Գագիկ Ծառուկյանի ազատագրումը. նա չի մոռացել Քոչարյանի արածը

88

Խորհրդարանի Ծառուկյան խմբակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը վայր դնելու մասին դիմումին: Խմբակցությունը լրատվամիջոցներին հորդորում է չփնտրել քաղաքական ենթատեքստ, ասելով, թե Բոստանջյանը մանդատը վայր է դնում առողջական խնդիրների պատճառով, առողջության վերականգնմանը երկարատեւ ժամանակ հատկացնելու համար:

Մամուլում եղավ տեղեկություն, որ Վարդան Բոստանջյանին մանդատը վայր դնելու հորդոր է արել Գագիկ Ծառուկյանը, այն բանից հետո, երբ Բոստանջյանը իր հարցազրույցում սխալ է գնահատել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը այդ թեմայով գերադասում են հղում անել իրավական գործընթացին եւ ասել, թե չեն ցանկանում գնահատել տեղի ունեցածը, քանի դեռ այդ տիրույթում է:

Հաշվի առնելով այն, որ մի քանի ուժեր արդեն իսկ մտահոգություն են արտահայտել, որ իրավական հիմքերը խարխուլ են, ու նաեւ այդպիսի հայտարարություններ են արել Քոչարյանի փաստաբանները, Ծառուկյանի դիրքորոշումը առավել քան քաղաքական է՝ ընդգծել խնդրի իրավականությունը: Դա ըստ էության դեմարշ է Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Սակայն միանգամայն հասկանալի դեմարշ: Ռոբերտ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանին մենակ էր թողել Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի, Դաշնակցության դեմ, 2015 թվականի փետրվարին, երբ Սարգսյանը կոշտ հարված հասցրեց Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանը դա չի մոռանում, հաշվի առնելով եւ այն, որ գործնականում հենց Ռոբերտ Քոչարյանն էր նաեւ նրան Վարդան Օսկանյանի օգնությամբ ներքաշել Սերժ Սարգսյանի հետ արմատական դիմակայության մեջ եւ հասցրել բանը Սարգսյանի հակահարվածին:

Սերժ Սարգսյանը այդ մասին ասում էր փետրվարի 12-ի իր հայտնի ելույթում գրեթե բաց ակնարկով, ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանը գործիք է այլոց ձեռքին եւ ինքն էլ չի պատկերացնում, թե ինչ է անում:

Ծառուկյանը ըստ էության մնաց մենակ: Հետո Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին բացատրեց նրան, թե ինչ է կատարվել, եւ դրանից հետո Ծառուկյանը Սարգսյանի հետ ուներ լավ հարաբերություն: Ու թերեւս հենց 2015-ի դասն է, որ Գագիկ Ծառուկյանին ներկայում Ռոբերտ Քոչարյանի հարցում մղում է զգուշավորության:

Մյուս կողմից, խնդիրը բավական նուրբ է, որովհետեւ Քոչարյանին աջակցելը կարող է դիտվել «հանցակցություն», առավել եւս, որ Գագիկ Ծառուկյանի անունը կար նաեւ Մարտի 1-ի հայտնի ցուցակում: Ըստ դրա, որ հրապարակել էր ՀԱԿ-ը, Գագիկ Ծառուկյանի թիկնազորն էլ Մարտի 1-ին զենք էր ստացել, հանդերձանք եւ մի շարք այլ օլիգարխների թիկնազորների հետ գործել ժողովրդի դեմ: Ցանկում էին Լիսկան, Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի Վաչոն, Ալրաղացի Լյովիկը եւ այլն:

Հետո իհարկե այդ ցանկի վերաբերյալ էլ առաջացել էին հարցեր, թե ինչպես այնտեղ չեն հայտնվել ուրիշ օդիոզ դեմքեր, օրինակ Ռուբեն Հայրապետյանը: Միեւնույն ժամանակ, հետագա տարիներին իր իսկ ցուցակը ՀԱԿ-ին չխանգարեց դաշնակցել Գագիկ Ծառուկյանի, անուղղակի փաստորեն նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Օսկանյանի միջոցով, ու Ծառուկյանին Սերժ Սարգսյանի հետ անհամաձայնության հարցում մղել արմատական ճանապարհ:

Ծառուկյանը թավշյա հեղափոխությունից հետո դիրքավորվել է սպասումով: Նրան ըստ երեւույթին հավաստիացնում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմը վաղ թե ուշ կորցնելու է մեծ վարկանիշը, եւ գալու է իր հերթը: Այդպես ի դեպ նաեւ Հովիկ Աբրահամյանին էին հավաստիացնում, որ Սերժ Սարգսյանը հեռանալու է եւ գալու է Աբրահամյանի հերթը: Նրա հերթը եկավ, բայց իշխանությունից հեռանալու, ոչ թե իշխանություն ժառանգելու հերթը:

Ծառուկյանի հերթն էլ կգա, բայց ավելի շուտ քաղաքականությունից հերթական անգամ անփառունակ եւ արդեն անդառնալի հեռանալու, քան իշխանություն ժառանգելու: Համենայն դեպս դա անխուսափելի կլինի, եթե Ծառուկյանը սպասում է իր հերթին, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցող փոփոխության մասշտաբը շատ ավելին է իր հետագա թե ներքին, թե արտաքին քաղաքական էֆեկտով, քան կարող էր թվալ Գագիկ Ծառուկյանին Մարիոտում Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 2-ի հանդիպմանը:

Այդ մասշտաբը ենթադրում է Հայաստանի խորքային վերբեռնում, ոչ թե միայն իշխանական: Իսկ խորքային վերբեռնումը ենթադրում է բոլորովին նոր որակի քաղաքական ուժեր եւ համակարգ, ինչն էլ իր հերթին ենթադրելու է Գագիկ Ծառուկյանի համար ազատագրում քաղաքականությունից, այն քաղաքականությունից, ուր նրան տարբեր նկատառումներից ու հաշվարկներից ելնելով մղել էին թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը: Անխոս է, որ Ծառուկյանը գնացել է դրան իր կամքով, իհարկե շահերի բերումով, բայց քաղաքականության մեջ նա իրեն ակնհայտորեն անհարմարավետ է զգացել:

Ժամանակը եւ փոփոխությունների տրամաբանությունը Գագիկ Ծառուկյանին տալիս են քաղաքականությունից ազատագրվելու եւ պարզապես սեփական բիզնեսով զբաղվելու հնարավորությունը, այսինքն քաղաքականությունից ժամանակին եւ պատվով հեռանալու հնարավորությունը: Քաղաքականության մեջ մնալու եւ հերթին սպասելու մոտեցումն այդ պարագայում այլ բան չէ, քան «ստոկհոլմյան սինդրոմ»: Մինչդեռ Ծառուկյանին պետք է ընդամենը նպաստել համակարգային վերափոխումների արագությանն ու ծավալին, քաղաքականության «պատանդի» կարգավիճակից ազատագրումը ավարտին հասցնելու համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache