Լրահոս

Գագիկ Ծառուկյանը մարտահրավեր է նետել

 

arm148739980181

«Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է իր 15 առաջնահերթ քայլերը: Սա ըստ էության սոցիալական ամբողջական փաթեթ է, որն էապես կարող է թեթեւացնել սոցիալական բավական մեծ շերտերի վիճակը, փոքր ու միջին ձեռնարկությունների տնտեսվարման պայմանները:Ծրագրում կա երկու կետ, որոնք վերաբերվում են էլեկտրաէներգիայի ու գազի սակագների կտրուկ նվազմանը: Նշված չէ իհարկե, թե այդ «կտրուկ նվազեցման» արդյունքում ինչ սակագներ են նախատեսվում, սակայն այս կետերը ուշագրավ են մի շարք հանգամանքներ հաշվի առնելով:Էներգետիկայի ոլորտը Ռուսաստանի գրեթե մենաշնորհն է Հայաստանում, թեեւ ՀԷՑ-ը Ռուսաստանը վաճառեց Սամվել Կարապետյանին: Տարիներ ի վեր այս ոլորտներում գնագոյացման մեխանիզմը մնում է խորհրդավոր շղարշի տակ, հանրությանն այդպես էլ հստակ պատճառաբանություններ չեն ներկայացվում գործող սակագների վերաբերյալ:

Փոխարենը, բացահայտվում են այս ոլորտներում «կորուստների», գողության, կոռուպցիայի ահռելի մասշտաբները, խոշոր տնտեսվարողների արտոնյալ պայմանները՝ երբ նրանք չեն վճարում իրենց բիզնեսների ու առանձնատների սպառած էլէներգիայի ու գազի դիմաց:Հանրությունը, մասնագետները համոզված են, որ «կորուստներն» ու գողությունը ներառվում են սակագների մեջ, որն էլ վճարում է բնակչությունը, այդպիսով ապահովելով գերշահույթներ այս ընկերությունների համար:Գազի ու էլէներգիայի սակագները նվազեցնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել Հովիկ Աբրահամյանն ու նրան փոխարինած Կարեն Կարապետյանը, սակայն մի պայմանով՝ պետք է այնպես անել, որ Գազպրոմի ու ՀԷՑ-ի գերշահույթները չնվազեն: Դա թերեւս Ռուսաստանի պայմանն էր: Կարեն Կարապետյանը նույնիսկ մի քանի գործոն նշեց, թե ինչի հաշվին կարող են նվազել սակագները:
Գագիկ Ծառուկյանի ծրագրային դրույթը սակայն ենթադրում է, որ այդ ընկերությունների շահույթները նվազելու են: Սա ինչ որ առումով մարտահրավեր է Ռուսաստանին՝ մի կողմից, եւ Սամվել ու Կարեն Կարապետյաններին՝ մյուս կողմից:Այս վերջին հանգամանքն իր հերթին նշանակալի է Հայաստանի վերջին շրջանի ներիշխանական զարգացումների համատեքստում: Հայաստանում իշխանության «անցման» շրջանն է, որտեղ մի քանի խմբավորումներ պայքարում են նոր ստատուս-քվոյի ձեւավորման գործընթացում առավելագույն դիրքերի, այդ թվում իշխանության համար: Մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն խառնել է Կարապետյանների ծրագրերը:

Իր հերթին, նշվում էր, որ Սերժ Սարգսյանի համար Ծառուկյանի գործոնը որոշակի «հավասարակշռող» դեր կարող է ունենալ նոր ստատուս-քվոյի ձեւավորման շրջանում:Մյուս կողմից, այս կետերն ընդամենը նախընտրական խոստումներ են, եւ դրանց չիրականացումը հետագայում կարող է բացատրվել նրանով, որ դաշինքը չունի ամբողջական իշխանություն: Սակայն հանրության համար իհարկե միանշանակ դրական կլիներ, եթե դրանք իրագործվեին: Առավել եւս, որ սակագները կտրուկ նվազեցնելու համար բոլոր ողջախոհ հիմքերը կան:Ծառուկյանի ծրագրում կա մի ուշագրավ կետ՝ «7. «Ծառուկյան» դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի և կարմիր գծերի վերացումը»: Սերժ Սարգսյանի մերձավորների հետ կապվող այս գերշահութաբեր բիզնեսներն արդեն «պետականացվել» են, իսկ մյուս կետերի պարագայում չի նշվում ««Ծառուկյան» դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության…» պարագան:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing