ծառուկյանը դեռ չի որոշել։
Հավանաբար ամսի 17-ին հավաքվենք, որոշենք։
Այսինքն՝ Ազգային ժողովի առաջին նիստից միայն մեկ օր առաջ պարզ կդառնա՝ ԱԺ գալի՞ս եք, թե ոչ։
Հավանաբար։
Քաղաքապետի ընտրություններին 40,99 տոկոս մասնակցություն արձանագրվեց։ Ի՞նչն էր հանրության անտարբերության պատճառը։
Իհարկե, եթե Ծառուկյան դաշինքն այս ընտրություններին մասնակցեր, պատկերը բոլորովին այլ կլիներ։
Երկրում ահռելի խնդիրներ կան կուտակված։ ԱԺ-ի ամբիոնից խոսելո՞ւ եք, վեր հանելո՞ւ եք այդ խնդիրները։
Մենք ունենք 15 կետից բաղկացած ծրագիր։ Բնականաբար ԱԺ 105 պատգամավորից 31-ը Ծառուկյան դաշինքից քիչ չէ, և մենք փորձելու ենք իրականացնել մեր ծրագրերը, և ժողովուրդն իրոք փոփոխություններ կզգա։
Դուք Ձեզ ընդդիմադիր եք համարում, թե ոչ։ Շատ հաճախ ԲՀԿ-ն ԱԺ ամբիոնից ընդդիմադիր ելույթներ է ունեցել, սակայն այս կամ այն նախագիծը քվեարկելիս այլ պատկեր է եղել։
Միշտ ասել եմ՝ ընդդիմություն թե իշխանություն, բոլորի անելիքը մեկ բան պետք է լինի, որ երկրում պետք է փոփոխություններ լինեն, և ժողովուրդն իր մաշկի վրա զգա այդ փոփոխությունները։ Եթե արդեն քվեարկություն լինի, որ ընդունվելուց հետո օգուտ կբերի մեր հանրությանը, դա այլ բան է։ Պետք չէ սև ակնոց դնել և ամեն ինչին սև ակնոցներով նայել։ Այն, ինչ ժողովրդի և ժողովրդի շահերի համար է լինելու, բնականաբար կողմ կքվեարկվի։
Օրինակ՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը, որտեղ հանրային շահ չկար, ԲՀԿ-ն միաձայն կողմ քվեարկեց։ Եթե Դուք ԱԺ-ում լինեիք այդ ժամանակ, ինչպե՞ս կքվեարկեիք։
Որ լինեի, կքվեարկեի կտեսնեիք։ Մենք շատ խորը գնացինք, դուք ԱԺ-ում այդ հարցերը կտաք, կպատասխանեմ։
Ամեն դեպքում, թուլացա՞ծ է ԱԺ մտնում Ծառուկյան դաշինքը, թե ոչ։ Շատերը նշում են, որ սա իշխանության գծած սցենարն էր։
Գագիկ Ծառուկյանը չի կարող ինչ-որ տեղ թուլացած գնալ։ Նա էությամբ է ուժեղ մարդ, և նա չի կարող թուլացած ինչ-որ տեղ գնալ։ Նա որտեղ ձեռք է տալիս, չորացած տեղն էլ կանաչում է։ Եվ Գագիկ Ծառուկյանի առավելություններից մեկն էլ այն է, որ եթե ինչ-որ բան անում է, ուրեմն անում է փայլուն և գերազանց։
2015-ին, օրինակ, կես ճանապարհից հետ է կանգնել…
Այդ ժամանակ այնքան ժողովուրդ էր հավաքվելու, դառնալու էր անկառավարելի ամբոխ, որն ունենալու էր շատ վատ հետևանքներ։ Եվ եթե ոմանք Գագիկ Ծառուկյանի կողմից սա դիտարկում են հետքայլ, ոմանք էլ դիտում են, որ նա շատ խելոք քայլ արեց, որպեսզի արյունահեղություն չլինի, որովհետև ցանկացած բան ինքնանպատակ չպետք է լինի, այլ պետք է վերջնական արդյունքին նայել՝ ինչ կլինի։ Դրա համար,կարծում եմ, որ նա այն ժամանակ շատ ճիշտ արեց։

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing